Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1599/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1599/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 14-ին

քննարկելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), «Նեման Տրանս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն), Սամվել և Լյուդվիկ Պողոսյանների, Լիլիթ և Արթուր Գրիգորյանների` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու պահանջների մասին, և ըստ Լիլիթ Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի և Ընկերության, երրորդ անձինք Կազմակերպության, Սամվել և Լյուդվիկ Պողոսյանների ու Արթուր Գրիգորյանի` պայմանագրերը չկնքված համարելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից, Սամվել և Լյուդվիկ Պողոսյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել 584.106,7 ԱՄՆ դոլար և 11.239.790,40 ՀՀ դրամ, սկսած 11.06.2014 թվականից մինչև վարկի մնացորդի գումարները Բանկին վերադարձնելու օրը վարկի փաստացի մնացորդների նկատմամբ հաշվարկել և Ընկերությունից, Կազմակերպությունից, Սամվել և Լյուդվիկ Պողոսյաններից համապարտության կարգով հoգուտ Բանկի բռնագանձել թիվ 365486, թիվ 363529 և թիվ 359279 համաձայնագրերի 1.2 կետով նախատեսված տարեկան 12.5% տոկոսադրույքն ու թիվ 026415 համաձայնագրի 2.2 կետով նախատեսված 16.5% տոկոսադրույքը, սկսած 11.06.2014 թվականից մինչև պարտավորությունների ամբողջական կատարումը ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկել և Ընկերությունից, Կազմակերպությունից, Սամվել և Լյուդվիկ Պողոսյաններից համապարտության կարգով հoգուտ Բանկի բռնագանձել թիվ ՀՎՊ-359279/2 լրացուցիչ համաձայնագրով նախատեսված տույժերը՝ 0,15% ժամկետանց վարկի դեպքում և 0,4% ժամկետանց տոկոսագումարի դեպքում` պարտքի գումարի բռնագանձումը տարածելով նաև գրավի առարկաների վրա:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լիլիթ Գրիգորյանը պահանջել է 30.10.2012 թվականին Բանկի, Ընկերության, Լյուդվիկ Պողոսյանի և իր միջև կնքված «Պարտապան չհանդիսացող անձանց անշարժ գույքի գրավի» թիվ 1C275784 և թիվ 1C275779 պայմանագրերը համարել չկնքված:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 23.06.2016 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2016 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 218-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 29.07.2016 թվականին ժամը 11:30-ին դատական նիստ նշանակելու մասին Վերաքննիչ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը Բանկն ուշացումով է ստացել, այսինքն`Բանկը պատշաճ ձևով չի ծանուցվել այդ օրը նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով գործի նյութերը, անհիմն հետևություն է արել այն մասին, թե իբր Բանկը զրկված չի եղել կասեցման միջնորդության քննարկման ժամանակ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու և քննելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորությունից` անտեսելով, որ նշված միջնորդությունը ներկայացվել է Բանկի կողմից, սակայն այն Դատարանի որոշմամբ  մերժվել է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.07.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով դեռևս մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որը չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով դատավարական իրավունքի էական խախտում է: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը  (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և  Լիանա  Կազկոների  և  մյուսների  թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):

Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը 03.07.2014 թվականից արդեն իսկ գործում է այլ խմբագրությամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նոր կարգավորումներով նախատեսված փոփոխությունների և լրացումների բովանդակությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց նկատմամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության հարցին: Այսպես` 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսում: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:

Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանում դատական նիստին ներկա գտնվելու իրավունքն անվերապահորեն ճանաչել է միայն բողոք բերող անձի առնչությամբ, չնայած, միաժամանակ, թե՛ բողոք բերող անձին, թե՛ գործին մասնակցող անձանց դատական նիստին կանչելը (հրավիրելը, ծանուցելը) սահմանվել է որպես վերաքննիչ դատարանի «հայեցողական լիազորություն», քանի որ վերջինս այդ գործողությունները կատարում է միայն համապատասխան «անհրաժեշտության դեպքում»:

Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել փաստել, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը (օրինակ` դատական կազմի մեջ ընդգրկված դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացում և այլն) չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 22.07.2016 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործի քննությունը 29.07.2016 թվականին ժամը 11:30-ին Վերաքննիչ դատարանի շենքում նշանակելու մասին: Այդ որոշումը Վերաքննիչ դատարանը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է նաև Բանկին (հատոր 3-րդ, գ.թ. 17): Նշված որոշումը Բանկն ստացել  է  01.08.2016  թվականին  (հատոր 3-րդ,  գ.թ. 19): 29.07.2016 թվականին ժամը 11:30-ին, նշանակված դատական նիստին Բանկը ներկա չի եղել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքները, արձանագրել է, որ «չնայած պատշաճ ծանուցմանը` գործին մասնակցող անձինք դատական նիստին չեն ներկայացել», և բողոքի քննությունը հայտարարելով ավարտված, նույն օրը հրապարակել է դատական ակտը` մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը (հատոր 3-րդ, գ.թ. 38):

Այսինքն` 29.07.2016 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Բանկը ծանուցվել է միայն նիստից երեք օր հետո, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող 29.07.2016 թվականի դրությամբ հետևություն անել այն մասին, որ Բանկը պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: 

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չապահովելով Բանկի` վերաքննիչ բողոքի քննության վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նման խախտում թույլ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում դրանց անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2016 թվականի թիվ ԵԷԴ/1599/02/14 որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
 

Ն. Տավարացյան