ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի որոշում Քաղաքացիական գործ թիվ 3-1112(ՎԴ) 2005 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1112(ՎԴ) 2005 2015 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյանների` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու և տարածքից վտարելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյաններին պարտադրել կնքելու Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր և վերջիններիս վտարել զբաղեցրած տարածքից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 01.03.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (դատավորներ` Վ. Ավանեսյան, Կ. Հակոբյան, Դ. Խաչատրյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճռով բավարարվել է Կազմակերպության հայցն ընդդեմ Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյանների, և վճռվել է նրանց պարտադրել կնքելու Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար 23.080 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով փոխհատուցման դիմաց վերցնելու մասին պայմանագիր ու Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյաններին վտարել զբաղեցրած տարածքից:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), 13.11.2014 թվականի վճռով հաստատված համարելով, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», արձանագրել է, որ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմաններում Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը վերջնական է դարձել 13.02.2015 թվականին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյանների բավարարվել է, և վճռվել է վերջիններիս պարտադրել կնքելու Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր ու Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյաններին վտարել զբաղեցրած տարածքից (գ.թ. 14-15).
2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման (գ.թ. 16-18).
3) Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների գանգատի (գանգատ թիվ 19940/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 13.11.2014 թվականին կայացված վճռում նշելով, որ «Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում արդեն քննել են նմանատիպ բողոքներ և փաստարկներ ու եզրահանգել, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե՛ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Սույն գործով Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների բավարարվել է, և վճռվել է վերջիններիս պարտադրել կնքելու Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր ու Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյաններին վտարել զբաղեցրած տարածքից:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1151-Ն որոշմամբ սահմանված կարգով գույքը պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ Կազմակերպության կողմից Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյաններին 27.10.2004 թվականին ներկայացվել է ընդհանուր 28.988,55 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով հատուցման պայմանով պայմանագիր կնքելու գնային առաջարկ, որը Գրիգոր, Գոհար, Աննա և Նաիրա Ղարիբյանները չեն ընդունել:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների գանգատի (գանգատ թիվ 19940/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 13.11.2014 թվականին կայացված վճռում նշելով, որ «Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում արդեն քննել են նմանատիպ բողոքներ և փաստարկներ ու եզրահանգել, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե՛ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Այսինքն` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի խախտման փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշման վերանայման հիմք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճիռը ենթակա է բեկանման մասնակիորեն՝ միայն Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների դեմ ներկայացված պահանջների մասով՝ նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանի վերը նշված վճռով հիմնավորվել է միայն Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի խախտման փաստը, որպիսի պայմաններում նոր հանգամանք առկա է միայն վերջիններիս մասով, ինչով էլ պայմանավորված՝ նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել միայն Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը:
2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2005 թվականի վճռի` «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Գրիգոր, Գոհար և Աննա Ղարիբյանների մասով բավարարելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |