Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՈ-045-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2015-25.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.18/76(1165) Հոդ.967
Ընդունող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «իբ» ենթակետով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի ձևերը` համաձայն հավելված 3-ի (Ձև 1, 2):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Գ. Սահակյան

11 նոյեմբերի 2015 թվականի,
քաղ. Երևան

ՆՈ-045-Ն

 

 

 

Հավելված 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2015 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ ՆՈ-045-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) պատվո մեդալով (այսուհետ` Պատվո մեդալ) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով (այսուհետ` Պատվոգիր) պարգևատրման կարգը:

2. Պատվո մեդալով և Պատվոգրով պարգևատրում է Ազգային ժողովի նախագահը:

3. Պատվո մեդալով և Պատվոգրով կարող են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օտարերկրյա հյուրերը՝ օրինաստեղծ գործունեության, ժողովրդավարության զարգացման, միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման և այլ բնագավառներում ներդրած ավանդի և մատուցած ծառայությունների համար:

4. Պատվո մեդալով պարգևատրում իրականացվում է Ազգային ժողովի նախագահի կարգադրության հիման վրա՝ սեփական նախաձեռնությամբ կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի կամ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ:

5. Պատվո մեդալով և Պատվոգրով պարգևատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին:

6. Պարգևատրման միջնորդությանը կից Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում պարգևատրվող անձի կենսագրական տվյալները, անձնական բնութագիրը և պարգևատրման հիմքը:

7. Պարգևատրման մասին միջնորդությունը հիմնավոր համարելով` Ազգային ժողովի նախագահը, միջնորդությունը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն, կից փաստաթղթերի հետ միասին, ուղարկում է Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (այսուհետ` Անձնակազմի կառավարման վարչություն)՝ հանձնարարելով պատրաստել Ազգային ժողովի նախագահի կարգադրության նախագիծ: Նշված ժամկետում համապատասխան հանձնարարական չուղարկելը համարվում է միջնորդության մերժում:

8. Պարգևատրման գործընթացի կազմակերպման համար պատասխանատու է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչությունը:

9. Պատվո մեդալը և Պատվոգիրը հանձնում է Ազգային ժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ համապատասխան պաշտոնատար անձը` հանդիսավոր պայմաններում:

10. Պատվո մեդալով կրկնակի պարգևատրում չի իրականացվում:

11. Պարգևատրված անձանց կողմից Պատվո մեդալը և(կամ) դրա վկայագիրը կամ Պատվոգիրը կորցնելու դեպքում դրանց նկատմամբ իրավունքները պահպանվում են:

12. Պատվո մեդալի կորստի կամ վնասման դեպքում կրկնօրինակ չի տրվում, բացառությամբ, եթե այն կորել կամ վնասվել է մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

13. Պատվո մեդալի և (կամ) դրա վկայագրի կամ Պատվոգրի կորստի կամ վնասման դեպքում դրանց կրկնօրինակները ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում Ազգային ժողովի աշխատակազմ: Պատվո մեդալի կորստի կամ վնասման դեպքում կրկնօրինակն ստանալու դիմումին կցվում են նաև ապացույցներ առ այն, որ այն կորել կամ վնասվել է մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

14. Պատվո մեդալի և (կամ) դրա վկայագրի կամ Պատվոգրի կրկնօրինակները տրվում են համապատասխան դիմումը ներկայացվելուց հետո` 5-օրյա ժամկետում:

15. Պատվո մեդալի և (կամ) դրա վկայագրի կամ Պատվոգրի կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:

16. Պատվո մեդալով և Պատվոգրով պարգևատրված անձանց գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Անձնակազմի կառավարման վարչությունը, որն այդ նպատակով վարում է հատուկ գրանցամատյան:

17. Գրանցամատյանում նշվում են պարգևատրված անձի անուն-ազգանունը, պարգևատրման հիմքը, համապատասխան կարգադրության ընդունման ամսաթիվը և հերթական համարը, Պատվո մեդալի հերթական համարը:

 

 

Հրայր Թովմասյան

 

 

Հավելված 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2015 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ ՆՈ-045-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը:

2. Պատվո մեդալը ոսկուց և արծաթի միաձուլումից (հարգը՝ ոսկի՝ 999, արծաթ՝ 925) պատրաստված շրջանակ է, որի վրա պատկերված է ՀՀ Ազգային ժողովի շենքի մոդելը: Պատվո մեդալը երիզված է «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ» մակագրությամբ:

3. Պատվո մեդալը կախված է Հայաստանի Հանրապետության դրոշի տեսքով ուղղանկյուն ամրակից:

4. Պատվո մեդալի դարձերեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

5. Պատվո մեդալի հետ տրվում է վկայագիր:

6. Պատվոգրի վրա գրությունները նշված են ուղղահայաց (գրքային) տարբերակով:

7. Պատվոգրի վերևի մասի կենտրոնում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ» գրություններն են` երկու տողով, որից ներքև հակիրճ նշվում է պարգևատրման հիմքը: Պարգևատրման հիմքից անմիջապես հետո նշվում են պարգևատրվող անձի անուն-ազգանունը, որից հետո նշվում են «ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՒՄ Է», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ», «ՊԱՏՎՈԳՐՈՎ» գրությունները` յուրաքանչյուրն առանձին տողով:

8. Պատվոգրի շրջանակի ստորին ձախ մասում ոսկեգույն շրջանակի մեջ փակցվում է ինքնակպչուն ոսկեգույն փայլաթիթեղից պատրաստված Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ ստորին հատվածում Հայաստանի Հանրապետության դրոշի տեսքով երկու զուգահեռ ժապավենով:

9. Պատվոգրի շրջանակի ստորին կենտրոնական մասում` զինանշանի դիմաց, նշված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ» մակագրությունը` երկու տողով, որի դիմաց նշվում է Ազգային ժողովի նախագահի անունը, իսկ նշված գրությունների միջև որոշակի հատված է առանձնացված Ազգային ժողովի նախագահի ստորագրության համար:

10. Պատվոգրի շրջանակի ստորին աջ մասում մեկ տողով նշվում է «քաղ. Երևան» գրությունը և պատվոգրի տրման տարեթիվը:

11. Պատվոգիրը զետեղվում է հատուկ փափուկ թղթապանակում:

 

 

Հրայր Թովմասյան

 

 

Հավելված 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2015 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ ՆՈ-045-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՁԵՎԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի ձևերը (Ձև 1 և Ձև 2):

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼ

 

Ներմուծեք նկարագրությունը_8890

 Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎՈԳԻՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_8906

 

 

Հրայր Թովմասյան