ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0408/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0408/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Աննա և Գալինա Խաչատրյանների հայցի ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Դատարան` Աննա և Գալինա Խաչատրյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեում գտնվող ժառանգական գույքի նկատմամբ և Ռոստոմ Բուռնազյանին պարտավորեցնել չխոչընդոտել Երևան քաղաքի Սուրենյանց 9 հասցեում գտնվող ժառանգական գույքի նկատմամբ իրենց իրավունքների պետական գրանցման աշխատանքներին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2009 թվականի որոշմամբ Դատարանի 19.05.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 205-րդ հոդվածի 2-րդ մասը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հայկական ՍՍՀ-ում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ նախարարների խորհրդի 23.10.1984 թվականի թիվ 663 որոշման 43-րդ կետը, ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման 3-րդ հավելվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ Կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման 6-րդ հավելվածի՝ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնվել է պետական բնակարանային ֆոնդը: Նույն որոշմամբ Սուրենյանց փողոցի 9-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը ի սեփականություն փոխանցվել է Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքին: Հետագայում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի ուժով Սուրենյանց 9 հասցեում գտնվող անշարժ գույքը դարձել է Երևան համայնքի սեփականությունը:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2009 թվականի թիվ ԵԿԴ0408/02/09 վճիռը, որով Սուրենյանց 9 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ճանաչվել էր Աննա և Գալինա Խաչատրյանների սեփականության իրավունքը, անմիջականորեն կապված է Քաղաքապետարանի իրավունքների և պարտականությունների հետ: Մինչդեռ Քաղաքապետարանը տվյալ գործին մասնակից չի դարձվել, իսկ 19.05.2009 թվականի դատական ակտի մասին տեղեկացվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման 15.08.2009 թվականի թիվ Ել 5489 գրությամբ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը դատական ակտի օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.12.2006 թվականի թիվ 2-3368 վճիռը և նույն դատարանի 20.03.2008 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշումը, որոնցով հաստատվել է այն փաստը, որ Աննա և Գալինա Խաչատրյանները փաստացի տիրապետման հիմքով ընդունել են իրենց ծնողների ժառանգությունը` ժառանգական գույքը, այդ թվում նաև ժառանգության զանգվածի մասը կազմող Երևանի Սուրենյանց 9 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Մինչդեռ Քաղաքապետարանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2009 թվականի թիվ 2-3368 որոշմամբ բեկանվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.12.2006 թվականի թիվ 2-3368 վճիռը և նույն դատարանի 20.03.2008 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշումը, և Աննա և Գալինա Խաչատրյանների դիմումը` ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու պահանջի մասին, թողնվել է առանց քննության:
Վերոգրյալի հիման վրա Երևանի քաղաքապետարանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` «հայցը մերժել և թողնել առանց քննության»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան 04.12.2006 վճռով Աննա և Գալինա Խաչատրյանների դիմումը բավարարվել է և հաստատվել է՝ Աննա և Գալինա Խաչատրյանները փաստացի տիրապետման հիմքով իրենց ծնողներ Ռոբերտ Անանիկի Խաչատրյանի (մահացած 23.10.1993 թվականին) և Միրա Տիգրանի Սաֆարյանի (մահացած 24.08.1983 թվականին) ժառանգությունն ընդունած ժառանգներն են (գ.թ. 6):
2. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 20.03.2008 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ որոշվել է պարզաբանել Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.12.2006 վճիռը: Պարզաբանվել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.12.2006 թվականի վճռով հաստատված իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ դիմող Աննա և Գալինա Խաչատրյանները ժառանգական գույքի փաստացի տիրապետման հիմքով իրենց ծնողներ Ռոբերտ Անանիկի Խաչատրյանի և Միրա Տիգրանի Սաֆարյանի ժառանգությունն ընդունած ժառանգներն են, վերաբերում է ք. Երևան, Վ. Սուրենյանց փողոցի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքին(գ.թ. 7):
3. Քաղաքապետարանի 11.09.2009 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է այն հիմքով, որ Դատարանի 19.05.2009 թվականի վճիռը վերաբերում է Քաղաքապետարանի իրավունքներին և պարտականություններին, իսկ Քաղաքապետարանը տվյալ գործի քննությանը մասնակից չի դարձվել: Վերաքննիչ բողոքում, ի հիմնավորում տվյալ փաստարկի, Քաղաքապետարանի կողմից վկայակոչվել է Երքաղսովետի գործկոմի 11.11.1987 թվականի թիվ 26/40 որոշումը, ըստ որի՝ միավորման աշխատակից Ռոբերտ Անդրանիկի Խաչատրյանին Լուչիևայի փող. «Ե» շենքի 1-ին մուտքի 23-րդ բնակարանը հատկացնելուց հետո նրան սեփականության իրավունքով պատկանող Սուրենյանց փող. 9 հասցեում գտնվող անշարժ գույքը մնացել է պետական բնակարանային ֆոնդում: Հետագայում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի ուժով Սուրենյանց 9 հասցեում գտնվող անշարժ գույքը դարձել է Երևան համայնքի սեփականությունը (գ.թ. 55-59):
4. Երևանի քաղաքապետի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2009 թվականի թիվ 2-3368 որոշմամբ բեկանվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.12.2006 թվականի թիվ 2-3368 վճիռը և նույն դատարանի 20.03.2008 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշումը, և Աննա ու Գալինա Խաչատրյանների դիմումը` ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու պահանջի մասին, թողնվել է առանց քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելով պատճառաբանել է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քնննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք վերաբերում են գործին մասնակցող անձանց, սույն վեճի առարկային, բխում են հայցի հիմքերից:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հիմք է ընդունել Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.12.2006 թվականի թիվ 2-3368 վճիռը և նույն դատարանի «Վճիռը պարզաբանելու մասին» 20.03.2008 թվականի որոշումը, որոնց համաձայն` Աննա և Գալինա Խաչատրյանները փաստացի տիրապետման հիմքով ընդունել են իրենց ծնողների ժառանգությունը` ժառանգական գույքը, այդ թվում նաև ժառանգության զանգվածի մասը կազմող Սուրենյանց 9 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք` անկախ նման իրավունքի գրանցման:
Մինչդեռ, սույն գործում առկա Քաղաքապետարանի 11.09.2009 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է այն, որ Դատարանի 19.05.2009 թվականի վճիռը վերաբերում է Քաղաքապետարանի իրավունքներին և պարտականություններին, իսկ Քաղաքապետարանը տվյալ գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք վերաբերում են գործին մասնակցող անձանց, սույն վեճի առարկային, բխում են հայցի հիմքերից, չի անդրադարձել այն հարցին թե արդյո՞ք բողոքարկվող դատական ակտը վերաբերում է Քաղաքապետարանի իրավունքներին և պարտականություններին, և այդ պայմաններում Քաղաքապետարանը տվյալ գործի քննության մասնակից պետք է դարձվեր թե՝ ոչ:
Ավելին, Երևանի քաղաքապետի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2009 թվականի թիվ 2-3368 որոշմամբ բեկանվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.12.2006 թվականի թիվ 2-3368 վճիռը և նույն դատարանի 20.03.2008 թվականի «Վճիռը պարզաբանելու մասին» որոշումը և Աննա ու Գալինա Խաչատրյանների դիմումը` ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու պահանջի մասին թողնվել է առանց քննության:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Քաղաքապետարանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Այսինքն՝ Քաղաքապետարանը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմի խախտումների վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին, ապա բողոք բերած անձի գործին մասնակից չդարձվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Ինչ վերաբերում է հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ սույն գործում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի ուժով հայցն առանց քննության թողնելու հիմք առկա չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |