Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1320-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության 42 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 167.3 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2007 թվականի հուլիսի 10-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 841 հազ. դրամ.
բ. աճուրդով օտարվող գույքի վաճառքի մեկնարկային գինը` 841 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. աճուրդի հաղթողին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.
բ. աճուրդի հաղթողն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարի Գավառի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4) Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա. գույքի ձեռքբերման համար առաջարկված գինը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Գավառի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 108228 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի ձեռքբերման համար առաջարկված գնի վճարումից և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 42.2 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Ծովինար Կարապետյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0439522, տրված` 057-ի կողմից, հասցեն` քաղ. Արմավիր, Արարատյան 5, բն. 16):
1) Սահմանել`
ա. լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2007 թվականի օգոստոսի 13-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի արժեքը` 1368 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1368 հազ. դրամ:
2) Սահմանել, որ`
ա. գնորդին է անցնում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` նաև շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի ամբողջ տարածքների մակերեսների գումարին՝ արտահայտված կոտորակով.
բ. ընդհանուր բաժնային սեփականության հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդը պետք է վճարի «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.
բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 45000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել առուվաճառքի պայմանագրի կնքման պահին առկա վարձավճարի պարտքը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:
4) Օտարվող գույքի վաճառքի գինը վճարել եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|