Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1498
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.25/99(1552) Հոդ.1236
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

24 դեկտեմբերի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՄՄԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տ. Ռևազյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 1-ին Ամման քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով ՀՀ կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին Ամմանում՝ միջազգային ավիացիոն համակարգը խթանելու, միջազգային օդային տրանսպորտում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձրագույն մակարդակ ապահովելու նպատակով:

2. Համաձայնագրի անբաժան մասն է կազմում հավելվածը, որով սահմանվում է երթուղիների ցանկը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մի շարք պարտավորություններ, որոնցից են մասնավորապես.

- ապահովել, որ Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով կանոնավոր միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման նպատակով հորդանանյան կողմին տրամադրվեն Համաձայնագրով նախատեսված իրավունքները (Հոդված 3, կետ 1),

- զինված հակամարտությունների, բնական աղետների կամ քաղաքական ընդվզումների հետևանքով հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերության՝ սահմանված երթուղով հաղորդակցության իրականացման անկարողության դեպքում ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ երթուղիների համապատասխան ժամանակավոր վերադասավորման միջոցով նման հաղորդակցությունների շարունակական շահագործումն ապահովելու համար (Հոդված 3, կետ 5),

- ավիաընկերությունների նշանակման և շահագործման թույլտվությունների տրամադրման հետ կապված՝ ապահովել Համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը (Հոդված 4),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենքները և կարգավորումները, որոնք վերաբերում են միջազգային օդային հաղորդակցության մեջ ներգրավված օդանավերի՝ իր տարածք մուտք գործելուն, տարածքում գտնվելուն կամ տարածքից մեկնելուն կամ իր տարածքում գտնվելիս նման օդանավերի շահագործմանը և նավիգացիային, կիրառվեն հայկական և հորդանանյան կողմերի օդանավերի նկատմամբ և պահպանվեն հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերության կողմից՝ ՀՀ տարածք մուտք գործելիս, տարածքում գտնվելիս և տարածքից մեկնելիս ( Հոդված 6, կետ 1),

- ապահովել հորդանանյան կողմի մուտքին, ձևակերպումներին, տարանցմանը, իմիգրացիոն, անձնագրային, մաքսային, արժութային, սանիտարական պահանջներին և կարանտինին վերաբերող օրենքների և կարգավորումների կատարումը հայկական կողմի նշանակված ավիաընկերության կողմից կամ միջազգային օդային հաղորդակցություններ կատարող նրա օդանավերի, անձնակազմերի կողմից՝ ուղևորների, ուղեբեռի, բեռների և փոստի առնչությամբ՝ հորդանանյան կողմի տարածք մուտք գործելիս, մեկնելիս, այնտեղ գտնվելիս կամ տարանցիկ անցնելիս (Հոդված 6, կետ 2),

- ապահովել, որ առավելություն չտրվի հայկական կամ այլ ավիաընկերության՝ համանման միջազգային օդային հաղորդակցություններում ընդգրկված հորդանանյան կողմի ավիաընկերությունների նկատմամբ՝ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված կարգավորումների կիրառման տեսանկյունից կամ ՀՀ հսկողության տակ գտնվող օդանավակայանների, երթուղիների, օդային երթևեկության ծառայությունների և հարակից սարքավորումների/միջոցների օգտագործման տեսանկյունից (Հոդված 6, կետ 3),

- սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչման հետ կապված՝ ապահովել Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների կատարումը,

- եթե խորհրդակցություններից հետո հայկական կողմը գտնի, որ հորդանանյան կողմը Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում նշված ոլորտներից որևէ մեկում արդյունավետորեն չի հետևում և կիրառում թռիչքների անվտանգության չափանիշները, որոնք առնվազն հավասար են այդ պահի դրությամբ Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, ապա տեղեկացնել հորդանանյան կողմին հայտնաբերված նման թերությունների և տվյալ նվազագույն չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի մասին: Հորդանանյան կողմի կողմից 15 օրվա ընթացքում կամ համաձայնեցված ավելի երկար ժամանակահատվածում համապատասխան գործողության չձեռնարկումը հիմք համարել Համաձայնագրի 5-րդ հոդվածի (Չեղյալ հայտարարումը) կիրառման համար (Հոդված 8, կետ 2),

- ապահովել, որ հայկական կողմի նշանակված ավիաընկերությունները ընդգրկված չլինեն թռիչքային անվտանգության որևէ ճանաչված գործակալության կամ թռիչքային պիտանիության հարցերով զբաղվող մարմնի կողմից հրապարակված՝ արգելված ավիաընկերությունների որևէ ցուցակում (Հոդված 8, կետ 8),

- խնդրանքի դեպքում հորդանանյան կողմին տրամադրել անհրաժեշտ աջակցություն` կանխելու համար օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները և քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք (Հոդված 9, կետ 2),

- միջադեպի կամ քաղաքացիական օդանավի ապօրինի գրավման միջադեպի սպառնալիքի, նման օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողության դեպքում աջակցել հորդանանյան կողմին` դյուրացնելով կապը, ու համապատասխան այլ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված նման միջադեպի կամ դրա սպառնալիքի հնարավորինս արագ և անվտանգ վերացմանը (Հոդված 9, կետ 5),

- ապահովել, որ ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որ ՀՀ տարածք ժամանած՝ անօրինական գրավման կամ այլ անօրինական միջամտության առարկա դարձած օդանավը մնա ՀՀ տարածքում մինչև նրա մեկնելը խիստ անհրաժեշտ լինի մարդկային կյանքի պաշտպանության համար: Հնարավորության դեպքում նման գործողություններն իրականացնել երկկողմ խորհրդակցությունների հիման վրա (Հոդված 9, կետ 10),

- օդանավակայանային գանձումների հետ կապված՝ ապահովել Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների կատարումը (Հոդված 9, կետ 10),

- ապահովել, որ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերը, որոնք շահագործվում են միջազգային օդային հաղորդակցություններում, ինչպես նաև դրանց հաշվեցուցակային սարքավորումները (սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են օդանավի շահագործման ժամանակ օգտագործելու համար), վառելիքի ու քսայուղերի պաշարները և նման օդանավերում գտնվող պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտը) Հայաստանի Հանրապետության տարածք ժամանելիս ազատվեն բոլոր մաքսատուրքերից և այլ վճարներից կամ հարկերից` պայմանով, որ այդպիսի սարքավորումները և պաշարները մնալու են օդանավում մինչև դրանց վերարտահանվելը (Հոդված 11, կետ 1),

- ապահովել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված ազատումները տրամադրվեն նաև այն դեպքերում, երբ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել այլ ավիաընկերությունների հետ` հաշվեցուցակային սարքավորումների և 11-րդ հոդվածում նշված այլ պարագաների` ՀՀ տարածքում փոխառելու կամ փոխանցելու նպատակով՝ պայմանով, որ մյուս ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին հայկական կողմը տրամադրում է նույն ազատումները (Հոդված 11, կետ 4),

- եթե հայկական և հորդանանյան կողմերի միջև չի գործում ավիաընկերությունների հարկային համակարգը կարգավորող՝ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր, ապա, փոխադարձության հիմունքով, հորդանանյան կողմի ավիաընկերություններին ազատել բոլոր տեսակի օդային հաղորդակցությունների շահագործումից ստացված շահույթներից և հասույթներից գանձվող հարկերից և վճարներից՝ առանց սահմանափակելու հայկական կողմի սահմանած օրենսդրական պարտավորությունների կատարումը (Հոդված 12),

- ապահովել Համաձայնագրի 13-րդ հոդվածում շարադրված առևտրային գործունեության կարգավորման սկզբունքների կիրառումը (Հոդված 13),

- հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերություններին փոխադարձության սկզբունքով իրավունք վերապահել ՀՀ տարածքում ունենալու իրենց գրասենյակները և ներկայացուցիչները, ինչպես նաև առևտրային, շահագործողական և տեխնիկական անձնակազմը, ինչը պահանջվում է համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման համար (Հոդված 14, կետ 1),

- հատուկ հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտության դեպքում, անձնակազմի անհետաձգելի և ժամանակավոր մուտքը կամ կացությունը, ՀՀ օրենքներով և կանոնակարգերով պահանջվող արտոնագրերը և այլ փաստաթղթերը տրամադրել առանց հապաղման՝ նման անձնակազմի՝ ՀՀ մուտքը չուշացնելու նպատակով (Հոդված 14, կետ 4),

- ապահովել, որ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերությունը իրավունք ունենա ՀՀ տարածքում ինքնուրույն իրականացնելու վերգետնյա սպասարկման աշխատանքներ կամ, իր հայեցողությամբ, ամբողջովին կամ մասնակիորեն օգտվելու նման ծառայությունների մատուցման իրավունք ունեցող մատակարարների ծառայություններից: Եթե ՀՀ տարածքի վերգետնյա սպասարկման վերաբերյալ կանոնակարգումները բացառում կամ սահմանափակում են պայմանագրային հիմունքներով նման ծառայություններից օգտվելը կամ ինքնասպասարկումը, ապա յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությանը միատեսակ հնարավորություններ տալ ինքնասպասարկման և մատակարարի կամ մատակարարների կողմից մատուցվող վերգետնյա սպասարկման ծառայություններից օգտվելու հարցում (Հոդված 14, կետ 5),

- առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով և բացառելով միջազգային հաղորդակցություններ իրականացնող մեկ այլ ավիաընկերության հանդեպ խտրական վերաբերմունքը՝ ապահովել, որ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերություններն ազատորեն՝ ինքնուրույն կամ գործակալի միջոցով ցանկացած արտարժույթով իրականացնեն օդային փոխադրումների վաճառք ՀՀ տարածքում՝ համաձայն ՀՀ գործող օրենքների (Հոդված 14, կետ 6),

- ապահովել, որ հայկական կողմի ավիացիոն իշխանությունները հորդանանյան կողմի ավիացիոն իշխանություններին, վերջիններիս խնդրանքով, տրամադրեն համաձայնեցված հաղորդակցություններում հայկական կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից դեպի Հորդանանի Թագավորության տարածք կամ այդ տարածքից փոխադրումների վերաբերյալ տեղեկություն և վիճակագրական տվյալներ` այն կարգով, որով այդ նշանակված ավիաընկերությունները պատրաստել և ներկայացրել են ՀՀ ավիացիոն իշխանություններին (Հոդված 15),

- հաստատման նպատակով հորդանանյան կողմի ավիաընկերություններից չպահանջել չվացուցակների, չվերթերի իրականացման ծրագրերի կամ չվերթերի շահագործման պլանների ներկայացում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կպահանջվի ոչ խտրական հիմքերով միատեսակ պայմաններ պարտադրելու համար, ինչպես նախատեսված է Համաձայնագրի 16-րդ հոդվածում, կամ երբ դա հստակորեն թույլատրվում է Համաձայնագրով: Եթե հայկական կողմը պահանջում է վերոնշյալ փաստաթղթերի ներկայացումը տեղեկատվական նպատակներով, ապա ապահովել, որ հորդանանյան կողմի ավիաընկերությունների համար նվազագույնի հասցվի դրանց ներկայացման վարչական պահանջները և ընթացակարգերը (Հոդված 16),

- կատարել Համաձայնագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված՝ միջնորդ դատարանի նախագահի ցանկացած որոշում (Հոդված 18, կետ 3),

- վճարել հայկական կողմի արբիտրի հետ կապված ծախսերը և նրա վարձավճարը. երրորդ արբիտրի վճարը և նրա համար անհրաժեշտ ծախսերը (Հոդված 18, կետ 4):

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2018 թվականի նոյեմբերի 1-ին Ամման քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

24 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1498