ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0691/05/16 2020 թ.
Վարչական գործ
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան Ն. Տավարացյան |
2020 թվականի սեպտեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.11.2017 թվականի որոշման դեմ, ըստ հայցի «Գեպոտանիք» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի (իրավանախորդ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն)` ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի ավագ մաքսային տեսուչ Արմեն Գրիգորյանի և մաքսային տեսուչ Հովհաննես Ալավերդյանի կողմից 29.10.2015 թվականին կազմված «Արտագնա մաքսային ստուգման» թիվ 0012 ակտը և որպես հետևանք` ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանի կողմից 29.10.2015 թվականին կայացված «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0012 որոշումը վերացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի ավագ մաքսային տեսուչ Արմեն Գրիգորյանի և մաքսային տեսուչ Հովհաննես Ալավերդյանի կողմից 29.10.2015 թվականին կազմված «Արտագնա մաքսային ստուգման» թիվ 0012 ակտը և որպես հետևանք` վերացնել ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանի կողմից 29.10.2015 թվականին կայացված «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0012 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 01.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 15.11.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.12.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
18.03.2015 թվականի թիվ C7274 և 11.09.2015 թվականի թիվ C27083 մաքսային հայտարարագրերով Ընկերության կողմից ՀՀ տարածք է ներմուծվել և ձևակերպվել նույն նկարագիր ունեցող «սև մետաղյա երկկողմանի ցինկապատ, երկկողմանի ներկված չինական ծագման հարթ թիթեղներ»՝ ԱՏԳ ԱԱ 7210 70 80 նույն ծածկագրի տակ: Ըստ ուղեկցած փաստաթղթերի՝ երկու դեպքում էլ չինական ընկերությունների կողմից Ընկերությանն են մատակարարվել PPGI / PPGS /pre-painted, galvanised iron/steel/ տեսակի ցինկապատ հարթ թիթեղներ՝ գլանափաթեթներով ներկված RAL տեսակի տարբեր գույնի ներկերով:
18.03.2015 թվականի թիվ C7274 հայտարարագրով ձևակերպված ապրանքների համար Ընկերության դիմումով կատարվել է միայն մետաղական թիթեղների բաղադրության վերաբերյալ մետաղագիտական փորձաքննություն, ուստի փորձագետի 17.03.2015 թվականի թիվ 12521504 եզրակացությունը չէր կարող պարունակել հետևություններ մետաղի վրա առկա ներկի շերտի՝ ներկածածկույթի շերտի բաղադրության և բնութագրի վերաբերյալ: Ավելին, 17.03.2015 թվականի թիվ 12521504 եզրակացության մեջ չկա «չեն պարունակում պոլիմերային ծածկույթ» բառակապակցությունը և չկա դրա առկայության կամ բացակայության մասին որևէ գնահատական՝ «հետազոտություն» և «հետևություն» բաժիններում:
Ընկերության կողմից 11.09.2015 թվականի թիվ C27083 հայտարարագրով ձևակերպված ապրանքների համար ՀՀ ֆինանսների նախարարության 31.08.2015 թվականի գրության հիման վրա կատարվել է մեկ այլ մետաղական թիթեղների ծածկույթի վերաբերյալ քիմիական փորձաքննություն, որի ժամանակ ցանկապատ հարթ թիթեղները քիմիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ «թիթեղները պատված են պոլիեթերային խեժերի հիման վրա պատրաստված ներկի շերտով», և «ներկերը մակերևույթների վրա չորանալուց հետո, ըստ էության, առաջացնում են պոլիմերային ծածկույթներ (...)» Նույն հիմնավորումն է տրվել նաև ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի 11.09.2015 թվականի լրացուցիչ գրության մեջ. «(...) փորձաքննությանը տրամադրված ցինկապատ թիթեղների նմուշների մակերևույթը ծածկող ներկի շերտը հանդիսանում է պոլիմերային ծածկույթ»:
Վերոհիշյալ հայտարարագրերով ձևակերպված ապրանքների ձեռքբերման հաշիվ ապրանքագրերի, որտեղ նկարագրված են Ընկերության կողմից ներմուծված ապրանքները, ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թիթեղներն անմիջապես ապրանք մատակարարողի կողմից բնութագրվել են որպես «Խորշոմապատ անփայլ մակերեսով» թիթեղներ, որի երեսի կողմը պատված է պոլիէսթերով: Նշված ապացույցների հետազոտության համար էական նշանակություն ունեն ապրանքի նկարագիրը, հետևաբար հարկման տեսակը և դրույքաչափերը ճշգրիտ որոշելու համար: Մինչդեռ ստորադաս դատարանները որևէ անդրադարձ չեն կատարել նշված հաշիվ ապրանքագրերին, որևէ կերպ չեն գնահատել դրանք:
Սույն վարչական վարույթի ընթացքում հետազոտված և վարչական ակտի հիմքում ընկած ապացույցները՝ վերոհիշյալ փորձագետի եզրակացությունները, մաքսային հայտարարագրերը, ապրանքն ուղեկցած հաշիվ ապրանքագրերը, հավանական են դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող փաստը՝ մասնավորապես խնդրո առարկա ապրանքի բնույթը և նկարագիրը, ինչն էական նշանակություն ունի վեճը ճիշտ լուծելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերության կողմից 18.03.2015 թվականին ՀՀ տարածք է ներմուծվել և թիվ C 7274 մաքսային հայտարարագրով ձևակերպվել է 227,455 կգ նետտո (229,334 կգ բրուտտո) քաշով սև մետաղյա երկկողմանի ցինկապատ հարթ թիթեղ` երկկողմանի ներկված` առանց պոլիմերային ծածկույթի` գլանափաթեթով` համաձայն Հոնկոնգի «ALL TRADE M&E LIMITED» ընկերության կողմից տրված հաշիվ-ապրանքագրի, մատակարարված` «JIANGSU GANGZHENG STEEL SHEET SCIENCE AND TECHNOLOGY CO., LTD» ընկերության (Չինաստան) կողմից։ Նշված հայտարարագրին կից ներկայացվել է 17.03.2015 թվականի թիվ 12521504 փորձագիտական եզրակացությունը (հատոր 1-ին գ.թ. 65):
2. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ս. Մանուկյանի կողմից 17.03.2015 թվականին տրված թիվ 12521504 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված տարբեր չափերի մետաղական թիթեղները պատրաստված են երկաթածխածնային համաձուլվածքից` պողպատից, որոնց երկու կողմերի մակերևույթները պատված են ցինկի շերտով։ Փորձաքննությանը տրամադրված մետաղական գունավոր թիթեղները պատրաստված են երկաթածխածնային համաձուլվածքից` պողպատից, դրանց երկու կողմերի մակերևույթները պատված են ցինկի շերտով և ներկված են տարբեր գույների ներկածածկույթի շերտով։ Եզրակացության «Հետազոտություն» բաժնում նշվել է նաև, որ ներմուծված ապրանքատեսակները` մետաղյա թիթեղների փաթույթները, 2 տեսակի են և ունեն տարբեր չափեր։ Աղյուսակ 1-ում նկարագրված է ոչ գունավոր մետաղական թիթեղների փաթույթների տեսակի նկարագիրը, իսկ աղյուսակ 2-ում` գունավոր մետաղական թիթեղների փաթույթների տեսակի նկարագիրը (հատոր 1-ին գ.թ. 66-69)։
3. Ընկերության կողմից 11.09.2015 թվականին ՀՀ տարածք է ներմուծվել և թիվ C 27083 մաքսային հայտարարագրով ձևակերպվել` 99,748 կգ նետտո (100,744 կգ բրուտտո) քաշով սև մետաղյա երկկողմանի ցինկապատ` երկկողմանի ներկված կնճռավոր թիթեղ` պոլիմերային ծածկույթով` համաձայն Պանամայի «TRAVENTAINVESTMEN S.A.» ընկերության հաշիվ-ապրանքագրի, մատակարարված` «NANTONG YINENG COLOR STEEL PLATE CO., LTD» ընկերության (Չինաստան) կողմից։ Կցվել է փորձագետի 09.09.2015 թվականի թիվ 40661504 եզրակացությունը (հատոր 1-ին գ.թ. 116)։
4. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ա. Ազիզյանի կողմից 09.09.2015 թվականին տրված թիվ 40661504 եզրակացության համաձայն` Ընկերության կողմից թիվ 2015/05100031/2455,2445 փոխադրման ամփոփագրով ՀՀ տարածք ներմուծված ցինկապատ թիթեղների թվով երեք նմուշների մակերևույթները ներկված են` պատված ներկի շերտով։ Դրանք առանձին պոլիմերային թաղանթների կամ ծածկույթների շերտեր չեն պարունակում (հատոր 1-ին գ.թ. 81-85)։
5. «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալին ուղղված 11.09.2015 թվականի գրությամբ հայտնել է, որ թիվ 40661504 փորձաքննության շրջանակներում հետազոտված ցինկապատ թիթեղների մակերևույթի ծածկույթը` ներկի շերտը, կարելի է դիտարկել նաև որպես պոլիմերային ծածկույթ, քանի որ բոլոր ներկերը պատրաստված են պոլիմերային կապակցանյութերի հիման վրա, և չորանալու ընթացքում, ըստ էության, պոլիմերվում են` առաջացնելով պոլիմերային շերտ։ Հաշվի առնելով վերոգրյալը` կարելի է եզրակացնել, որ փորձաքննությանը տրամադրված ցինկապատ թիթեղների նմուշների մակերևույթը ծածկող ներկի շերտը հանդիսանում է պոլիմերային ծածկույթ (հատոր 1-ին գ.թ. 81)։
6. ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի ավագ մաքսային տեսուչ Արմեն Գրիգորյանը և ստուգումների բաժնի մաքսային տեսուչ Հովհաննես Ալավերդյանը, առաջնորդվելով Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 132-րդ և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 133-րդ հոդվածներով ամրագրված դրույթներով, 16.09.2015 թվականի թիվ 0008 հանձնարարականի հիման վրա 30.09.2015 թվականից Ընկերությունում իրականացրել են արտապլանային արտագնա մաքսային ստուգում (հատոր 1-ին գ.թ. 57-60)։
7. ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության պետի ժ/պ Հակոբ Հակոբյանը, հաշվի առնելով 29.10.2015 թվականի «Արտագնա մաքսային ստուգման» թիվ 0012 ակտը և մաքսային ստուգման այլ նյութերը, առաջնորդվելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 140-րդ հոդվածով` 29.10.2015 թվականի «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0012 որոշմամբ որոշել է. «18.03.2015թ. թիվ C 7274 ՄՀ-ում կատարել հայտագրված ապրանքի նկարագրի ճշգրտում (հանել «առանց պոլիմերային ծածկույթի» բառերը) և ՀՀ ներմուծված երկկողմանի պոլիմերային ծածկույթով պատված (երկկողմանի ներկված) սև մետաղյա հարթ թիթեղները հարկել 20,2 % հակադեմփինգային տուրքով։ ԵՏՀ Կոլեգիայի 10.12.2013թ. թիվ 289 որոշման 23-րդ կետի համաձայն` 18.03.2015թ. թիվ C 7274 ՄՀ-ում կատարել հետևյալ փոփոխությունները` 1. ԱՀ «31» սյունակում կատարել ապրանքի նկարագրի ճշգրտում՝ նկարագրությունից հանել «առանց պոլիմերային ծածկույթի» բառերը, և ապրանքը նկարագրել «երկկողմանի պոլիմերային ծածկույթով պատված (երկկողմանի ներկված) սև մետաղյա հարթ թիթեղներ», 2. ԱՀ «47» սյունակում` 2050 մաքսային վճարի տեսակի մեջ 0 % դրույքաչափը փոխարինել 20,2 %-ով, իսկ 0 գումարը փոխարինել 18.754.294-ով և ընդամենը` 18.568.608 գումարը փոխարինել 37.732.902-ով, 3. ԱՀ «B» սյունակում` ենթակա է վճարման 18.689.808-ը փոխարինել 37.444.102-ով։ «Գեպոտանիք» ՍՊԸ-ն սույն որոշումը ստանալուց հետո «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 140-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 10-օրյա ժամկետում վճարել 29.10.2015թ. թիվ 0012 ակտով առաջադրված մաքսային վճարները` 25.083.868 դրամի հակադեմփինգային տուրք և տույժ» (հատոր 1-ին գ.թ. 61-63)։
8. ՀՀ ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 22.12.2015 թվականի թիվ 56/6 որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության 29.10.2015 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0012 ակտը և հետբացթողումային հսկողության վարչության պետի ժ/պ 29.10.2015 թվականի մաքսային գործի ոլորտում թիվ 0012 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ բողոքը մերժվել է (հատոր 1-ին գ.թ. 19-24)։
9. 18.03.2015 թվականի թիվ C7274 մաքսային հայտարարագրի և 11.09.2015 թվականի թիվ C27083 մաքսային հայտարարագրերի համաձայն՝ Ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված ապրանքները գտնվում են թիվ ԱՏԳ ԱԱ 72107080 նույն ծածկագրի տակ (հատոր 1-ին գ.թ. 65, 116):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական դատարանի կողմից գործի փաստերն ի պաշտոնե պարզելու իրավական խնդրին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է (...) համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճ պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Salov v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճռի 89-րդ կետը, García Ruiz v. Spain գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճռի 26-րդ կետը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը, Միսակ Այանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։
Դատարանը սույն գործով փաստել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ամբողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ հարուցված մի գործով փորձագիտական եզրակացությունը (իսկ սույն դեպքում` այդ եզրակացության վերաբերյալ պարզաբանումը) կարող է կիրառվել մեկ այլ գործով իրականացվող վարչական վարույթի ընթացքում միայն այն դեպքում, երբ առկա է աներկբա համոզվածություն կամ անհերքելի փաստ առ այն, որ տվյալ գործով փորձաքննության ենթակա օբյեկտը, իսկ սույն դեպքում` ներմուծված ապրանքների ծածկույթը, միանգամայն նույնական է այն գործով փորձաքննության ենթարկված ապրանքների ծածկույթի հետ, որի առնչությամբ տրվել էր փորձագիտական եզրակացությունը (պարզաբանումը)։ Մինչդեռ, սույն գործով նման անհերքելի փաստեր ձեռք չեն բերվել, ավելին, այդպիսիք առկա չեն եղել, իսկ միայն այն փաստը, որ թե՛ 18.03.2015 թվականի, և թե՛ 11.09.2015 թվականի ՀՀ տարածք ներմուծված ապրանքները ներմուծվել են Չինաստանից, չի կարող վկայել տվյալ ապրանքների ծածկույթների նույնական լինելու մասին։
Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ, պատճառաբանելով, որ բողոքաբերի կողմից մատնանշված 18.03.2015 թվականի թիվ C 7274 և 11.09.2015 թվականի թիվ C 27083 մաքսային հայտարարագրերով Ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված և նույն նկարագիր ունեցող «սև մետաղյա երկկողմանի ցինկապատ` երկկողմանի ներկված չինական ծագման հարթ թիթեղներ»՝ ԱՏԳ ԱԱ 7210 70 80 նույն ծածկագրի տակ ձևակերպված լինելը և Չինաստանից ներկրված լինելը ապրանքների նույնական լինելու վերաբերյալ ապացույց տվյալ դեպքում չի կարող հանդիսանալ, քանի որ սույն գործով պարզման ենթակա են հանդիսացել թիվ C 7274 մաքսային հայտարարագրով ձևակերպված ապրանքի որոշակի որակական հատկանիշները, որպիսի հարցի պարզումը չէր կարող իրականացվել մեկ այլ վարչական վարույթից վերցված նյութերի միջոցով։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության կողմից 18.03.2015 թվականին ՀՀ տարածք է ներմուծվել և թիվ C 7274 մաքսային հայտարարագրով ձևակերպվել է` 227,455 կգ նետտո (229,334 կգ բրուտտո) քաշով սև մետաղյա երկկողմանի ցինկապատ հարթ թիթեղ` երկկողմանի ներկված` առանց պոլիմերային ծածկույթի` գլանափաթեթով` համաձայն Հոնկոնգի «ALL TRADE M&E LIMITED» ընկերության կողմից տրված հաշիվ-ապրանքագրի, մատակարարված` «JIANGSU GANGZHENG STEEL SHEET SCIENCE AND TECHNOLOGY CO., LTD» ընկերության (Չինաստան) կողմից։ Նշված հայտարարագրին կից ներկայացվել է 17.03.2015 թվականի թիվ 12521504 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի` փորձաքննությանը տրամադրված տարբեր չափերի մետաղական թիթեղները պատրաստված են երկաթածխածնային համաձուլվածքից՝ պողպատից, որոնց երկու կողմերի մակերևույթները պատված են ցինկի շերտով։ Փորձաքննությանը տրամադրված մետաղական գունավոր թիթեղները պատրաստված են երկաթածխածնային համաձուլվածքից՝ պողպատից, դրանց երկու կողմերի մակերևույթները պատված են ցինկի շերտով և ներկված են տարբեր գույների ներկածածկույթի շերտով։ Եզրակացության «Հետազոտություն» բաժնում նշվել է նաև, որ ներմուծված ապրանքատեսակները` մետաղյա թիթեղների փաթույթները, 2 տեսակի են և ունեն տարբեր չափեր։
Ընկերության կողմից 11.09.2015 թվականին ՀՀ տարածք է ներմուծվել և թիվ C 27083 մաքսային հայտարարագրով ձևակերպվել է` 99,748 կգ նետտո (100,744 կգ բրուտտո) քաշով սև մետաղյա երկկողմանի ցինկապատ` երկկողմանի ներկված կնճռավոր թիթեղ` պոլիմերային ծածկույթով` համաձայն Պանամայի «TRAVENTAINVESTMEN S.A.» ընկերության հաշիվ-ապրանքագրի, մատակարարված` «NANTONG YINENG COLOR STEEL PLATE CO., LTD» ընկերության (Չինաստան) կողմից։ Կցվել է փորձագետի 09.09.2015 թվականի թիվ 40661504 եզրակացությունը, համաձայն որի` Ընկերության կողմից թիվ 2015/05100031/2455,2445 փոխադրման ամփոփագրով ՀՀ տարածք ներմուծված ցինկապատ թիթեղների թվով երեք նմուշների մակերևույթները ներկված են` պատված ներկի շերտով։ Դրանք առանձին պոլիմերային թաղանթների կամ ծածկույթների շերտեր չեն պարունակում։
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալին ուղղված 11.09.2015 թվականի գրությամբ հայտնել է, որ թիվ 40661504 փորձաքննության շրջանակներում հետազոտված ցինկապատ թիթեղների մակերևույթի ծածկույթը` ներկի շերտը, կարելի է դիտարկել նաև որպես պոլիմերային ծածկույթ, քանի որ բոլոր ներկերը պատրաստված են պոլիմերային կապակցանյութերի հիման վրա, և չորանալու ընթացքում, ըստ էության, պոլիմերվում են` առաջացնելով պոլիմերային շերտ։ Հաշվի առնելով վերոգրյալը` կարելի է եզրակացնել, որ փորձաքննությանը տրամադրված ցինկապատ թիթեղների նմուշների մակերևույթը ծածկող ներկի շերտը հանդիսանում է պոլիմերային ծածկույթ։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն վարչական գործով քննության առարկա է 18.03.2015 թվականի թիվ C7274 և 11.09.2015 թվականի թիվ C27083 մաքսային հայտարարագրերում Ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված ապրանքը նույն` թիվ ԱՏԳ ԱԱ 7210 70 80 ծածկագրի տակ ձևակերպված լինելու հանգամանքը, որը պարզելու նպատակով ստորադաս դատարանները պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեին գործում առկա բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսպես` Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությունները, թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, քանի որ փորձագիտական եզրակացություններն առերևույթ վերաբերում են միայն ապրանքատեսակին, իսկ այն հանգամանքը, որ ըստ 18.03.2015 թվականի թիվ C7274 և 11.09.2015 թվականի թիվ C27083 մաքսային հայտարարագրերի՝ Ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված ապրանքը ձևակերպվել է նույն` թիվ ԱՏԳ ԱԱ 7210 70 80 ծածկագրի տակ, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է՝ գնահատելով միայն այն, որ տվյալ ապացույցը ձեռք է բերվել այլ վարչական վարույթի շրջանակներում:
Բացի այդ, սույն գործի փաստական հանգամանքները Դատարանը պետք է պարզեր ի պաշտոնե և դրան համապատասխան իրավական գնահատական տար վարչական մարմնի գործողություններին և ընդունված վարչական ակտի իրավաչափությանը: Տվյալ դեպքում Դատարանը, հաստատելով Ընկերության կողմից ՀՀ տարածք նույն` ԱՏԳ ԱԱ 7210 70 80 ծածկագրի տակ ապրանք ներմուծված լինելու հանգամանքը, չի պարզել, թե ինչով են պայմանավորված դրանց վերաբերյալ իրարամերժ փորձագիտական եզրակացությունների առկայությունը և ինչպես պետք է լուծել այդ հակասությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող |
ռ. Հակոբյան |
Զեկուցող |