Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0959/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0959/02/14
2015թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան  

Դատավորներ`

Ս. Միքայելյան
 

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Բերման, Սամվել, Անահիտ և Գևորգ Սիմոնյանների ներկայացուցիչ Ռազմիկ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բերման, Սամվել, Անահիտ և Գևորգ Սիմոնյանների (այսուհետ՝ Համահայցվորներ) ընդդեմ Միշա Սիմոնյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Ա. Չոլակյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շինության առաջին հարկի նկատմամբ, իսկ շինությամբ ծանրաբեռնված և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը թողնել որպես ընդհանուր համատեղ սեփականություն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 10.09.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2015 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համահայցվորների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Միշա Սիմոնյանի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ վերը նշված հասցեում գտնվող տունը գնելու օրվանից այն բաժանվել է երկու մասի, առաջին հարկում բնակվել են Համահայցվորները, իսկ երկրորդ հարկում` պատասխանողն իր ընտանիքի հետ միասին: 1950-ական թվականներից, այսինքն` մինչև Միշա Սիմոնյանի կողմից վիճելի գույքի սեփականատեր դառնալը, մինչև օրս Համահայցվորները շարունակում են բնակվել Երևանի Ա. Չոլակյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շինության առաջին հարկում, որպիսի փաստը վկայում է այն մասին, որ Միշա Սիմոնյանն իր լռությամբ, այսինքն` անգործությամբ, հրաժարվել է Համահայցվորների կողմից օգտագործվող մասից: 1989 թվականին տան առաջին հարկը վերակառուցվել է Համահայցվորների կողմից, իսկ երկրորդ հարկը` պատասխանողի: Նշված հանգամանքը վկայում է Համահայցվորների կողմից վիճելի գույքը բարեխիղճ տիրապետելու փաստը: Ընդ որում, նշված ժամկետում Համահայցվորների կողմից վիճելի անշարժ գույքի տիրապետումը որևէ կերպ չի ընդհատվել, ինչպես նաև սեփականատերը կամ այլ անձինք չեն կատարել որևէ գործողություն` ուղղված Համահայցվորների կողմից տիրապետվող գույքը վերադարձնելուն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև գործում առկա այն ապացույցները, որոնք հաստատում են վիճելի գույքը Համահայցվորների կողմից որպես սեփականը տիրապետելու և Միշա Սիմոնյանի կողմից իր գույքից հրաժարվելու փաստերը:

Վերաքննիչ դատարանն առանց որևէ պատճառաբանության չի ընդունել հայցի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցները, որի արդյունքում անհիմն հետևություն է արել այն մասին, որ գույքը բարեխիղճ տիրապետելու փաստը չի հաստատվել: Այդպիսի ապացույցներ են նաև Բերման Սիմոնյանի հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման, կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման, հեռախոսակապի ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը, ինչպես նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարման անդորրագրերն ու քաղաքացիների հայտարարությունները, վկաների ցուցմունքները: Բացի այդ, հողի հարկի և գույքահարկի վճարումները փոխադարձ համաձայնությամբ հաջորդաբար կատարվել են Բերման Սիմոնյանի և Միշա Սիմոնյանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայել է Դատարանի 10.09.2014 թվականի վճիռը ու, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, իրավաչափ է գնահատել Դատարանի կողմից հայցի մերժումը:

Վճռաբեկ բողոքում չի նշվել, թե Վերաքննիչ դատարանն ինչպիսի խախտում է թույլ տվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 17.12.1952 թվականի որոշմամբ անհատական կարգով բնակարան կառուցելու համար Սերյոժա Միսակի Սիմոնյանին հատկացվել է Զեյթունի 4-րդ կվ. թիվ 11 հողամասը (կադաստարային գործ).

2) Հայկական ՍՍՀ Երևանի 26 կոմիսարների անվան շրջանային սովետի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալի և նույն շրջանի ճարտարապետի կողմից 07.04.1970 թվականին կազմված ավարտական ակտի համաձայն՝ «Սերյոժա Միսակի Սիմոնյանն ավարտել է կառուցումը և տեղում ունի 1-ին հարկ` բաղկացած 3,65x3,3 սենյակից, 2,35x3,3 նախասենյակից, 4x2,2 խոհանոցից, 2,4x5,6 ապակեպատ պատշգամբից և երկրորդ հարկ՝ բաղկացած 3,7x3,3 սենյակից, 2,35x3,3 օժանդակ մակերեսից, 5,6x2,4 ապակեպատ պատշգամբից, 2,4x1,4 խոհանոցից»: Նույն գործկոմն ընդունել է Սերյոժա Միսակի Սիմոնյանի կառուցած բնակարանը և Երքաղսովետի հաշվետեխնիկական բյուրոյին միջնորդել է վերջինիս տալ պլան և գույքաթերթ: Նշված որոշման հիման վրա 21.04.1970 թվականին տրվել է գույքային թերթ (կադաստարային գործ).

3) 28.04.1970 թվականին Երևանի Ն. Զեյթունի թաղային կոմիտեի նախագահի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Երևանի Ն. Զեյթունի 2-րդ փողոցի թիվ 11 հասցեում բնակվել են նաև Բերման, Միշա և Սամվել Սիմոնյանները (կադաստարային գործ).

4) 08.05.1970 թվականին Սերյոժա Միսակի Սիմոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող վերը նշված տնատիրությունը նվիրել է որդուն՝ Միշա Սերյոժայի Սիմոնյանին (կադաստարային գործ).

5) վիճելի հասցեի նկատմամբ գրանցվել է Միշա Սիմոնյանի սեփականության իրավունքը (կադաստարային գործ).

6) 21.07.1988 թվականին Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևանի Սովետական շրջանային գործադիր կոմիտեն Միշա Սերյոժայի Սիմոնյանին թույլատրել է քանդել վերը նշված հասցեում գտնվող տան խարխուլ առաստաղը, միջհարկանի ծածկը և օժանդակ մակերեսների փայտյա կոնստրուկցիաներն ու վերակառուցել այն երկաթ-բետոնյա կոնստրուկցիաներից, միաժամանակ տանը կից կառուցել նոր բնակելի և օժանդակ մակերեսներ` համաձայն Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական հատակագծման գլխավոր վարչության կողմից հաստատված նախագծի (կադաստարային գործ).

7) 02.06.1970 թվականին կազմված հատակագծի համաձայն՝ Երևանի Ն. Զեյթունի 2-րդ փողոցի թիվ 11 տան 1-ին հարկը բաղկացած է եղել 5 սենյակներից՝ համապատասխանաբար 1-1` 3,55քմ, 1-2` 9,81քմ, 1-3` 7,87քմ, 1-4`12,76քմ և հյուրասենյակ` 13,59քմ մակերեսներից: Հետագայում կազմված շենքի ուրվագծի համաձայն` 1-ին հարկը բաղկացած է 8 սենյակներից` համապատասխանաբար 1-8,2քմ, 2-10,4քմ, 3-3,3քմ, 4-1,7քմ, 5-4քմ, 6-28,4քմ, 7-13,6քմ և 8-12,7քմ մակերեսներից: Վերակառուցումից հետո վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունք չի գրանցվել (կադաստարային գործ).

8) Բերման Սիմոնյանը 16.03.1961 թվականից հաշվառված է վերը նշված հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 8-11).

9) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անհատական տնատիրության թիվ 1 հատվածի լիազոր ներկայացուցչի կողմից 22.03.2014 թվականին Գևորգ Սամվելի Սիմոնյանին տրված տեղեկանքի համաձայն` վերը նշված հասցեում բնակվում են ինքը և Բերման, Սամվել ու Անահիտ Սիմոնյանները (հատոր 1-ին, գ.թ. 37).

10) Բերման Սիմոնյանը Երևանի Ա. Չոլակյան փողոցի թիվ 11 հասցեում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման, կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման, բաժանորդներին մատուցվող հեռախոսակապի ծառայությունների, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերով բաժանորդ է (հատոր 1-ին, գ.թ. 12, 17, 22-26).

11) վերը նշված հասցեում օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, աղբահանության, կատարված հեռախոսային խոսակցությունների համար Բերման Սիմոնյանի անվամբ կատարվել են վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 30-32).

12) գործի քննության ժամանակ վկա Միսակ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Բերման Սիմոնյանն իր հորեղբայրն է, իսկ Միշա Սիմոնյանը` իր մյուս հորեղբոր որդին: Վիճելի տունն ամբողջությամբ քանդվել է, որից հետո Բերման Սիմոնյանի անձնական միջոցներով 1989 թվականին վերակառուցվել է տան 1-ին հարկը, իսկ Միշա Սիմոնյանի կողմից` 2-րդ հարկը: Տան կառուցման աշխատանքներին մասնակցել է նաև ինքը: Բերման Սիմոնյանը բնակվել է տան 1-ին հարկում, իսկ Միշա Սիմոնյանը` 2-րդ հարկում (հատոր 1-ին, գ.թ. 134).

13) գործի քննության ժամանակ վկա Սեփանոս Բեյգջյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Բերման Սիմոնյանի հարսի կնքահայրն է: Բերման Սիմոնյանի խնդրանքով վիճելի տան հասցեում կատարել է բետոնապատման աշխատանքներ, որի դիմաց ստացել է գումար և փոխանցել աշխատողներին: Բերման Սիմոնյանը բնակվել է տան 1-ին հարկում, իսկ Միշա Սիմոնյանը` 2-րդ հարկում: Տունը սեփականաշնորհելու համար Միշա Սիմոնյանն իրենից գումար է խնդրել, որն ինքը տվել է, սակայն սեփականաշնորհման գործընթացը մինչև վերջ չի հասցվել (հատոր 1-ին, գ.թ. 134).

14) գործի քննության ժամանակ վկա Գրիգոր Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Բերման Սիմոնյանն իր հորեղբայրն է, իսկ Միշա Սիմոնյանը` իր հարազատ եղբայրը: Վիճելի հասցեում ինքը բնակվել է մինչև 1971 թվականը, որից հետո իր հոր կողմից բնակարան ստանալու կապակցությամբ վերջինիս հետ տեղափոխվել է այլ հասցե: Նշված հասցեում շարունակվել են բնակվել Բերման Սիմոնյանը և Միշա Սիմոնյանը: Իրենց տեղափոխվելուց հետո տունն ամբողջությամբ վերակառուցվել է Միշա Սիմոնյանի կողմից: Տան 2-րդ հարկի կառուցումը Միշա Սիմոնյանն իրականացրել է այլ քարատեսակով, քանի որ 2-րդ հարկում պետք է բնակվեր հենց նա, իսկ 1-ին հարկում` Բերման Սիմոնյանը (հատոր 1-ին, գ.թ. 134).

15) գործի քննության ժամանակ վկա Միսակ Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Բերման և Միշա Սիմոնյաններն իր հարևաններն են: Չի հիշում, թե կոնկրետ որ տարեթվին և ում կողմից, բայց վիճելի տունը վերակառուցվել է: Բերման Սիմոնյանը բնակվել է տան 1-ին հարկում, Միշա Սիմոնյանը` 2-րդ (հատոր 1-ին, գ.թ. 134):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածները սխալ կիրառելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե'ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքը փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե'ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքն ունի սեփականատեր` հանձինս Միշա Սիմոնյանի, նշված հասցեի գույքահարկի վճարումները կատարվել են վերջինիս անվամբ, 07.11.2006, 13.10.2006 և 21.01.2009 թվականներին Միշա Սիմոնյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու խնդրանքով, այդ կապակցությամբ կազմված շենքի ուրվագծում ներառվել է նաև 1-ին հարկը, նշված գործողությունները չեն վկայում Միշա Սիմոնյանի կողմից գույքի տիրապետումից մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ իրավունք պահպանելու մտադրության, բացի այդ, Բերման Սիմոնյանը դատարան չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ վիճելի տունը նրա անվամբ չձևակերպելը պայմանավորված է եղել անչափահաս լինելով, և որ Միշա Սիմոնյանի հայրը խոստացել է հետագայում վիճելի տան առաջին հարկն անվանափոխել իր անվամբ, նման խոստման առկայությունը հերքվում է նաև Միշա Սիմոնյանի հոր կողմից վիճելի գույքը հենց վերջինիս նվիրելու փաստով:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Համահայցվորների կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնք կհիմնավորեին, որ վիճելի անշարժ գույքը չունի սեփականատեր կամ դրա սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից, ավելին` վիճելի անշարժ գույքը պատկանել է Միշա Սիմոնյանին, ով բազմիցս հետամուտ է եղել դրա նկատմամբ իր իրավունքների պետական գրանցմանը, իսկ Համահայցվորների կողմից վիճելի հասցեում բնակվելը և դրա արդյունքում սպասարկման վճարներ կատարելը դեռևս հիմք չէ նրանց սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու համար, հիմնավորված չեն Համահայցվորների` գույքի բարեխիղճ տիրապետողներ լինելու և այն որպես սեփականը տիրապետելու փաստերը, դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, օրինակ, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է Բերման Սիմոնյանի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն` որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը։ Այսպես, սույն գործի փաստերը, մասնավորապես՝ վկաներ Միսակ Սիմոնյանի, Սեփանոս Բեյգջյանի, Գրիգոր Սիմոնյանի և Միսակ Վարդանյանի կողմից գործի քննության ժամանակ տված ցուցմունքները, Բերման Սիմոնյանի` 16.03.1961 թվականից վիճելի հասցեում հաշվառված լինելը, Բերման Սիմոնյանի կողմից Երևանի Ա. Չոլակյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող տան 1-ին հարկը 10 տարուց ավելի անընդմեջ և բացահայտ տիրապետելուն Միշա Սիմոնյանի, իսկ դրանից առաջ նաև վերջինիս իրավանախորդի կողմից չխոչընդոտելու փաստերը վկայում են, որ Բերման Սիմոնյանը վիճելի հողամասը և տան 1-ին հարկը բարեխղճորեն տիրապետել է: Մի կողմից` Բերման Սիմոնյանի կողմից վիճելի հողամասը և տան 1-ին հարկը բարեխղճորեն տիրապետելը և օգտագործելը, իսկ մյուս կողմից` Միշա Սիմոնյանի իրավանախորդի և ապա Միշա Սիմոնյանի կողմից առարկություն, անհամաձայնություն, վիճելի հողամասը և դրա վրա առկա տան 1-ին հարկը Բերման Սիմոնյանի և նրա ընտանիքի տիրապետումից հետ վերադարձնելուն ուղղված որևէ պահանջ չներկայացնելն ինքնին վկայում են այն մասին, որ հիշյալ անշարժ գույքը Բերման Սիմոնյանի փաստացի տիրապետմանն է անցել Միշա Սիմոնյանի կամոք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Բերման Սիմոնյանի կողմից վիճելի հասցեում բնակվելը և դրա արդյունքում սպասարկման վճարներ կատարելը դեռևս հիմք չէ նրա սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու համար, զուրկ է իրավական և փաստական հիմնավորումից, քանի որ Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն այդ հետևությունն անելով` առանց պատճառաբանելու, թե ինչու է մերժում Բերման Սիմոնյանի կողմից ներկայացված վերը նշված փաստաթղթերը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը գույքի բարեխիղճ տիրապետման փաստը գործով ապացուցված չլինելու հանգամանքի վերաբերյալ հետևությունն արել է առանց գործում առկա ապացույցները բազմակողմանի հետազոտելու, որի հետևանքով Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել այն փաստերը, որ Երևանի Ա. Չոլակյան փողոցի թիվ 11 տանը Բերման Սիմոնյանը հաշվառվել է 16.03.1961 թվականից, իր ընտանիքի հետ միասին տարիներ շարունակ բնակվել է վիճելի հասցեում, իրականացրել է վիճելի տան վերակառուցման աշխատանքներ, բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գույքի նախկին կամ ներկայիս սեփականատիրոջ գործողություններն ուղղվել են գույքը վերադարձնելուն:

Ինչ վերաբերում է վիճելի անշարժ գույքը Միշա Սիմոնյանին պատկանելուն և վերջինիս կողմից բազմիցս դրա նկատմամբ իր իրավունքների պետական գրանցմանը հետամուտ լինելուն, ապա վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով այդ գործողությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք ինքնըստինքյան չեն վերացնում վիճելի անշարժ գույքը փաստացի տիրապետող Բերման Սիմոնյանի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Բերման Սիմոնյանի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Միաժամանակ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով վճռաբեկ բողոքի՝ Սամվել, Անահիտ և Գևորգ Սիմոնյանների մասով բարեխղճության պայմանի առկայության վերաբերյալ փաստարկին, Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն, քանի որ սույն գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում վերջիններիս տիրապետման բարեխղճությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման և հանգել են ստորադաս դատարանները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը՝ Բերման Սիմոնյանի հայցապահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ մյուս նախապայմանների առկայությունը:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով Բերման Սիմոնյանի հայցապահանջի մասով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Նկատի ունենալով, որ Համահայցվորների կողմից հայցադիմումի համար վճարվել է 4.000 ՀՀ դրամ, վերաքննիչ բողոքի համար՝ 10.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման միայն Բերման Սիմոնյանի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը Սամվել, Անահիտ և Գևորգ Սիմոնյանների մասով պետք է համարել լուծված, իսկ Բերման Սիմոնյանի մասով այդ հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2015 թվականի որոշման՝ Բերման Սիմոնյանի պահանջի մասով հայցը մերժելու մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Բերման Սիմոնյանի հայցապահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան