ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1247-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՇՏՈՒՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի ու 24-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սյունիքի մարզպետարանի ենթակայության «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 79.210.00267, գրանցման օրը՝ 26.12.2002 թ.) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 79.210.00268, գրանցման օրը՝ 27.12.2002 թ.):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրի 4-րդ փողոցի N 1 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 787.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.05 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2011 թվականի փետրվարի 24-ի N 2809306 վկայական) և 4-րդ փողոցի N 4 հասցեում գտնվող սպորտդահլիճի շենքը՝ 378.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 88.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, պահակատունը՝ 17.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.158 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2011 թվականի փետրվարի 24-ի N 2809307 վկայական), հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին։
3. Սահմանել, որ`
1) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և դրան են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխություններով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության մշակումը.
3) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Սյունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Մեղրու տարածաշրջան» ենթաբաժնից հանել «84. Տաշտունի հիմնական դպրոց» կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 12 Երևան |