Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.31
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0501/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0501/02/14
2015թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան  

Դատավորներ`

Կ. Հակոբյան
 

Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆլորա Ավագյանի ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ֆլորա Ավագյանի ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի և Ալվարդ Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ֆլորա Ավագյանը պահանջել է Էդուարդ Աղաջանյանից և Ալվարդ Հովհաննիսյանից համապարտության կարգով բռնագանձել 350.000 ՀՀ դրամ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները` սկսած 15.03.2014 թվականից մինչև վճռի կատարման օրը, ինչպես նաև 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 07.07.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.11.2014 թվականի որոշմամբ Ֆլորա Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.07.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆլորա Ավագյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանն անտեսել է կողմերի միջև պարտավորական հարաբերությունների առկայությունը: Մասնավորապես` 28.02.2014 թվականի պարտավորագրի համաձայն` Էդուարդ Աղաջանյանը և Ալվարդ Հովհաննիսյանը պարտավորվել են մինչև 15.03.2014 թվականը Ֆլորա Ավագյանին վճարել 350.000 ՀՀ դրամ: Մինչդեռ Դատարանը, չկիրառելով պարտավորությունների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ հոդվածները, որոնք դրվել են նաև հայցի հիմքում, անհիմն կերպով հայցը մերժել է:

Թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը չեն իրականացրել գործում առկա ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի թիվ ԱՎԴ3/0042/02/10 և 12.03.2010 թվականի թիվ ԵՄԴ/0134/02/08 որոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.11.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 28.02.2014 թվականին տրված պարտավորագրի համաձայն` Էդուարդ Աղաջանյանը և Ալվարդ Հովհաննիսյանը պարտավորվել են Ֆլորա Ավագյանին մինչև 15.03.2014 թվականը վճարել 350.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 16):

2. 23.06.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Ֆլորա Ավագյանը և Ալվարդ Հովհաննիսյանը գտնվել են վարձակալական հարաբերությունների մեջ, և Ալվարդ Հովհաննիսյանի պարտավորությունը Ֆլորա Ավագյանի հանդեպ երկու ամսվա վարձավճարի և կոմունալ ծախսերի գումար է (դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ.թ. 100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ3/0042/02/10 քաղաքացիական գործով 04.03.2011 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի մեկնաբանությունը (արտահայտված Վերաքննիչ դատարանի գործողություններում) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0134/02/08 քաղաքացիական գործով 12.03.2010 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ և 408-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք «պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որը բովանդակում է որոշակի չափով գումար վճարելու վերաբերյալ նշում, կարող է պարտավորական իրավահարաբերության ծագման հիմք հանդիսանալ և բավարար ապացույց համարվել այդ իրավահարաբերության առկայության փաստը հաստատված համարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ պարտավորագիրը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ (տե′ս, Մելիք Ավետյանն ընդդեմ Անահիտ Ենոքյանի թիվ ԱՎԴ3/0042/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ քաղաքացիական շրջանառությունում պարտավորագիրը, որպես կանոն, կազմվում է կողմերի միջև առկա իրավահարաբերությունը դադարելիս փոխադարձ հաշվարկների արդյունքում՝ մի կողմի մյուսի հանդեպ որոշակի պարտավորության ստանձմամբ կամ պարտքի ճանաչման դեպքում: Պարտավորագրի պարագայում էականը կողմի կամահայտնության դրսևորումն է՝ անկախ դրան նախորդած այս կամ այն իրադարձությունից կամ փաստական հանգամանքից: Այն դեպքում, երբ այդպիսի կամահայտնությունը ստացել է գրավոր ամրագրում, և առկա չէ որևէ ապացույց, որն ակնհայտորեն հաստատում է որևէ այլ կամահայտնության դրսևորման փաստ, պարտավորագիրն ինքնին հանդիսանում է պարտավորության ծագման հիմք և այդ փաստը հաստատող բավարար ապացույց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, ըստ դիմումի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի` Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 31.10.2008 թվականի վճիռը պարզաբանելու մասին թիվ ԵՄԴ/0134/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցի մերժման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածները, պատճառաբանել է, որ գործով չի հիմնավորվել Ֆլորա Ավագյանի կողմից Էդուարդ Աղաջանյանին և Ալվարդ Հովհաննիսյանին 350.000 ՀՀ դրամ փոխառությամբ տրամադրելու փաստը, քանի որ Ֆլորա Ավագյանի կողմից որպես փոխառության առկայությունը հաստատող ապացույց` պարտավորագիրը, տեղեկություն չի պարունակում 350.000 ՀՀ դրամ Ֆլորա Ավագյանի կողմից Էդուարդ Աղաջանյանին և Ալվարդ Հովհաննիսյանին փոխառության կարգով տրամադրելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով Ֆլորա Ավագյանի կողմից Դատարան է ներկայացվել գումարի բռնագանձման պահանջ, որի իրավական հիմքում Ֆլորա Ավագյանը դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոխառությանը և պարտավորաիրավական հարաբերություններին վերաբերող նորմերը: Այսինքն` Դատարանը պարտավոր է եղել հայցը քննել ներկայացված կոնկրետ պահանջի շրջանակներում, իսկ սույն դեպքում որպես պահանջը հիմնավորող փաստական հիմքեր հայցվորը վկայակոչել է կողմերի միջև առկա փոխառության հարաբերությունները և գտել է, որ Դատարանն իրավացիորեն կատարել է եզրահանգում առ այն, որ Ֆլորա Ավագյանը չի հիմնավորել 350.000 ՀՀ դրամն Էդուարդ Աղաջանյանին և Ալվարդ Հովհաննիսյանին փոխառությամբ տրամադրված լինելու հանգամանքը: Մասնավորապես, Դատարան ներկայացված պարտավորագիրը տեղեկություն չի պարունակում Ֆլորա Ավագյանի կողմից Էդուարդ Աղաջանյանին և Ալվարդ Հովհաննիսյանին փոխառությամբ 350.000 ՀՀ դրամ տրամադրելու վերաբերյալ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, թե իր կողմից վկայակոչվել են նաև պարտավորության վերաբերյալ նորմերը, որոնք արդեն իսկ բավարար էին ներկայացված հայցը բավարարելու համար, նշել է, որ տվյալ պարագայում Ֆլորա Ավագյանի կողմից չի ներկայացվել պատասխանողների պարտավորության ծագման հիմքը, չի հստակեցվել, թե ինչի հիման վրա են պատասխանողները պարտավորվել հայցվորին վճարել 350.000 ՀՀ դրամ` որևէ պայմանագրի, վնասի պատճառելու, թե այլ հիմքով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ արձանագրում է հետևյալը.

Սույն գործում առկա՝ 28.02.2014 թվականի պարտավորագրով Էդուարդ Աղաջանյանը և Ալվարդ Հովհաննիսյանը պարտավորվել են մինչև 15.03.2014 թվականը Ֆլորա Ավագյանին վճարել 350.000 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ 28.02.2014 թվականի պարտավորագիրն Էդուարդ Աղաջանյանի և Ալվարդ Հովհաննիսյանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով Էդուարդ Աղաջանյանը և Ալվարդ Հովհաննիսյանն ընդունել են իրենց պարտքը Ֆլորա Ավագյանի հանդեպ: Այսինքն` 28.02.2014 թվականի պարտավորագրի առկայության պայմաններում Էդուարդ Աղաջանյանի, Ալվարդ Հովհաննիսյանի և Ֆլորա Ավագյանի միջև առաջացել են պարտավորական իրավահարաբերություններ, անկախ այն հանգամանքից՝ պարունակում է պարտավորագիրը որևէ տեղեկություն պարտքի գոյացման հիմքի մասին, թե` ոչ: Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավանորմերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, սխալ եզրահանգման են եկել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, ինչը հանգեցրել է նաև գործի սխալ լուծման: Ավելին, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «Ֆլորա Ավագյանի կողմից չի ներկայացվել պատասխանողների պարտավորության ծագման հիմքը, չի հստակեցվել, թե ինչի հիման վրա են պատասխանողները պարտավորվել հայցվորին վճարել 350.000 ՀՀ դրամ» ոչ միայն հաշվի չի առել, որ պարտավորագիրն ինքնին պարտավորության ծագման ինքնուրույն հիմք է, այլև անտեսել է, որ Էդուարդ Աղաջանյանը 23.06.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ հայտնել է, որ Ֆլորա Ավագյանը և Ալվարդ Հովհաննիսյանը գտնվել են վարձակալական հարաբերությունների մեջ, և որ Ալվարդ Հովհաննիսյանի պարտավորությունը Ֆլորա Ավագյանի հանդեպ երկու ամսվա վարձավճարի և կոմունալ ծախսերի գումարն է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ և 408-րդ հոդվածների սխալ մեկնաբանության արդյունքում սխալ են գնահատել նաև 28.02.2014 թվականի պարտավորագիրը և գործում առկա այլ ապացույցները, ինչն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան