«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006234
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ. |
N 342-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը փոփ. 18.09.12 թիվ 253-Ն)
1. Հաստատել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
(վերնագիրը խմբ. 27.04.21 թիվ 55-Ն)
1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին ուղեցույցը (այսուհետ՝ Ուղեցույց) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգող դեպքերը՝ կապված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում հայաստանյան մասնակիցների մասնակցության հետ:
2. Սույն Ուղեցույցի համաձայն հայաստանյան մասնակիցներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, և որոնք դիմել են Կենտրոնական բանկ՝ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար (այսուհետ՝ Հայաստանյան մասնակից):
3. Սույն ուղեցույցը չի տարածվում «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացվելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա։
4. Օրենքի և սույն ուղեցույցի 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ Հայաստանյան մասնակցի նկատմամբ վերահսկողության իրականացման, կամ Հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման, կամ Համակարգի գործունեության կանոններում փոփոխություններ տեղի ունենալու վերաբերյալ Հայաստանյան մասնակցի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու, կամ Կենտրոնական բանկի կողմից այլ կերպ տեղեկություններ ձեռքբերելու արդյունքում՝ սույն ուղեցույցի 5-րդ կետում նշված հիմքերից (դեպքերից) որևէ մեկի բացահայտման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Հայաստանյան մասնակցի մասնակցությունը արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում, կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել իր կողմից տրված մասնակցության թույլտվությունը։
5. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում Հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը կարող են վտանգվել հետևյալ հիմքերի (պայմանների) առկայության դեպքում.
1) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) գործունեությունը կարգավորվում է այն երկրի օրենսդրությամբ, որը լիազոր մարմնի հրապարակած ցանկերին համապատասխան՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները չկիրառող կամ ոչ պատշաճ կիրառող արտասահմանյան երկիր կամ տարածք է.
2) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը կամ նրա սեփականատերերից որևէ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում,
3) Օպերատորը Հայաստանի Հանրապետությունում ծառայություններ է մատուցելու (մատուցում է) միայն մեկ Հայաստանյան մասնակցի միջոցով կամ Օպերատորը այլ երկրների համեմատ անհավասար պայմաններ է սահմանում (ստեղծում) համակարգին Հայաստանյան մասնակիցների մասնակցության համար կամ Օպերատորը մասնակցության անհավասար պայմաններ է սահմանում տարբեր հայաստանյան մասնակիցների համար կամ Օպերատորի վարքագիծը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Սույն ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն հայցող կամ համակարգին մասնակցող Հայաստանյան մասնակիցը կամ համակարգի Օպերատորը կարող է ներկայացնել համապատասխան հիմնավորում սույն ենթակետով սահմանված հիմքերի առկայության անխուսափելիության կամ անհրաժեշտության վերաբերյալ: Այդ հիմնավորումները Կենտրոնական բանկի կողմից ընդունվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված հիմքերը չեն համարվի արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում Հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությանը և (կամ) իրացվելիությանը և (կամ) վճարունակությանը վտանգող հիմքեր.
4) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի Օպերատորի կողմից ընդունված համակարգի գործունեության կանոններում և(կամ) Հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև կնքված պայմանագրում և(կամ) այլ փաստաթղթում, որով կարգավորվում են Հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև հարաբերությունները․
ա. սահմանված է Օպերատորի իրավասությունը զրկելու Հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունից, և միաժամանակ սահմանված չեն զրկելու պայմանները (պատճառները, հիմքերը) և ընթացակարգերը (այդ թվում՝ տեղեկացման), կամ դրանք սահմանված են ոչ հստակ (կարող են ոչ միանշանակորեն մեկնաբանվել), կամ
բ. Հայաստանյան մասնակցին արգելվում է այլ նմանատիպ վճարահաշվարկային համակարգերում մասնակցությունը, կամ
գ. սահմանված չեն իրացվելիության, վարկային, հաշվարկային կամ գործառնական ռիսկերի զսպման, սահմանափակման մեխանիզմներ, որոնց բացակայության կամ անբավարարության հետևանքով հայաստանյան մասնակիցը կարող է կրել ֆինանսական կորուստներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հայաստանյան ֆինանսական շուկայի այլ մասնակիցների վրա, կամ կարող է վարկաբեկել նրա բարի համբավը,
դ. սահմանված են վճարահաշվարկային համակարգում մասնակցությունից զրկելու ծանուցման մեկ ամսից պակաս կամ միակողմանիորեն պայմանագիրը լուծելու հիմքեր (պայմաններ), բացառությամբ հետևյալ դեպքերի․
դ1․ Հայաստանյան մասնակցի կողմից իր պարտավորությունների չկատարումը, կամ
դ2. Օպերատորի երկրի իրավասու մարմնի կողմից այնպիսի որոշման ընդունումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավորեցնում կամ որևէ այլ կերպ պարտադրում է Օպերատորին մեկամսյա ժամկետից շուտ Հայաստանյան մասնակցին զրկել մասնակցությունից, կամ
դ3. Հայաստանյան մասնակցի 10 %-ից ավել ձայնի իրավունք ունեցող սեփականատերերի (մասնակիցների) փոփոխությունը, կամ
դ4. Հայաստանյան մասնակցին անվճարունակ կամ սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելը, կամ ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիայից (թույլտվությունից) զրկելը:
6. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի կամ հաշվարկային բանկի գործունեության դադարեցման կամ դրանց երկրի իրավասու մարմնի կողմից ժամանակավոր ադմինիստրացիայի, կառավարչի կամ նման այլ մարմնի նշանակման դեպքերում, Հայաստանյան մասնակցի տվյալ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հետագա մասնակցության հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանյան մասնակցի ֆինանսական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգվելու տեսանկյունից:
(հավելվածը լրաց. 23.09.08 թիվ 275-Ն, 09.11.10 թիվ 302-Ն, փոփ., լրաց. 18.09.12 թիվ 253-Ն, խմբ., լրաց. 24.09.13 թիվ 221-Ն, խմբ. 27.04.21 թիվ 55-Ն )
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.04.2021, թիվ 55-Ն | 17.05.2021, N 342-Ն | |
24.09.2013, թիվ 221-Ն | 25.10.2013, N 342-Ն | |
18.09.2012, թիվ 253-Ն | 25.10.2012, N 342-Ն | |
09.11.2010, թիվ 302-Ն | 25.12.2010, N 342-Ն | |
23.09.2008, թիվ 275-Ն | 01.11.2008, N 342-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|