ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
30 հունիսի 2015 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 26.06.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` 2015 թվականի հունիսի 26-ին` Երևանում:
2. Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հարապետության պաշտպանունակության ամրապնդման համար ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորումն է:
3. Համաձայնագրով Ռուսաստանի Դաշնության կառավարությունը (ռուսական կողմ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը (հայկական կողմ) տրամադրում է 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ բացառապես ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար՝ համաձայն Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված ցանկի: Վարկի գծով պարտքի հաշվառումը կատարվում է ԱՄՆ դոլարով:
4. Համաձայնագիրն ունի 4 հավելված՝ Հավելված 1. (ռազմական նշանակության արտադրանքների ցանկը, գաղտնի), Հավելված 2. «Դիմում պայմանագրի ֆինանսավորման վերաբերյալ», Հավելված 3. «Հաստատում պայմանագրի ֆինանսավորման վերաբերյալ» և Հավելված 4. «Մերժում պայմանագիրը ֆինանսավորելուց»:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից (այսուհետ` Պայմանագրեր) յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար, որոնք կնքվում են Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան Պայմանագրերում նշված ռուսական և հայկական կազմակերպությունների միջև (այսուհետ` Լիազորված կազմակերպություններ) (հոդված 1, կետ 2 և հոդված 2, կետ 1),
- ռուսական Լիազորված կազմակերպությունների օգտին, ռուսական ռուբլով, կատարել կանխավճարային վճարումներ` յուրաքանչյուր Պայմանագրի արժեքի 10 տոկոսից ոչ պակաս (հոդված 1, կետ 3),
- վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով (հոդված 2, կետ 5),
- 2018թ. փետրվարի 15-ից՝ 10 տարվա ընթացքում, հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, մարել վարկի փաստացի օգտագործված գումարը (այսուհետ՝ հիմնական պարտք) (հոդված 3),
- վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև հիմնական պարտքի մարման վերջնական ամսաթիվը՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել տոկոսների վճարում` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով (հոդված 4, կետեր 1 և 2):
6. Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է հայկական և ռուսական Լիազորված կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքում, որոնցով որոշվում են Համաձայնագրի շրջանակներում արտադրանքի մատակարարումների ծավալները, ժամկետները և գինը:
7. Համաձայնագրում հղում է կատարվում 2003թ. հունվարի 17-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին (ՀՀ կողմից վավերացվել է 2003 թվականի մարտի 26-ին) և 2013թ. հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրին (ՀՀ կողմից վավերացվել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ին):
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման սահմանադրական սկզբունքների էությունից և նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության հետագա ամրապնդմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
30 հունիսի 2015 թ. ՍԴՈ-1223 |