ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2779/02/11 2013 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2779/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան |
|
Դատավորներ` Դ. Խաչատրյան |
|
Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի հուլիսի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2013 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Արթուր Փայտյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ վնասը հատուցելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արթուր Փայտյանից բռնագանձել 862.900 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.02.2013 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.07.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, 168-րդ հոդվածի 3-րդ կետը, 1058-րդ հոդվածը և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ կետը և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ Արթուր Փայտյանը, օտարելով «Սոմար» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, գործարքի վերաբերյալ հարկային մարմնին հաշվետվություններ չի ներկայացրել, որպիսի եղանակով չարամտորեն խուսափել է 862.900 ՀՀ դրամ հարկի գումարը պետական բյուջե վճարելուց, ինչից հետևում է, որ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով համարվում է բաց թողնված օգուտ, քանի որ նշված գումարը մուտք չի եղել պետական բյուջե:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայց հարուցելիս Դատախազությունը ղեկավարվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության լիազորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատախազությունը Դատարան է ներկայացրել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որոնցով հիմնավորվում է Արթուր Փայտյանի մեղքով և նրա ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով պետությանը վնաս պատճառելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Ռ. Սարգսյանը, պարզելով, որ 19.06.2007 թվականին Ընկերության տնօրեն Արթուր Փայտյանը, 2.800.000 ՀՀ դրամով իրականացնելով Երևանի Անտառային փողոցի 158/1 հասցեի ավտոտնակի առուվաճառքի գործարք, դրա վերաբերյալ հաշվետվություններ չի ներկայացրել հարկային տեսչություն, որի հետևանքով խուսափել է պետական բյուջե վճարել խոշոր չափի հարկի գումար, 12.04.2010 թվականին որոշում է կայացրել Ընկերության տնօրեն Արթուր Փայտյանի կողմից հաշվետվություններ չներկայացնելու միջոցով խոշոր չափի հարկ վճարելուց խուսափելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով և այն ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` նախաքննության հետագա ընթացքը լուծելու համար (հատոր 1-ին, գ.թ. 8, 9):
2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Աֆրիկյանի 08.06.2010 թվականի թիվ 1010722 հանձնարարագրի համաձայն` հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 37):
3) Ստուգման արդյունքում 21.07.2010 թվականին կազմվել է թիվ 1010722 ակտը, որով Ընկերությանն առաջարկվել է պետական բյուջե փոխանցել 1.917.900 ՀՀ դրամ գումար, որից 1.500.600 ՀՀ դրամը` շահութահարկի գծով, 417.300 ՀՀ դրամը` ԱԱՀ-ի գծով (հատոր 1-ին, գ.թ. 18-24):
4) Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված դատահաշվապահական եզրակացության համաձայն` Ընկերության պարտավորությունը շահութահարկի գծով կազմել է 647.000 ՀՀ դրամ, իսկ ԱԱՀ-ի գծով` 215.900 ՀՀ դրամ` ընդամենը 862.900 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 28-34):
5) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Գրիգորյանը, պարզելով նաև, որ Ընկերության տնօրեն Արթուր Փայտյանի կողմից չարամտորեն չվճարված հարկի գումարը չի գերազանցում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը կազմող գումարը, 09.12.2010 թվականին որոշում է կայացրել Ընկերության տնօրեն Արթուր Փայտյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին (գ.թ. 35, 36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին` հաշվի առնելով նման գործերով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:
Սույն գործով Դատախազությունը, իր հայցապահանջի հիմքում դնելով այն հանգամանքները, որ Ընկերության տնօրեն Արթուր Փայտյանը հարկային տեսչություն հաշվետվություններ չներկայացնելու հետևանքով չարամտորեն խուսափել է ընդհանուր 862.900 ՀՀ դրամ շահութահարկի և ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարելուց, իսկ Արթուր Փայտյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել, և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճվել է չվճարված հարկի գումարը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը կազմող գումարը չգերազանցելու հիմքով, պահանջել է Արթուր Փայտյանից բռնագանձել 862.900 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:
Դատարանը, պատճառաբանելով, որ Արթուր Փայտյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, նրա կողմից հանցագործություն կատարելու փաստը չի հաստատվել, որի պայմաններում դատախազությանը չի կարող իրավունք վերապահվել հարուցելու պետական շահերի պաշտպանության հայց, իսկ քաղաքացիաիրավական պատասխանատվության հայց հարուցելու լիազորություն դատախազությանը վերապահված չէ, գտել է, որ Դատախազության ներկայացրած պահանջն անհիմն է և ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատախազության վերաքննիչ բողոքը, նշել է, որ Դատախազության մոտ բացակայում է տվյալ հայցով դատարան դիմելու իրավունքը, հարկային պարտավորությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի կիրառումն անթույլատրելի է, և բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված իրական վնասը կամ բաց թողնված օգուտը:
Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցի վերաբերյալ (ի թիվս այլոց տես՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Սիմոն Սիմոնյանի թիվ ԵՄԴ/0763/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ որևէ հիմք փոխելու նշված դիրքորոշումը, հետևաբար անհրաժեշտ է համարում վերահաստատել այն:
Հիշատակված որոշմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանությունը: Պետական շահերի պաշտպանության իրականացումը` կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Այսպես` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը` կապված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հետ այն դեպքում, երբ պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում, արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ: Հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով: Այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով:
Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիական գործերով տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանցից չվճարված կամ պակաս վճարված հարկերը և տուրքերը որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու դատախազության լիազորությանը տրվող ոչ միանշանակ մեկնաբանություններին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: Նշված լիազորություններից յուրաքանչյուրը պայմանավորում է դատախազության` քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով հայց հարուցելու իրավասությունը: Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը: Հաշվի առնելով նմանատիպ գործերի առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը պարտավոր է ստուգել դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասության առկայությունը, անկախ նրանից` նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը, կամ էլ որևէ մեկը չի նշվել:
Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ տվյալ դեպքում պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցով, որով տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ հայց հարուցելու լիազորությամբ, բացի դատախազությունից, օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճմանը` շարունակում է գոյություն ունենալ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը): Վերաքննիչ դատարանն անտեսել է Արթուր Փայտյանի կողմից ոչ իրավաչափ գործողություն կատարելու և դրանով ուղղակիորեն պետությանը գույքային վնաս պատճառելու փաստերը հաստատելու նպատակով Դատախազության կողմից Դատարանում վկայակոչված 21.07.2010 թվականի թիվ 1010722 ստուգման ակտը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Գրիգորյանի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 09.12.2010 թվականի որոշումը, որոնք Արթուր Փայտյանի կողմից երբևէ չեն բողոքարկվել կամ վիճարկվել, Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված դատահաշվապահական եզրակացությունը, Արթուր Փայտյանի` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա նշված ապացույցներով կարող է հաստատվել Արթուր Փայտյանի կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, որի դեպքում Դատախազությունն օրենքի ուժով իրավասու էր պետական շահերի պաշտպանության հայց հարուցել:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|