Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 312-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.01.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.41
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013519

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 312-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել է սահմանել Կենտրոնական բանկի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի` որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն կատարելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ձևի, կարգի և պարբերականության նկատմամբ պահանջներ, և որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար անհրաժեշտ կլինի պարբերաբար տեղեկություններ ստանալ Կենտրոնական դեպոզիտարիայի մասին,

նպատակ ունենալով չվտանգել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 12-րդ հոդվածի 5-րդ մասը և 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 3-րդ կետի 14-րդ ենթակետում «արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ գործառնական պայմանագրի և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի վարման գործառույթները» բառերով:

2) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«25) մասնակից, մասնակիցների ռեեստրը վարող, կենսաթոշակային հաշիվ, կենսաթոշակային ֆոնդ, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, հաշվի Օպերատոր` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:

3) Կանոնակարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 56.7-րդ կետ.

Կենտրոնական դեպոզիտարիայի մասին տեղեկություններում ներկայացվում է նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը.

1) նշում այն մասին, որ մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն չկատարելու դեպքում ընտրությունը կկատարվի Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգի միջոցով` պատահականության սկզբունքով: Ընդ որում, նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով (օրինակ` «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԵԹԵ ԴՈՒՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՊԱ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ` ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ»,

2) նշում այն մասին, որ մասնակիցը կարող է ընտրել նոր կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ` իր հետագա կուտակային վճարները ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կենսաթոշակային ֆոնդին,

3) հաշվի օպերատորների մասին ամբողջական և թարմացված տեղեկություններ, այդ թվում` հաշվի օպերատորների անվանումները, նրանց գլխամասային գրասենյակների և մասնաճյուղերի հասցեները, հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցները, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեները,

4) կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը անձին թղթային կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրելու կարգի մասին,

5) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների և նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին ամբողջական և թարմացված տեղեկություններ, այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների անվանումները, նրանց գլխամասային գրասենյակների հասցեները, հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցները, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեները, յուրաքանչյուր կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի անվանումները:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան