ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0056/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0056/02/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ա. Հունանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների ընդդեմ Վահագն Սահակյանի, երրորդ անձ Երևանի «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի` գործարքն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, և ըստ Վահագն Սահակյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների` անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանները պահանջել են 13.06.2012 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց սեփականության իրավունքը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վահագն Սահակյանը պահանջել է պարտավորեցնել Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյաններին ազատել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը և այն հանձնել իրեն:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) 16.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Բարսեղյան, Ս. Միքայելյան, Հ. Ենոքյան) 17.04.2015 թվականի որոշմամբ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 31.01.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2017 թվականի որոշմամբ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.01.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետը և 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ խաբեությամբ և հանցավոր եղանակով Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյաններից վերցվել է լիազորագիր, որի միջոցով կնքվել է վիճարկվող առուվաճառքի պայմանագիրը: Նշվածը հաստատվում և հիմնավորվում է սույն գործում առկա` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2013 թվականի թիվ ԵՇԴ/0006/01/13 օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ըստ որի` Սամվել Գասպարյանը, չարաշահելով տուժողներ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների վստահությունը, նրանց բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, խաբեությամբ, նոտարական վավերացմամբ նրանցից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012 թվականին կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով վաճառել է սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը` խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գույք։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների կողմից 26.05.2012 թվականին Սամվել Գասպարյանին տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն` վերջինս լիազորվել է իր հայեցողությամբ տնօրինել՝ օգտագործել, իր նախընտրած պայմաններով և գնով վաճառել, փոխանակել, վարձով, անհատույց օգտագործման հանձնել կամ իր հայեցողությամբ որոշված պայմաններով, ցանկացած բանկում և ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ, ցանկացած վարկառուի կամ փոխառուի ստանալիք վարկի կամ փոխառության դիմաց գրավ դնել և գրավից հանել, սեփականության իրավունքով նրանց պատկանող՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ հասցեում գտնվող բնակարանը, իրենց անունից կնքել և ստորագրել նախավճարի, առուվաճառքի, տարաժամկետ վճարումով առուվաճառքի, վարձակալության, անհատույց օգտագործման պայմանագրեր (հատոր 1-ին, գ.թ. 21).
2) Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների անունից նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա որպես վաճառող հանդես եկող Սամվել Գասպարյանի և որպես գնորդ հանդես եկող Վահագն Սահակյանի միջև 13.06.2012 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Սամվել Գասպարյանը վաճառել է, իսկ Վահագն Սահակյանը որպես սեփականություն 8.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 7).
3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 18.06.2012 թվականին տրված թիվ 18062012-01-0724 վկայականի համաձայն՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Վահագն Սահակյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 8).
4) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0006/01/13 քրեական գործով 17.10.2013 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է, որ Սամվել Գասպարյանը, չարաշահելով տուժող Մարի Ղումաշյանի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով 26.05.2012 թվականին խաբեությամբ, նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012 թվականին առուվաճառքի պայմանագրով Մարի Ղումաշյանին պատկանող` 9.600.000 ՀՀ դրամ արժողությամբ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը 20.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Վահագն Սահակյանին` խարդախությամբ հափշտակելով տուժող Մարի Ղումաշյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը (հատոր 1-ին, գ.թ. 124-133):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու նախադրյալներին այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գույքը ձեռք է բերվել այն օտարելու լիազորություն չունեցող անձից:
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից։
Վկայակոչված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ գույքը ձեռք բերողը կարող է օրենսդրության տեսանկյունից դիտվել որպես բարեխիղճ ձեռք բերող, եթե գույքը ձեռք է բերել այն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ: Օրենսդիրն ամրագրել է այն ելակետային դրույթը, որ այս պարագայում գույքը հետ չի կարող պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ նախապայմանների առկայության պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն է նախատեսված նման գույքը հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից, ինչը նպատակ է հետապնդում հավասարակշռելու նաև գույքի սեփականատիրոջ իրավունքները` հաշվի առնելով, որ որոշ դեպքերում հնարավոր է, որ գույքը վերջինիս տիրապետությունից դուրս եկած լինի անկախ սեփականատիրոջ կամքից: Այս պարագայում օրենսդիրն առաջնորդվել է այն դրույթով, որ սեփականատերը նպատակ չի ունեցել գույքը տնօրինելու օտարման եղանակով: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը սահմանել է, որ բարեխիղճ ձեռք բերողից սեփականատերն իրավունք ունի տվյալ գույքը պահանջելու հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`
1. գույքը ձեռք է բերվել հատուցմամբ,
2. գույքը ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,
3. գույքը ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,
4. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին, արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ՝ գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրu է եկել նրա կամքից անկախ պատճառներով (տե′ս, Լաուրա Ամիրյանն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի թիվ 3-1311 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ նախապայմանների միաժամանակյա առկայությունը բավարար է, որպեսզի սեփականատերը վերականգնի իր սեփականության իրավունքը` չնայած այն հանգամանքին, որ գույք ձեռք բերողը հանդիսացել է բարեխիղճ ձեռք բերող: Հետևաբար նշված նախապայմանները պետք է քննարկման առարկա դարձվեն և պարզվեն գործի քննության ընթացքում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ գույքը օտարելու լիազորության բացակայության դրսևորումներն օրենսդիրն հստակ չի թվարկել` դատարաններին հնարավորություն տալով այդ մասին հետևություններ անելու՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Մասնավորապես` այդ հանգամանքի մասին կարող են վկայել, օրինակ, գույքն օտարողի մոտ սեփականության իրավունքի բացակայությունը, սեփականատիրոջ անունից հանդես գալու լիազորության բացակայությունը և այլն:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավիճակին, երբ գույքն օտարվել է սեփականատիրոջ անունից հանդես եկող ներկայացուցչի կողմից, սակայն առանց բավարար լիազորությունների առկայության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ լիազորագիրը` որպես միակողմ գործարք, նախևառաջ հանդիսանալով կամային ակտ` պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին: Հետևաբար այն պարագայում, երբ լիազորագրում արտացոլված բովանդակությունն իրականում չի համապատասխանում լիազորողի ներքին կամքին, այսինքն` լիազորողը նման կամահայտնությամբ հանդես չի եկել, ապա լիազորագրի հիման վրա կատարված գործողություններին գնահատական տալիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև այն հանգամանքից, որ ներկայացուցչի կողմից ներկայացվողի անունից լիազորագրի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար, ուստի եթե լիազորագրի բովանդակությունը չի համապատասխանում ներկայացվողի ներքին կամքին, այսինքն՝ ներկայացվողը նպատակ չի հետապնդել առաջացնելու լիազորագրում նշված իրավահարաբերությունները, ապա նպատակ չի հետապնդել նաև դրա հիման վրա կնքելու գործարք: Այլ կերպ ասած, երբ վիճարկվում է լիազորագրի հիման վրա կնքված գործարքն այն հիմնավորմամբ, որ ներկայացվողի անունից ներկայացուցիչը բավարար լիազորություններ չի ունեցել կնքելու նման գործարք, ապա դատարանի կողմից գնահատման առարկա պետք է դարձվի նաև լիազորագրի բովանդակությունը և այն հանգամանքը, թե վերջինս որքանով է համապատասխանում ներկայացվողի ներքին կամքին և արտացոլում վերջինիս արտաքին կամահայտնությունը:
Նշված հանգամանքները ենթակա են պարզման գործի դատական քննության ընթացքում, ինչն իրականացնելու համար դատարաններն օժտված են համապատասխան լիազորություններով` արտացոլված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով: Մասնավորապես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանները, հիմք ընդունելով ապացույցների գնահատման վերոգրյալ կանոնները, պետք է առաջնորդվեն նաև այն հանգամանքով, որ որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի: Այսինքն` բոլոր ապացույցները պետք է գնահատվեն գործն ըստ էության լուծող դատական ակտով` ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան: Նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը կատարել է բացառություն: Այդ բացառություններից է, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթը, որի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց՝ հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին` արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.
1. արդյո՞ք կատարվել են որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),
2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (հանցագործության սուբյեկտ) (տե՛ս, Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների կողմից 26.05.2012 թվականին Սամվել Գասպարյանին տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն` վերջինս լիազորվել է իր հայեցողությամբ տնօրինել` օգտագործել, իր նախընտրած պայմաններով և գնով վաճառել, փոխանակել, վարձով, անհատույց օգտագործման հանձնել կամ իր հայեցողությամբ որոշված պայմաններով, ցանկացած բանկում և ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ, ցանկացած վարկառուի կամ փոխառուի ստանալիք վարկի կամ փոխառության դիմաց գրավ դնել և գրավից հանել սեփականության իրավունքով նրանց պատկանող՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ հասցեում գտնվող բնակարանը, իրենց անունից կնքել և ստորագրել նախավճարի, առուվաճառքի, տարաժամկետ վճարումով առուվաճառքի, վարձակալության, անհատույց օգտագործման պայմանագրեր: Հետագայում Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների անունից նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա որպես վաճառող հանդես եկող Սամվել Գասպարյանի և որպես գնորդ հանդես եկող Վահագն Սահակյանի միջև 13.06.2012 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Սամվել Գասպարյանը վաճառել է, իսկ Վահագն Սահակյանը որպես սեփականություն 8.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 18.06.2012 թվականին տրված թիվ 18062012-01-0724 վկայականի` Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Վահագն Սահակյանի սեփականության իրավունքը: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0006/01/13 քրեական գործով 17.10.2013 թվականի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է, որ Սամվել Գասպարյանը, չարաշահելով տուժող Մարի Ղումաշյանի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով 26.05.2012 թվականին խաբեությամբ, նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012 թվականին առուվաճառքի պայմանագրով Մարի Ղումաշյանին պատկանող` 9.600.000 ՀՀ դրամ արժողությամբ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը 20.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Վահագն Սահակյանին` խարդախությամբ հափշտակելով տուժող Մարի Ղումաշյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով և հակընդդեմ հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ «վիճելի գործարքը կնքվել է Մարի Ղումաշյանի, Մամիկոն Ղումաշյանի, Գայանե Ղումաշյանի և Անժելա Ղումաշյանի կողմից Սամվել Գասպարյանին 26.05.2012 թվականին տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա, որը սկզբնական հայցով հայցվորների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի հիմքով երբևէ չի վիճարկվել»: Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ «թիվ ԵՇԴ/0006/01/13 քրեական գործով հիմնավորվել է 26.05.2012 թվականին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով ձեռք բերելու փաստը, որպիսի հանգամանքը չի կարող դիտվել որպես 13.06.2012 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը խաբեությամբ կնքված լինելու փաստը հիմնավորող ապացույց, քանի որ սկզբնական հայցով հայցվորների կողմից Սամվել Վահանի Գասպարյանին 26.05.2012 թվականին տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագիրը (գործարքը) վիճարկված չլինելու պայմաններում, դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրը խաբեությամբ կնքված լինելու հանգամանքը սույն գործով որևէ կերպ չի ապացուցվել»:
Վերաքննիչ դատարանը, «հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով քրեական գործերով օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով նախադատելի նշանակություն ունեն միայն որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք», գտել է, որ «17.10.2013 թվականի թիվ ԵՇԴ/0006/01/13 դատավճռով հաստատված փաստերն առանց լիազորագիրն անվավեր ճանաչելու պահանջ Դատարանին ներկայացնելու՝ անվավեր չեն դարձնում լիազորագիրը»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «լիազորագիրը չվիճարկվելու և անվավեր ճանաչված լինելու մասին այլ ապացույցների բացակայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի ուժով լիազորագրի հիմքով կնքված առուվաճառքի պայմանագիրն անմիջական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում սույն գործով հայցվոր կողմի համար»:
Մինչդեռ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններս անտեսել են այն հանգամանքը, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2013 թվականի թիվ ԵՇԴ/0006/01/13 դատավճռով հաստատվել է, որ Սամվել Գասպարյանը, չարաշահելով տուժող Մարի Ղումաշյանի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 26.05.2012 թվականին խաբեությամբ, նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի միջոցով 13.06.2012 թվականին առուվաճառքի պայմանագրով Մարի Ղումաշյանին պատկանող` 9.600.000 ՀՀ դրամ արժողությամբ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ բնակարանը 20.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Վահագն Սահակյանին` խարդախությամբ հափշտակելով տուժող Մարի Ղումաշյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով սույն գործը քննող դատարանների համար առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որն ունի նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն, քանի որ առկա է ինչպես հանցագործության օբյեկտիվ կողմը, այնպես էլ՝ հանցագործության սուբյեկտը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Սամվել Գասպարյանը վիճելի գույքն օտարելիս առերևույթ ունեցել է լիազորություն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականության իրավունքով հայցվորներին պատկանող` Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 47/19 շենքի 15-րդ հասցեում գտնվող բնակարանը, սակայն դատավճռով հաստատված նախադատելի փաստերից հետևում է, որ լիազորագրի բովանդակությունը չի համապատասխանել ներկայացվողների իրական կամքին։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «լիազորագիրը չվիճարկվելու և անվավեր ճանաչված լինելու մասին այլ ապացույցների բացակայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի ուժով լիազորագրի հիմքով կնքված առուվաճառքի պայմանագիրն անմիջական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում սույն գործով հայցվոր կողմի համար», Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ վերը նշված պատճառաբանությունները հիմք ընդունելով, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումն անհիմն է, քանի որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2013 թվականի թիվ ԵՇԴ/0006/01/13 դատավճռով հաստատվել է, որ 26.05.2012 թվականին Սամվել Գասպարյանին տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ձեռք է բերվել խաբեությամբ, ուստի լիազորողներն իրականում նպատակ չեն ունեցել օտարելու բնակարանը: Այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, որն ունի նախադատելի նշանակություն, արդեն իսկ հաստատվել է այն հանգամանքը, որ լիազորագրի բովանդակությունը չի համապատասխանել ներկայացվողների իրական կամքին, որպիսի պայմաններում լիազորագիրը վիճարկելու պարտականությունն անհարկի կարող է ծանրաբեռնել կողմին` ստեղծելով ձևական արգելքներ և անհարկի ձգձգումներ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության իրավունքի իրացման համար, ինչը և անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.10.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.10.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան