Գլխավոր տեղեկություն
Համար
N 500-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.01/32(601) Հոդ.382
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 նոյեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 500-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 28-րդ կետում «անձը պարտավոր է» բառերից հետո լրացնել «Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով (այսուհետ՝ Նախագիծ),» բառերը.

2) Կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ինքնակամ կառույցների օրինականացման, անհրաժեշտության դեպքում` նաև տնօրինման մասին որոշումների» բառերը.

3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-րդ և 29.1-րդ կետերով.

«28.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում Արտադրության լիցենզիա ունեցող անձինք Նախագծի և 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով են ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, անհրաժեշտության դեպքում՝ նաև տնօրինման մասին որոշումների պատճենները:».

«29.1. Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամկետում Նախագիծը հանձնաժողով չներկայացնելու դեպքում նշված ժամկետը համարվում է երկարաձգված նախկին ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը՝ հետևյալ պայմաններով.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում՝ առանց որևէ վարչական և ֆինանսական պատասխանատվության.

2) 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքում՝ սույն կարգի N 3 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) Սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Արտադրության լիցենզիայի գործողությունը կասեցվում է:».

4) Կարգի 31-րդ կետի 1-ին ենթակետում «նախագիծը» բառից առաջ լրացնել «կայանի վերակառուցման» բառերը.

5) Կարգի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է նաև հետևյալ դեպքերում.

1) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում.

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից՝ Արտադրության լիցենզիայով ամրագրված՝ Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը սույն կարգի 29.1 կետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվելուց հետո սահմանված ժամկետում այն Հանձնաժողով չներկայացնելու դեպքում:».

6) Կարգի 47.1-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ մարմնի» բառերը փոխարինել «դատարանի» բառով.

7) Կարգի N 3 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու` լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետը Հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի 29.1 կետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվել է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան