Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ/6966/05/16

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6966/05/16

Նախագահող դատավոր՝  Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝

 Կ. Մաթևոսյան

 Կ. Ավետիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 16-ին,

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.11.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գայանե Շալունցի ընդդեմ Ծառայության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` Ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի թիվ 46-ԱԿ-1 հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», 03.10.2014 թվականի թիվ 168-ԱԿ հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» և 03.10.2014 թվականի թիվ 167/1-ԱԿ հրամանը` Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին, վերացնելու (անվավեր ճանաչելու), Գայանե Շալունցի խախտված իրավունքը վերականգնելու, այն է` Գայանե Շալունցին իր նախկին աշխատանքին (զբաղեցրած պաշտոնին) վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից նրա միջին աշխատավարձը գանձելու, նշված բողոքարկումների շրջանակներում Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցված պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին Խորհրդի 19.09.2014 թվականի թիվ 876-Ա որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Շալունցը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի թիվ 46-ԱԿ-1 հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», 03.10.2014 թվականի թիվ 168-ԱԿ հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» և 03.10.2014 թվականի թիվ 167/1-ԱԿ հրամանը` Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին, վերականգնել Գայանե Շալունցի խախտված իրավունքը, այն է` Գայանե Շալունցին վերականգնել իր նախկին աշխատանքին (զբաղեցրած պաշտոնին), ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից գանձել նրա միջին աշխատավարձը, նշված բողոքարկումների շրջանակներում վերացնել Խորհրդի 19.09.2014 թվականի թիվ 876-Ա որոշումը` Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 20.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ անվավեր են ճանաչվել «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» Ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի թիվ 46-ԱԿ-1, «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» 03.10.2014 թվականի թիվ 168-ԱԿ, «Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին» Ծառայության 03.10.2014 թվականի թիվ 167/1-ԱԿ հրամանները, ինչպես նաև Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցված պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին Խորհրդի 19.09.2014 թվականի թիվ 876-Ա որոշումը: Վճռվել է Ծառայությանը պարտավորեցնել նույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Գայանե Շալունցին վերականգնել իր պաշտոնում, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 03.10.2014 թվականից մինչև նախկին պաշտոնում վերականգնելու ամսաթիվը, Ծառայությունից գանձել Գայանե Շալունցի միջին աշխատավարձը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2018 թվականի որոշմամբ Խորհրդի, ՀՀ ֆինանսների նախարարության, Ծառայության կողմից բերված վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` Դատարանի 20.09.2017 թվականի վճիռը` Խորհրդի 19.09.2014 թվականի թիվ 876-Ա որոշումը վերացնելու պահանջի մասով, բեկանվել է և այդ մասով վարչական գործի վարույթը կարճվել է, մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Արայիկ Պարոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Շալունցը (ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը):

 

 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 09.01.2002 թվականին և ուժը կորցրել է 01.07.2018 թվականին) 23-րդ հոդվածի «ա» և «դ» կետերը, 32-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 22.11.2002 թվականի թիվ 124-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական քննություն անցկացնելու» կարգի դրույթները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու համաձայնությունը ստանալու համար Ծառայության աշխատակազմի կողմից Խորհուրդ է ներկայացվել «Ծառայողական քննություն անցկացնելու մասին» դիմում, որի հիմքում դրվել է հայցվորի կողմից ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմնավորող` Ծառայության աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծական վարչության կողմից Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնում իրականացված ուսումնասիրության արդյունքներով կազմված տեղեկանքը: Նշված տեղեկանքով հստակ արձանագրված խախտումների բնույթը և ծավալը միանշանակ հիմք են հանդիսացել Գայանե Շալունցի նկատմամբ նշված կարգապահական տույժի միջոցը կիրառելու` տվյալ դեպքում այն կիրառելու նպատակով համաձայնություն ստանալու համար:

Ծառայողական քննության արդյունքներով Խորհրդի կողմից կազմված եզրակացությամբ, ըստ էության, հիմնավորվել են հայցվորի կողմից իր ծառայողական պարտականություներն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` Ծառայության աշխատակազմի դիմումով նշված փաստերը: Խորհուրդը ծառայողական քննության արդյունքների հիման վրա տվել է համաձայնություն` Գայանե Շալունցի նկատմամբ կարգապահական տույժի այդ տեսակը կիրառելու համար: Ավելին` ծառայողական քննությամբ պարզվել է նաև, որ հայցվորը չի կատարել Ծառայության պետի տեղակալի 25.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6746-14 գրությամբ տրված հանձնարարականը, այն է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղեկանքով արձանագրված ավել վճարված կենսաթոշակի գումարները վերականգնելու ուղղությամբ և Գ. Վանյանի գործով ավել վճարված գումարը վերականգնելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել:

Անհերքելի է այն փաստը, որ հայցվորի կողմից վերը նշված հանձնարարականը չի կատարվել, ինչը հանդիսացել է հայցվորին զբաղեցրած պաշտոնից ազատման համաձայություն ստանալու համար անցկացված ծառայողական քննության առարկա: Խորհրդի կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում կազմված եզրակացության մեջ հստակ նշված է, թե ինչն է հանդիսանում սահմանված կարգապահական տույժ կիրառելու հիմքը: Մինչդեռ Դատարանը գտել է, որ Գայանե Շալունցի կողմից ձեռնարկվել են որոշակի միջոցներ` ավել վճարված գումարները վերադարձնելու կապակցությամբ, այդուհանդերձ կատարված խախտումը և պատասխանատվությունը համաչափ չեն և նման պարագայում չի ապահովվում արդարացի հավասարակշռություն կատարված խախտման և նշանակված պատասխանատվության միջոցի և չափի միջև, իսկ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել այն կարևոր հանգամանքը, որ նշված խախտումները կրել են շարունակական բնույթ, որի հետևանքով ՀՀ պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կատարվել են կենսաթոշակի ոչ իրավաչափ վճարումներ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի` հայցվորի նախկին պաշտոնում վերականգնելու պահանջի մասով դատական ակտը, չի պարզել գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերակագնման հնարավորության հարցը և նշված փաստի վերաբերյալ անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու համար չի օգտվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված իր լիազորություններից: Գայանե Շալունցին աշխատանքից ազատելուց հետո այդ պաշտոնը զբաղեցնում է օրենքին համապատասխան անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը և այլևս անհնարին է այդ հաստիքը զբաղեցնող անձին ազատել աշխատանքից, քանի որ առկա չէ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում սահմանված քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից որևէ մեկը: Վերաքննիչ դատարանը պետք է պարզեր, թե կեղծ աշխատանքային ստաժ ներկայացնելու պայմաններում արդյոք հայցվորն առհասարակ իրավունք է ունեցել զբաղեցնելու վիճարկվող պաշտոնը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 23.11.2018 թվականի որոշումը`«վճիռն անփոփոխ թողնելու մասով, բեկանել, այն փոփոխել և հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքում չեն նշվել այնպիսի դատական սխալներ, որոնցով կհիմնավորվի, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, մասնավորապես բողոքաբերները չեն հիմնավորել, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, վճռաբեկ բողոքում չի նշվել, թե կոնկրետ, որ օրենքի հետ է կապված իրավունքի զարգացման խնդիրը, հետևաբար բացակայում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության աշխատակազմի ղեկավարի 13.10.2008 թվականի թիվ 1018-ԱԿ հրամանի համաձայն` Գայանե Շալունցը 13.10.2008 թվականից նշանակվել է Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի (ծածկագիր՝ 25/1-2.3-68) քաղաքացիական ծառայության պաշտոնում` ազատվելով Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 17):

2) Ծառայության աշխատակազմի ղեկավարի 04.08.2014 թվականի թիվ 770-Ա հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետի 04.08.2014 թվականի զեկուցագրի հիման վրա նույն վարչության մի շարք աշխատակիցներ գործուղվել են Գորիսի և Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ՝ Ծառայության պետի, տեղակալների, աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների կատարման նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով (հատոր 2-րդ, գ.թ. 69):

3) Ծառայության աշխատակազմի ղեկավարի 04.08.2014 թվականի թիվ 770-Ա հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության արդյունքում 20.08.2014 թվականին կազմվել է տեղեկանք, որի համաձայն՝ թվով 8 կենսաթոշակային գործերով արձանագրվել են ավել վճարված գումարներ և կենսաթոշակային օրեսնդրության այլ խախտումներ: Ուսումնասիրություն արդյունքում արձանագրվել է 3.349.929 ՀՀ դրամ ավել վճարում, որից` վերականգնվել է 980.648 ՀՀ դրամը (հատոր 2-րդ, գ.թ. 44-49):

4) Ծառայության պետի տեղակալը 21.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6612-14 գրությամբ Ծառայության աշխատակազմի Գորիսի տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցին հայտնել է, որ համաձայն Ծառայության աշխատակազմի ղեկավարի 04.08.2014 թվականի թիվ 770-Ա հրամանի՝ Գորիսի տարածքային բաժնում Ծառայության աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 3.349.929 ՀՀ դրամ ավել վճարում, որից` ուսումնասիրության ընթացքում վերականգնվել է 980.648 ՀՀ դրամը: Նշվածից ելնելով՝ հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ավել վճարված 2.369.281 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը վերականգնելու ուղղությամբ և ՀՀ պետական բյուջե վերականգնված լինելու վերաբերյալ անդորրագրերի լուսապատճենները կցել էլեկտրոնային գործերին: «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգում համապատասխան կենսաթոշակի գործերում կատարել ստաժների և կենսաթոշակի չափերի ուղղումներ, հանձնարարականի կատարման վերաբերյալ 3-օրյա ժամկետում հայտնել Ծառայության աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծության վարչություն՝ ներկայացնելով տարածքային բաժնի պետի և համապատասխան կատարող մասնագետների գրավոր բացատրությունները (հատոր 2-րդ, գ.թ. 61):

5) Գայանե Շալունցը 23.08.2014 թվականի թիվ 223 գրությամբ տվել է բացատրություն հետևյալի վերաբերյալ. «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգում համապատասխան կենսաթոշակի գործերում արդեն իսկ կատարվել են ստաժների և կենսաթոշակի չափերի ուղղումներ: Էդիկ Այվազյանին (Կենսաթոշակի գործ թիվ 14750D) ավել վճարված 513.955 ՀՀ դրամ գումարը ամբողջությամբ վերականգնվել է համապատասխան հաշվեհամարին։ Անդորրագիրը կցված է էլեկտրոնային գործին: Համլետ Գրիգորյանի (Կենսաթոշակի գործ թիվ 10145) մահից հետո վճարված 25.636 դրամը վերականգնվել է համապատասխան հաշվեհամարին։ Անդորրագիրը կցված է էլեկտրոնային գործին: Սոնա Նավասարդյանին (Կենսաթոշակի գործ թիվ 14481) կենսաթոշակի ավել վճարված 142.570 դրամ գումարից վերականգնվել է 70.000 դրամը։ 72.570 դրամ գումարը Սոնա Նավասարդյանը իր դիմումի համաձայն պարտավորվել է յուրաքանչյուր ամիս վերականգնել համապատասխան հաշվեհամարին: Կից ներկայացվել է Սոնա Նավասարդյանի կողմից ներկայացված դիմումը: Սեյրան Ղահրամանյանի (Կենսաթոշակի գործ թիվ 14661D) աշխատանքային գրքույկի գրառումը հիմք է ծառայել արտոնյալ պայմաններով թիվ 2 ցուցակով նախատեսված կենսաթոշակ նշանակելու համար: Գավրոշ Վանյանին (Կենսաթոշակի գործ թիվ 14833D) 12.06.2012 թվականին կենսաթոշակ է նշանակվել Թեղուտի միջնակարգ դպրոցի կողմից որպես ուսուցիչ աշխատելու մասին տրված տեղեկանքի հիման վրա, որտեղ նշված է, որ հիմնական աշխատանքի վայրը հանդիսանում է Թեղուտի միջնակարգ դպրոցը։ Արձանագրված գործը ենթակա է քննարկման։ Այդ իսկ պատճառով գումարը վերականգնելու համար միջոցառումներ չի ձեռնարկվել: Նշել է նաև, որ տալիս է բացատրությունն առ այն, որ ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ վերը նշված կենսաթոշակառուներից ավել վճարված կենսաթոշակի գումարները համապատասխան հաշվեհամարին հետ վերադարձնելու կապակցությամբ և ակնկալում է Ծառայության համաձայնությունը՝ ավել վճարված գումարները ժամանակացույցով վերականգնելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 63-64):

6) Ծառայության պետի տեղակալի 25.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6746-14 գրությամբ տեղեկացվել է, որ գրությամբ ներկայացված Գավրոշ Աշոտի Վանյանի կենսաթոշակի թիվ 14833D գործով առարկությունն ընդունելի չէ: Միաժամանակ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղեկանքով արձանագրված ավել վճարված կենսաթոշակի գումարները վերականգնելու ուղղությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 59-60):

7) Ի պատասխան 25.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6746-14 գրության՝ Ծառայության աշխատակազմի Գորիսի տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցը ներկայացրել է թիվ 14750D և 14661D կենսաթոշակի գործերի վերաբերյալ առարկման բացատրագիր (հատոր 2-րդ, գ.թ. 43):

8) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 02.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմում ծառայողական քննություն նշանակելու մասին» թիվ 811-Ա որոշմամբ, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, հիմք ընդունելով Խորհրդի 22.11.2002 թվականի` «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 124-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ և 7-րդ կետերի «բ» ենթակետերի, 9-րդ կետի պահանջները, ինչպես նաև Ծառայության աշխատակազմի ղեկավարի 28.08.2014 թվականի թիվ ՄՄ/ՇՇ/6849-14 դիմումի կապակցությամբ ներկայացված՝ Խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության պետի 01.09.2014 թվականի թիվ 15/5/3224-14 եզրակացությունը, որոշել է Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 25/1-2.3-68) Գայանե Շալունցի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված՝ «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Ծառայության աշխատակազմի ղեկավարի 28.08.2014 թվականի թիվ ՄՄ/ՇՇ/6849-14 դիմումի հիմնավորվածությունը պարզելու նպատակով Ծառայության աշխատակազմում նշանակել ծառայողական քննություն, որի անցկացումը հանձնարարել Խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության գլխավոր մասնագետներ Միքայել Եղիազարյանին և Արմինե Խալաֆյանին: Խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության գլխավոր մասնագետներ Միքայել Եղիազարյանի և Արմինե Խալաֆյանի կողմից 12.09.2014 թվականին կազմվել է թիվ 2500214 ծառայողական քննության նյութերի արդյունքներով եզրակացությունը, որով Խորհրդին առաջարկել են համաձայնություն տալ հայցվորի նկատմամբ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար, Օրենքի 32-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված՝ զբաղեցրած պաշտոնից ազատում, կարգապահական տույժը կիրառելուն (հատոր 2-րդ, գ.թ. 72-73, 75-78, գործին կից ներկայացված վարչական վարույթի նյութեր):

9) Խորհրդի 19.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին» թիվ 876-Ա որոշման համաձայն՝ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» և «զ» կետերով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 22.11.2002 թվականի` «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 124-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 38-րդ կետի «ա» ենթակետով, քննարկելով Ծառայության աշխատակազմի ղեկավարի 28.08.2014 թվականի թիվ ՄՄ/ՇՇ/6849-14 դիմումն ու դրա հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում տրված՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության 12.09.2014 թվականի թիվ 15/5/3407-14 եզրակացությունը՝ Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 25/1-2.3-68) Գայանե Շալունցի նկատմամբ, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված՝ «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն» (հատոր 2-րդ, գ.թ. 80-81):

10) Ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 46-ԱԿ-1 հրամանի համաձայն, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և հիմք ընդունելով Խորհրդի 19.09.2014 թվականի թիվ 876-Ա որոշումը, հրամայվել է Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցի նկատմամբ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար կիրառել «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը: Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառել ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը (հատոր 2-րդ, գ.թ. 79):

11) Ծառայության աշխատակազմի ղեկավարի 03.10.2014 թվականի «Գայանե Շալունցին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» թիվ 168-ԱԿ հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ (ծածկագիր՝ 25/1-2.3-68) Գայանե Շալունցը, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ոչ պատշաճ կատարելու համար, 03.10.2014 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 20):

12) Ծառայության պետի 03.10.2014 թվականի «Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին» թիվ 167/1-ԱԿ հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ (ծածկագիր՝ 25/1-2.3-68) Գայանե Շալունցը զրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից (հատոր 2-րդ, գ.թ. 74):

13) Համաձայն AG թիվ 221425 և AG թիվ 166827 անաշխատունակության թերթիկների՝ Գայանե Շալունցը 11.09.2014 թվականից մինչև 14.09.2014 թվականը և 15.09.2014 թվականից մինչև 26.09.2014 թվականը գտնվել է անաշխատունակության մեջ (հատոր 1-ին, գ.թ. 41-44):

 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ վերոնշյալ հոդվածները, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտները, դրա մեջ ներառել են նաև քաղաքացիական և պետական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները: Այսինքն` նշված ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները դուրս չեն աշխատանքային օրենսդրության կարգավորման շրջանակներից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառումը հանրային ծառայության նկատմամբ ամբողջական չէ, և հանրային ծառայությունը և դրա տեսակները կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են այդ իրավական ակտերով նախատեսված կանոնակարգումները: Այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հստակեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի տրամաբանության լույսի ներքո աշխատանքային օրենսգրքի դրույթները հանրային ծառայության ոլորտում կիրառվում են ոչ թե սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով, այլ հակառակը` դրանք նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման ոլորտում, և այդ հարցերի վերաբերյալ հանրային ծառայության օրենսդրության նորմերը պետք է կիրառվեն սուբսիդիարության (լրացուցիչ) կարգով` աշխատանքային հարաբերությունների ոլորտում դրանց միասնական և տարբերակված կարգավորման սկզբունքների հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ օրենսդրական վերոնշյալ կանոնակարգումը չպետք է դիտարկվի և մեկնաբանվի որպես հանրային ծառայության հետ կապված բոլոր իրավահարաբերությունների ներառում հանրային իրավունքի կարգավորման ոլորտում, քանի որ գործող օրենսդրական կանոնակարգումների ընդհանուր տրամաբանության համատեքստում հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում:

ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումները հիմնավորվում են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի և հանրային ծառայության և դրա տեսակները կարգավորող օրենսդրության համակարգային ուսումնասիրությամբ:

Մասնավորապես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ նույն oրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են նույն oրենսգրքով սահմանված կարգով: Հատուկ ծառայողների, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում նույն oրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերոնշյալ իրավական կարգավորումներն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավունքների և կանոնակարգումների դրսևորումներ են հանրային ծառայության ոլորտում, քանի որ վերոնշյալ կանոններն առավել մանրամասն նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, իսկ դրանց իրավակարգավորման հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է և հանրային ծառայության վերաբերյալ օրենքների համապատասխան դրույթները: Հետևաբար դրանք պետք է դիտարկվեն միասնության մեջ` որպես մեկ իրավակարգավորում (տե´ս, Անի Հակոբյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3246/02/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերի համաձայն՝ քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

դ) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն`

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.

ե) զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ.

զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

Կարգապահական տույժի մասին քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

3. Նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը համապատասխանաբար` նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի առաջարկությամբ:

Նույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ, իսկ նույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:

Նույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով և դեպքերում նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

5. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

6. Ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետի համաձայն` քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են` նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու համար տրված քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը:

Վկայակոչված նորմերից բխում է, որ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենսդիրը լիազոր մարմնին վերապահել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ համապատասխան կարգապահական տույժեր կիրառելու իրավասություն` միաժամանակ հստակ սահմանելով յուրաքանչյուր կարգապահական տույժ կիրառելու առանձնահատկությունները և ընթացակարգերը:

 Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Մասնավորապես` կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելուց առաջ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պահանջով կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն ներկայացնի: Օրենսդրի կողմից հստակ սահմանված են նաև վարչական տույժ կիրառելու և հանելու կարգը, ժամկետները, ինչպես նաև մանրամասնորեն սահմանված են, թե յուրաքանչյուր դեպքի համար ում առաջարկով և որ պաշտոնատար անձին է վերապահված իրավասություն կիրառելու վարչական տույժի կոնկրետ տեսակը: Մասնավորապես` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված` «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժի տեսակը կիրառելու իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գայանե Շալունցը 13.10.2008 թվականից զբաղեցրել է Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնը: Ծառայության պետի տեղակալն իր 21.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6612-14 գրությամբ Գայանե Շալունցին հայտնել է, որ համաձայն Ծառայության աշխատակազմի ղեկավարի 04.08.2014 թվականի թիվ 770-Ա հրամանի՝ Գորիսի տարածքային բաժնում Ծառայության աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 3.349.929 ՀՀ դրամ ավել վճարում, որից վերականգնվել է 980.648 ՀՀ դրամը:

 Նշվածից ելնելով` հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ավել վճարված 2.369.281 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը վերականգնելու ուղղությամբ և ՀՀ պետական բյուջե վերականգնված լինելու վերաբերյալ անդորրագրերի լուսապատճենները կցել էլեկտրոնային գործերին, «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգում համապատասխան կենսաթոշակի գործերում կատարել ստաժների և կենսաթոշակի չափերի ուղղումներ, հանձնարարականի կատարման վերաբերյալ 3-օրյա ժամկետում հայտնել Ծառայության աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծության վարչություն՝ ներկայացնելով տարածքային բաժնի պետի և համապատասխան կատարող մասնագետների գրավոր բացատրությունները: Գայանե Շալունցը 23.08.2014 թվականի թիվ 223 գրությամբ տվել է բացատրություն այն մասին, որ ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ վերը նշված կենսաթոշակառուներից ավել վճարված կենսաթոշակի գումարները համապատասխան հաշվեհամարին հետ վերադարձնելու կապակցությամբ և ակնկալում է Ծառայության համաձայնությունը՝ ավել վճարված գումարները ժամանակացույցով վերականգնելու վերաբերյալ: Ծառայության պետի տեղակալի 25.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6746-14 գրությամբ տեղեկացվել է, որ գրությամբ ներկայացված Գավրոշ Աշոտի Վանյանի կենսաթոշակի թիվ 14833D գործով առարկությունը ընդունելի չէ: Միաժամանակ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղեկանքով արձանագրված ավել վճարված կենսաթոշակի գումարները վերականգնելու ուղղությամբ: Ի պատասխան 25.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6746-14 գրության՝ Ծառայության աշխատակազմի Գորիսի տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցը ներկայացրել է թիվ 14750D և թիվ 14661D կենսաթոշակի գործերի վերաբերյալ առարկման բացատրագիր:

Խորհուրդը 02.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմում ծառայողական քննություն նշանակելու մասին» թիվ 811-Ա որոշմամբ, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, հիմք ընդունելով Խորհրդի 22.11.2002 թվականի` «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 124-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ և 7-րդ կետերի «բ» ենթակետերի, 9-րդ կետի պահանջները, ինչպես նաև Ծառայության աշխատակազմի ղեկավարի 28.08.2014 թվականի թիվ ՄՄ/ՇՇ/6849-14 դիմումի կապակցությամբ ներկայացված՝ Խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության պետի 01.09.2014 թվականի թիվ 15/5/3224-14 եզրակացությունը, որոշել է Գայանե Շալունցի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված՝ «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, Ծառայության աշխատակազմի ղեկավարի 28.08.2014 թվականի թիվ ՄՄ/ՇՇ/6849-14 դիմումի հիմնավորվածությունը պարզելու նպատակով Ծառայության աշխատակազմում նշանակել ծառայողական քննություն:

Խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության գլխավոր մասնագետների կողմից 12.09.2014 թվականին կազմվել է թիվ 2500214 ծառայողական քննության նյութերի արդյունքներով եզրակացությունը, որով Խորհրդին առաջարկել է համաձայնություն տալ հայցվորի նկատմամբ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված՝ «զբաղեցրած պաշտոնից ազատում», կարգապահական տույժը կիրառելուն:

Խորհրդի 19.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին» թիվ 876-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցի նկատմամբ, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված՝ «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն:

Այսպես՝ Ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ 46-ԱԿ-1 հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցի նկատմամբ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար կիրառվել է «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը: Որոշվել է Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառել ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Ծառայության աշխատակազմի ղեկավարի 03.10.2014 թվականի «Գայանե Շալունցին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» թիվ 168-ԱԿ հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցը, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ոչ պատշաճ կատարելու համար, 03.10.2014 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ծառայության պետի 03.10.2014 թվականի «Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին» թիվ 167/1-ԱԿ հրամանի համաձայն՝ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցը զրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից:

Սույն գործով Գայանե Շալունցը վիճարկել է Ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի թիվ 46-ԱԿ-1 հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», 03.10.2014 թվականի թիվ 168-ԱԿ հրամանը` «Գայանե Շալունցին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» և 03.10.2014 թվականի թիվ 167/1-ԱԿ հրամանը` Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին, և որպես հետևանք Գայանե Շալունցը խնդրել է վերականգնել իր խախտված իրավունքը, այն է` վերականգնել իր նախկին աշխատանքին (զբաղեցրած պաշտոնին), ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից գանձել նրա միջին աշխատավարձը:

Դատարանը, բավարարելով Գայանե Շալունցի հայցը, պատճառաբանել է, որ Գայանե Շալունցի կողմից ձեռնարկվել են որոշակի միջոցներ՝ ավել վճարված գումարները վերադարձնելու կապակցությամբ, այդուհանդերձ կատարված խախտումը և պատասխանատվությունը համաչափ չեն և նման պարագայում չի ապահովվում արդարացի հավասարկշռություն կատարված խախտման և նշանակված պատասխանատվության միջոցի ու չափի միջև: Անդրադառնալով Ծառայության աշխատակազմի ղեկավարի 25.08.2014 թվականի թիվ ՎԳ/ԱԱր/6746-14 գրությանը, որով Գայանե Շալունցին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղեկանքով արձանագրված ավել վճարված կենսաթոշակի գումարները վերականգնելու ուղղությամբ, Դատարանը փաստել է, որ այդ հանձնարարականում չեն նշվել, թե ինչ անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն հայցվորի կողմից, ինչպես նաև՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար չեն սահմանվել որոշակի ժամկետները: Արդյունքում հիմք է ընդունվել եզրակացությունում նշված թվով տասնվեց խախտումները չվերացնելու հանգամանքը, այն դեպքում, որ դրանց հիմքով հայցվորին պատասխանատվության ենթարկելու ժամկետները փաստացի բաց էին թողնված: Ուստի Դատարանը գտել է, որ վերը նշված հանձնարարականը որոշակի և հստակ պահանջներ չի պարունակել, իսկ դրանց չկատարման արդյունքում Գայանե Շալունցի նկատմամբ համապատասխան կարգապահական տույժը ենթակա չէր կիրառման: Այսպիսով Դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ և ենթակա է վերացման, որպիսի պայմաններում էլ վրա են հասնում Գայանե Շալունցի խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված մյուս պահանջները, որոնք ևս ենթակա են բավարարման:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Ծառայության, Խորհրդի և ՀՀ ֆինանսների նախարարության բողոքները, որոշել է Գայանե Շալունցն ընդդեմ Ծառայության և Խորհրդի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարության՝ Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցված պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին Խորհրդի 19.09.2014 թվականի թիվ 876-Ա որոշումը վերացնելու պահանջի մասով Դատարանի 20.09.2017 թվականի վճիռը բեկանել և վարչական գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժելով, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Գայանե Շալունցը խնդրո առարկա վարչական ակտերը վիճարկելիս վկայակոչել է իր կողմից 23.08.2014 թվականին տրված թիվ 223 բացատրությունը և Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի առաջատար մասնագետի բացատրագիրը, որով վերջինս ընդունել է, որ Գավրոշ Վանյանին մասնակի կենսաթոշակ նշանակվել է թյուրիմացաբար` հաշվի չառնելով համատեղության կարգով կատարված աշխատանքը և պատրաստ է կազմել ժամանակացույց և ավել վճարած գումարը վերականգնել: Հայցվորը վարչական ակտերը վիճարկել է այն հիմքով, որ կատարված իրավախախտման համար արդյոք համաչափ է վարչական մարմնի կողմից կիրառված ամենախիստ կարգապահական պատասխանատվությունը կիրառելը, այն պարագայում, երբ հայցվորը միջոցներ է ձեռնարկել ավել վճարած կենսաթոշակի գումարները վերադարձնելու ուղղությամբ:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ծառայության աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծության վարչության Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ

- կենսաթոշակի 8 գործով ավել վճարվել է 2.493.991 ՀՀ դրամ,

- ընթացիկ ամիսների վճարումների հետ տրվել են չհիմնավորված լրավճարներ,

- «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ լիազորագրով վճարվել է կենսաթոշակ,

- 6 կենսաթոշակի գործով կենսաթոշակառուի մահից հետո վճարվել է կենսաթոշակ և չեն ձեռնարկվել ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 670-Ն որոշմամբ սահմանված միջոցառումներ: Մասնավորապես` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարը կանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում` շահառուի դիմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, Ծառայության անունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չի ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, իսկ կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում` այդ մասին չի տեղեկացվել Ծառայությանը:

Ծառայության պետի 29.04.2012 թվականի թիվ 40 հրամանով «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգով կենսաթոշակների նշանակման-հաստատման գործառույթը վերապահվել է Ծառայության աշխատակազմի սոցիալական ապահովության տարածքային բաժինների պետերին, հետևաբար Գայանե Շալունցը պարտավոր էր ստուգել և հաստատել տարածքային բաժնի աշխատողների կողմից ներկայացված կենսաթոշակի գործերը, կամ թերությունների և սխալների առկայության դեպքում` վերադարձնել կատարողին, ինչը տվյալ դեպքում չի կատարվել:

Խորհրդի թիվ 2500214 ծառայողական քննության նյութերի արդյունքներով 12.09.2014 թվականին կազմվել է եզրակացություն հետևյալի մասին. Գայանե Շալունցի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով կենսաթոշակառուներին ավել է վճարվել 3.349.929 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 980.648 ՀՀ դրամը: Գայանե Շալունցի կողմից խախտվել են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 35-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 23.08.2012 թվականի «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 1081-Ն որոշման պահանջները: Վերոնշյալ եզրակացությամբ արձանագրվել է, որ ծառայողական քննությամբ հիմնավորվել է, որ Գայանե Շալունցը ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները: Մինչդեռ, քանի որ հայտնաբերված 8 կենսաթոշակային գործերով խախտումները կատարվել են մինչև 2014 թվականի մարտ ամիսը, այսինքն` իրավահարաբերության ծագման պահին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ հոդվածով սահմանված կարգապահական պատասխանատվություն կիրառելու համար սահմանված ժամկետն անցել է, ուստի դրանց համար կարգապահական տույժ չի կարող կիրառվել: Միաժամանակ ծառայողական քննությամբ պարզվել է, որ Գայանե Շալունցի կողմից չի կատարվել նաև Ծառայության պետի տեղակալի 25.08.2014 թվականի գրությամբ տրված հանձնարարականը, այն է` «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղեկանքով արձանագրված ավել վճարված գումարը (466.995 ՀՀ դրամ) վերականգնելու ուղղությամբ»:

Ամփոփելով վերոգրյալը՝ Խորհուրդը թիվ 2500214 ծառայողական քննության նյութերի արդյունքներով 12.09.2014 թվականին կազմված եզրակացությամբ գտել է, որ Ծառայության աշխատակազմի ղեկավարի կողմից ընտրված կարգապահական տույժի տեսակը՝ «զբաղեցրած պաշտոնից ազատումը», համարժեք է Գայանե Շալուցի կողմից կատարված կարգապահական խախտումների բնույթին ու հետևանքներին, ուստի Ծառայության աշխատակազմի ղեկավարի 28.08.2014 թվականի թիվ ՄՄ/ՇՇ/6849-14 դիմումը հիմնավոր է: Հետևաբար Խորհուրդն առաջարկել է համաձայնություն տալ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցի նկատմամբ, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված՝ «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Խորհրդի եզրակացությամբ արձանագրվել են նաև այլ խախտումներ, որոնց մի մասը ծառայողական քննության ընթացքում հայցվորի կողմից ձեռնարկված միջոցներով վերականգնվել են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից, որ հայցվորի կողմից թույլ տված վարչական իրավախախտումների մեծ մասի համար օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն կիրառելու համար սահմանված ժամկետներն անցած են եղել, իսկ դրանց մի մասն էլ սկսված ծառայողական քննության ընթացքում վերականգնվել են հայցվորի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, այնուամենայնիվ Գայանե Շալունցի` որպես Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի, իր վրա համապատասխան պաշտոնի անձնագրով վերապահված ծառայողական լիազորությունները վերազանցվել են, վերջինիս վրա դրված աշխատանքային պարտականությունները և գործառույթները կատարվել են ոչ պատշաճ կերպով, որի հետևանքով էլ Գայանե Շալունցի կողմից պարբերաբար թույլ են տրվել բազմաթիվ իրավախախտումներ, որոնք կրել են շարունակական բնույթ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս ատյանի այն պատճառաբանությունները, որ Գայանե Շալունցի նկատմամբ կիրառված իրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված` Խորհրդի համաձայնությամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելը համաչափ չէր հայցվորի կողմից թույլ տված իրավախախտմանը, անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վարչական վարույթի ընթացքում իրականացնելով փաստական հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննարկում, եզրահանգել է, որ Ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցի կողմից իր գործունեության ընթացքում պարբերաբար և շարունակական կերպով կատարվել են բավականին կոպիտ և լուրջ իրավախախտումներ: Վարչական մարմինը ծառայողական քննության արդյունքներով` պարզելով կատարված իրավախախտումների փաստական հանգամանքերը, օրենքով իրեն վերապահված կարգապահական պատասխանատվություն կիրառելու լիազորությունների սահմանների շրջանակում, համաչափորեն կիրառել է «զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս ատյանները, Ծառայությանը վերապահված լիազորության, այն է` կարգապահական տույժի տվյալ տեսակը կիրառելու իրավաչափության հարցը լուծելիս, եկել են այն անհիմն եզրահանգման, որ վարչական մարմինը հայցվորի նկատմամբ կիրառել է ոչ համաչափ կարգապահական տույժ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պետք է կարևորել ոչ թե այն փաստը, որ վարչական մարմնի կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումների մեծ մասի օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն կիրառելու վեցամսյա ժամկետն անցել էր և միայն մեկ կենսաթոշակային գործով էր հնարավոր կիրառել վարչական տույժ, այլ պետք է կարևորել այն էական հանգամանքը, որ հայցվորի վրա օրենքով դրված աշխատանքային պարտականությունները և գործառույթներն իրականացվել են բազմաթիվ կոպիտ խախտումներով: Այսինքն` Գայանե Շալունցի` որպես տվյալ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձի, աշխատանքային վարքագիծը` ծառայողական լիազորությունները վերազանցելու և աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքերը պետք է գնահատվեն համակցության մեջ, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ հայցվորի կողմից թույլ տրված խախտումները, միայն վարչական տույժ կիրառելու համար նախատեսված ժամկետի անցած լինելու հիմքով, չէին կարող գնահատվել ավելի մեղմ և բացասական ազդեցություն չունենալ Գայանե Շալունցի ընդհանուր աշխատանքային որակի վրա, քանի որ դրանք ունեն անձը բնութագրող հատկանիշներ: Ուստիև Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինը Գայանե Շալունցի նկատմամբ կիրառել է համաչափ պատասխանատվություն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի թիվ 46-ԱԿ-1 հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», 03.10.2014 թվականի թիվ 168-ԱԿ հրամանը` «Գայանե Շալունցին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» և 03.10.2014 թվականի թիվ 167/1-ԱԿ հրամանը` Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին իրավաչափ են և ընդունվել են օրենքի պահանջների պահպանմամբ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ սահմանադրական դատարանի 10072018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի վիճարկվող նորմերի համատեղ կիրառման շրջանակներում դատական ծախսերի բաշխման կանոնները չեն կարող մեկնաբանվել այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի՝ պետական տուրքի գծով արտոնություն ունեցող անձից այդ ծախսերը գանձվեն՝ ներառելով նաև վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Այն դեպքերում, երբ դատաքննության անբարենպաստ ելքով կամ օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով պայմանավորված դատավարության մասնակից այն սուբյեկտը, որն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի վճարման արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերն օրենքով նախատեսված հիմքերով հատուցելու պարտականություն՝ պահպանելով պետական տուրքի գծով արտոնությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Գայանե Շալունցն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, մինչդեռ Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար վճարվել է 50.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար վճարվել է 80.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից վճարված՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված 50.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար սահմանված 80.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով այն, որ օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ ինչպես դատարանի վճիռների և որոշումների, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների դեմ՝ անկախ գործի ելքից:

 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.11.2018 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 20.09.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և այն փոփոխել` Գայանե Շալունցի հայցը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014 թվականի թիվ 46-ԱԿ-1 հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», 03.10.2014 թվականի թիվ 168-ԱԿ հրամանը` «Գայանե Շալունցի նկատմամբ «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին» և 03.10.2014 թվականի թիվ 167/1-ԱԿ հրամանը` Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին, վերացնելու (անվավեր ճանաչելու), Գայանե Շալունցի խախտված իրավունքը վերականգնելու, այն է` Գայանե Շալունցին իր նախկին աշխատանքին (զբաղեցրած պաշտոնին) վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից նրա միջին աշխատավարձը գանձելու մասով, մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական: