Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1344/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1344/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան  

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի մայիսի 25-ին,

քննարկելով ըստ հայցի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հովհաննես Մովսեսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձ Աշոտ Աթոյանի և ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հովհաննես Մովսեսյանից բռնագանձել 8.442.000 ՀՀ դրամ` որպես «MERCEDES-BENZ S 350L» մակնիշի, 04T012 AM պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված և Ընկերության կողմից հատուցված գումար, ինչպես նաև 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան)  (այսուհետ` Դատարան) 01.04.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Սմբատյան, Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան)  14.05.2015 թվականի որոշմամբ  Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձ Աշոտ Աթոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ բողոքում առկա թերությունները վերացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Սմբատյան, Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան) 11.06.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձ Աշոտ Աթոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Սմբատյան, Ա. Հունանյան, Ա. Պետրոսյան) 10.07.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձ Աշոտ Աթոյանի և ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.08.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Մովսեսյանի ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ բողոքում առկա թերությունները վերացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձ Աշոտ Աթոյանը և ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը .

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ և 210-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հովհաննես Մովսեսյանի կողմից Աշոտ Աթոյանին նոտարական վավերացմամբ տրվել է լիազորագիր, որում, ի թիվս այլնի, առկա է նաև լիազորություններն այլ անձի փոխանցելու իրավասություն, հետևաբար Աշոտ Աթոյանը, օգտվելով իրեն վերապահված լիազորությունից, այլ անձի` տվյալ դեպքում փաստաբան Ստեփան Ոսկանյանին է փոխանցել Հովհաննես Մովսեսյանի շահերը ներկայացնելու և վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ և 210-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողություները, որոնց համար լիազորված է: Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`

1) ստորագրելու հայցադիմումը.

2) գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին.

3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.

3.1) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելը.

4) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.

5) փոխելու հայցային պահանջների չափը.

6) կնքելու հաշտության համաձայնություն.

7) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).

8) բողոքարկելու դատական ակտը.

9) դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:

Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը՝ ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն):

‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ լիազորագիրը միակողմանի գործարք է, որով մեկ անձը լիազորում է մեկ այլ անձի երրորդ անձանց առջև ներկայանալու և որոշակի գործողություններ կատարելու համար: Ընդ որում, լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար նա լիազորված է, բացառությամբ այն դեպքի, երբ լիազորագրով ուղղակիորեն լիազորվողին տրվել է վերալիազորման իրավունք:  

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ լիազորագրով լիազորվողն իրականացնում է ներկայացուցչություն՝ դրանով իսկ որոշակի իրավունքներ և պարտականություններ առաջացնելով լիազորողի համար: Պայմանավորված լիազորությունների շրջանակով՝ ներկայացուցչությունը կարող է լինել տարբեր: Ներկայացուցչության տեսակ է նաև դատական ներկայացուցչությունը, որի իրավակարգավորումն օրենսդիրն իրականացրել է դատավարական օրենսգրքերով և ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքով: Մասնավորապես, քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն իրավասու է իրականացնել միայն փաստաբանը: Բացառություն են կազմում մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերը, ինչպես նաև մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերը: Ընդ որում, փաստաբանին տրվող լիազորագիրը պահանջում է հասարակ գրավոր ձև և վավերացման ենթակա չէ, մինչդեռ քաղաքացուն տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով օրենսդիրն ամրագրել է այն լիազորությունները, որոնց առկայությունը լիազորագրում ուղղակիորեն նշված լինելու պայմաններում լիազորված անձը կարող է օգտվել այդ լիազորություններից, որոնց թվում է նաև այլ անձի լիազորությունները փոխանցելու իրավունքը (վերալիազորումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ անձին տրված լիազորագրում ուղղակիորեն նշված է լիազորագրում նշված լիազորությունները այլ անձի փոխանցելու լիազորություն (վերալիազորումը), ապա լիազորված անձը իրավասու է օգտվել նաև այդ իրավունքից:

Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «սույն գործով նախկինում կայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումներով արձանագրվել է, որ թեև վերաքննիչ բողոքին կից ներկայացված է Հովհաննես Մովսեսյանի կողմից 09.06.2014 թվականին Աշոտ Աթոյանին տրված նոտարական կարգով վավերացված լիազորագիր, այնուամենայնիվ, առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Աշոտ Աթոյանը հանդիսանում է փաստաբան, կամ Աշոտ Աթոյանը և Հովհաննես Մովսեսյանը գտնվում են մերձավոր ազգակցական հարաբերությունների մեջ,  և որ Աշոտ Աթոյանը չի դիտվում որպես Հովհաննես Մովսեսյանի վերաքննիչ բողոքը ներկայացնող պատշաճ լիազորված անձ», և գտել է, որ «Աշոտ Աթոյանը, Հովհաննես Մովսեսյանի անունից լիազորված չլինելով վերաքննիչ բողոք ներկայացնել, իր հերթին վերալիազորել է փաստաբան Ստեփան Ոսկանյանին լինելու Հովհաննես Մովսեսյանի ներկայացուցիչը դատական բոլոր ատյաններում», փաստելով, որ «Հովհաննես Մովսեսյանի անունից վերաքննիչ բողոք ներկայացրած Ստեփան Ոսկանյանը չի կարող դիտվել որպես Հովհաննես Մովսեսյանի ներկայացուցիչ և նա, որպես այդպիսին, չի կարող նրա շահերը ներկայացնել դատական ատյաններում»:

Միաժամանակ 06.08.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը, սահմանելով ժամկետ բողոքում առկա թերությունները վերացնելու համար, արձանագրել է, որ ինչ վերաբերում է վերաքննիչ  բողոք բերելու սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ նման պայմաններում այն դառնում է առարկայազուրկ:

Սույն գործի փաստերի համաձայն՝  Հովհաննես Մովսիսյանը 09.06.2014 թվականի նոտարական կարգով տրված լիազորագրով լիազորել է քաղաքացի Աշոտ Աթոյանին լինելու իր ներկայացուցիչը պետական և ոչ պետական մարմիններում, ՀՀ դատական բոլոր ատյաններում կատարելու դատավարական գործողություններ, այդ թվում`  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, ի թիվս այլնի նաև այլ անձի փոխանցելու լիազորությունը: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով (հատոր 3-րդ, գ.թ. 15): Հետագայում Աշոտ Աթոյանը 29.07.2015 թվականի նոտարական կարգով տրված լիազորագրով, որպես Հովհաննես Մովսիսյանի լիազորված անձ, վերալիազորել է 09.06.2014 թվականի լիազորագրում նշված բոլոր լիազորությունները փաստաբան Ստեփան Ոսկանյանին. լիազորագիրը տրվել է մինչև 09.06.2017 թվականը (հատոր 3-րդ, գ.թ. 14):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, ըստ որի՝ Աշոտ Աթոյանը, Հովհաննես Մովսիսյանի անունից լիազորված չլինելով վերաքննիչ բողոք ներկայացնել, իրավասու չէր իր հերթին վերալիազորել վերջինիս անունից փաստաբան Ստեփան Ոսկանյանին, գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Աշոտ Աթոյանը, լինելով Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձը և ունենալով դատական ներակայացուցչության իրականացման համար անհրաժեշտ լիազորությունները վերալիազորելու իրավունք, 29.07.2015 թվականի լիազորագրով  դատավարական լիազորությունները վերալիազորել է փաստաբան Ստեփան Ոսկանյանին: Հետևաբար վերալիազորման արդյունքում փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացնում է ոչ թե Աշոտ Աթոյանին, այլ` դատավարական իրավունքներ կրող Հովհաննես Մովսեսյանին, որի անունից էլ ներկայացվել է վերաքննիչ բողոքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբան Ստեփան Ոսկանյանը հանդես է եկել որպես Հովհաննես Մովսեսյանի ներկայացուցիչ, և նա լիազորված է ներկայացնելու վերջինիս շահերը դատական ատյաններում, այդ թվում նաև՝ Վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման եղանակով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ  Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում վերաքննիչ բողոք բերելու սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությանը, քանի որ նման պայմաններում այն դառնում է առարկայազուրկ, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական կարգավորումները, փաստել է, որ ցանկացած դատավարական գործողություն կարող է կատարվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել բացառապես այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի կողմից կայացվում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում, որում վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու համար ժամկետ չի սահմանվում, և նման պայմաններում կրկին ներկայացվում է վերաքննիչ բողոք, ապա վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը պետք է որոշվի կոնկրետ դատական ակտի բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետների հաշվառմամբ: Հետևաբար այդ ժամկետների ավարտից հետո վերստին ներկայացված բողոքը վերաքննիչ դատարանի կողմից կարող է վարույթ ընդունվել միայն այն դեպքում, երբ բողոքին կից ներկայացվել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, և այն բավարարվել է վերաքննիչ դատարանի կողմից (տե´ս, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸընդդեմ Կիմա Վարդանյանի թիվ ԵԿԴ/4214/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանի 01.04.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, որի դեմ Հովհաննես Մովսիսյանի ներկայացուցիչ Աշոտ Աթոյանի կողմից առաջին անգամ բերվել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 2): Վերաքննիչ դատարանի 14.05.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձ Աշոտ Աթոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ բողոքում առկա թերությունները վերացնելու և կրկին վերաքննիչ բողոք բերելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 43): Աշոտ Աթոյանը երկրորդ անգամ է ներկայացրել վերաքննիչ բողոք՝ միջնորդելով հետաձգել պակաս վճարված պետական տուրքի գումարը (հատոր 2-րդ, գ.թ. 61): Վերաքննիչ դատարանի 11.06.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Մովսեսյանի լիազորված անձ Աշոտ Աթոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ առանց ժամկետի տրամադրման (հատոր 2-րդ, գ.թ. 86): Աշոտ Աթոյանի և փաստաբան Ստեփան Ոսկանյանի կողմից ներկայացվել է երրորդ վերաքննիչ բողոքը, որը Վերաքննիչ դատարանի 10.07.2015 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 101, 131): Աշոտ Աթոյանը և փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրել են չորրորդ վերաքննիչ բողոքը` միջնորդելով բաց թողնված ժամկետը վերականգնել` վերաքննիչ բողոքին կցելով 29.07.2015 թվականի լիազորագիրը, որով Աշոտ Աթոյանը վերալիազորել է փաստաբան Ստեփան Ոսկանյանին (հատոր 3-րդ, գ.թ. 10): Վերաքննիչ դատարանի 06.08.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ բողոքում առկա թերությունները վերացնելու համար: Որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է երկու հանգամանք՝

1.Աշոտ Աթոյանը, Հովհաննես Մովսիսյանի անունից լիազորված չլինելով վերաքննիչ բողոք ներկայացնել, իրավասու չէր իր հերթին վերալիազորել վերջինիս անունից փաստաբան Ստեփան Ոսկանյանին, որպիսի պայմաններում փաստաբան Ստեփան Ոսկանյանը չի կարող դիտվել որպես Հովհաննես Մովսիսյանի ներկայացուցիչ,

2. ինչ վերաբերում է, վերաքննիչ  բողոք բերելու սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ նման պայմաններում այն դառնում է առարկայազուրկ (հատոր 3-րդ, գ.թ. 38)

Հաշվի առնելով վերը շարադրվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Մովսեսյանի՝ վերաքննիչ  բողոք բերելու սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է որոշել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
 

Ն. Տավարացյան