Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ԵԷԴ/1130/02/10

Վարչական գործ թիվ ԵԷԴ/1130/02/10

2013 թ.

Նախագահող դատավոր՝   Գ. Ղարիբան

Դատավորներ՝   

Ա. Աբովյան
 

Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

  

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) և Տիգրան Անանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ Սուսաննա և Հասմիկ Փոթոյանների հայցի ընդդեմ Ծառայության, երրորդ անձինք Տիգրան Անանյանի, Ֆելիքս Փոթոյանի` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու և որպես հետևանք` աճուրդն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա և Հասմիկ Փոթոյանները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության գործողությունները և որպես հետևանք` անվավեր ճանաչել հարկադիր աճուրդը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 03.05.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.10.2012 թվականի որոշմամբ Սուսաննա և Հասմիկ Փոթոյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Դատարանի 03.05.2011 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել` ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության գործողությունները (անգործությունը) և որպես հետևանք` անվավեր ճանաչել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող անշարժ գույքի իրացման համար Ծառայության կողմից անցկացված աճուրդը:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ծառայությունը և Տիգրան Անանյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան են ներկայացրել Սուսաննա և Հասմիկ Փոթոյանները:

 

2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կատարողական վարույթում որպես պահանջատեր կարող է մասնակցել բացառապես այն անձը, ով ներկայացրել է կատարողական թերթ, և դրանում նշված է որպես պահանջատեր: Անգամ այն պարագայում, երբ դատական ակտը կայացվել է հօգուտ մեկից ավելի հայցվորների, և որոնցից մեկն այդ դատական ակտի վրա հիմնված կատարողական թերթը ներկայացրել է կատարման, մյուս հայցվորները չեն ներգրավվում կատարողական վարույթում որպես պահանջատեր, քանի որ դրա համար «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի ուժով հենց տվյալ հայցվորը պետք է ստանա և կատարման ներկայացնի իր մասով տրված կատարողական թերթը:

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման օրենսդրությունը ելնում է այն սկզբունքից, որ կատարողական վարույթը հարուցվում է, հարկադրանքի միջոցները ձեռնարկվում են, և անձը դառնում է պահանջատեր միայն այն դեպքում, երբ նա` որպես շահագրգիռ անձ, նախաձեռնում է դատական կարգով վերականգնված իր իրավունքների հարկադիր կատարումը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել նաև վերաքննիչ բողոք բերած անձանց այն պնդումը, թե Ծառայության կողմից չեն կատարվել համապատասխան գործողություններ վճռի և կատարողական թերթի առաջին մասի կատարման ուղղությամբ: Մինչդեռ, նշված մասն իրենից ներկայացնում է միայն նշում այն մասին, որ հակընդդեմ հայցը բավարարվել է, իսկ բուն բավարարված հայցապահանջը նշված է կատարողական թերթի երկրորդ մասում, որն էլ կատարվել է կատարողական վարույթի շրջանակներում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.05.2011 թվականի վճռին:

 

2.1. Տիգրան Անանյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ, 91-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները, 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, 7-րդ, 8-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 29-րդ, 30-րդ, 35.1-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 117.13-րդ, 117.14-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը` պահանջատերը և պարտապանը: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս հիմք ընդունված Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.08.2009 թվականի թիվ ԵԷԴ/0379/02/09 վճռի հիման վրա Ֆելիքս Փոթոյանին տրված կատարողական թերթով կողմեր են հանդիսացել վերջինս (պահանջատեր) և Սուսաննա Փոթոյանը (պարտապան): Այսինքն` Հասմիկ Փոթոյանը սույն գործով չի կարող համարվել որպես կատարողական վարույթի կողմ կամ պահանջատեր:

Այսպիսով, հարկադիր կատարողն ինչպես «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պարտավորված չի եղել իրազեկել կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձին և վերջինիս մասնակից դարձնել կատարողական գործողություններին:

Միաժամանակ, անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Ծառայության կողմից չեն կատարվել համապատասխան գործողություններ վճռի և կատարողական թերթի առաջին մասի կատարման ուղղությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.2. Վճռաբեկ բողոքների պատասխանի փաստարկները

Դատարանը նշել է, թե իբր Հասմիկ Փոթոյանը որևէ կարգավիճակով կատարողական վարույթին չի մասնակցել: Մինչդեռ, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ վերջինս սահմանված ժամկետում դիմել է դատարան, ստացել է կատարողական թերթը և այն սահմանված ժամկետում հանձնել է կատարման, սակայն Ծառայությունը չի կատարել օրենքի պահանջը:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 15.08.2009 թվականի թիվ ԵԷԴ/0379/02/09 վճռի եզրափակիչ մասի 2-րդ կետով վճռվել է Հասմիկ և Ֆելիքս Փոթոյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Սուսաննա Փոթոյանի` ժառանգությունը բաժանելու և նախապատվության իրավունքով մյուս ժառանգներին հասանելիք բաժնի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու միջոցով նրանց իրավունքը կորցրած ճանաչելու կամ դրա անհնարինության դեպքում գույքը սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժանելու պահանջների մասին, բավարարել:

Վճռի եզրափակիչ մասի 3-րդ կետով վճռվել է հրապարակային սակարկություններով վաճառել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի թիվ 2ա  հասցեի անշարժ գույքի օրինական մասը` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների (Հասմիկ, Սուսաննա և Ֆելիքս Փոթոյանների) միջև նրանց բաժիններին համաչափ` յուրաքանչյուրին 1/3 մասի չափով (հատոր 1-ին, գ.թ. 5-7):

2) Ֆելիքս Փոթոյանը 12.03.2010 թվականին Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետին է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.02.2010 թվականին տրված թիվ ԵԷԴ/0379/02/09 կատարողական թերթը, որում նշվել է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 15.08.2009 թվականին վճռել է Հասմիկ և Ֆելիքս Փոթոյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Սուսաննա Փոթոյանի` ժառանգությունը բաժանելու և նախապատվության իրավունքով մյուս ժառանգներին հասանելիք բաժնի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու միջոցով նրանց իրավունքը կորցրած ճանաչելու կամ դրա անհնարինության դեպքում գույքը սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժանելու պահանջների մասին, բավարարել: Հրապարակային սակարկություններով վաճառել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի թիվ 2ա հասցեի անշարժ գույքի օրինական մասը` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների (Հասմիկ, Սուսաննա և Ֆելիքս Փոթոյանների) միջև նրանց բաժիններին համաչափ` յուրաքանչյուրին 1/3 մասի չափով:

Նույն կատարողական թերթում որպես պահանջատեր է նշված Ֆելիքս Փոթոյանը, իսկ որպես պարտապան` Սուսաննա Փոթոյանը (հատոր 2-րդ, գ.թ. 2-3):

3) Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի 17.03.2010 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 01/01-616/10 կատարողական վարույթը` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԷԴ/0379/02/09 կատարողական թերթի պահանջը կատարելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 10):

4) Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի 03.05.2010 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ Ֆելիքս և Սուսաննա Փոթոյաններին պատկանող գույքը (ք. Երևան, Նոր Արեշի 24-րդ փողոց, թիվ 2ա տուն) ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի` էլեկտրոնային համակարգի կիրառմամբ` Ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 25-26):

5) 31.05.2010 թվականի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» թիվ 616/10-10/01 արձանագրության համաձայն` Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի թիվ 2ա առանձնատունը վաճառվել է Տիգրան Անանյանին (հատոր 2-րդ, գ.թ. 50):

6) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.02.2010 թվականին տրված թիվ ԵԷԴ/0379/02/09 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթում Հասմիկ Փոթոյանին որպես մասնակից ներգրավելու և վերջինիս կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքների շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթում ներգրավել և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկել այն անձին, ով կատարողական թերթում նշված չէ որպես պահանջատեր կամ պարտապան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Նույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասնակիցները կողմերն են` պահանջատերը և պարտապանը, և (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում: Միաժամանակ, հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկել պահանջատիրոջը և պարտապանին: Հետևաբար, հարկադիր կատարողը կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան չնշված անձին այդ որոշումներն ուղարկելու որևէ պարտավորություն չունի, և դա չի կարող դիտվել որպես վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտում: Այսինքն` կատարողական վարույթում ներգրավվում և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան նշված անձանց:

Սույն գործի փաստերի համաձայն` Ֆելիքս Փոթոյանը 12.03.2010 թվականին Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետին է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.02.2010 թվականին տրված թիվ ԵԷԴ/0379/02/09 կատարողական թերթը, որում որպես պահանջատեր է նշված Ֆելիքս Փոթոյանը, իսկ որպես պարտապան` Սուսաննա Փոթոյանը: Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի 17.03.2010 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 01/01-616/10 կատարողական վարույթը` նշված կատարողական թերթի պահանջը կատարելու համար: Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի 03.05.2010 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ Ֆելիքս և Սուսաննա Փոթոյաններին պատկանող գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի` էլեկտրոնային համակարգի կիրառմամբ` Ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով: Իսկ 31.05.2010 թվականի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» թիվ 616/10-10/01 արձանագրությամբ հաստատվում է, որ Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի թիվ 2ա առանձնատունը վաճառվել է Տիգրան Անանյանին: Միաժամանակ, վերոգրյալ կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթում Հասմիկ Փոթոյանը որպես մասնակից չի ներգրավվել, և վերջինիս կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումները չեն ուղարկվել:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է նաև պատճառաբանությունն այն մասին, որ Սուսաննա և Հասմիկ Փոթոյաններին կատարողական վարույթին առնչվող որևէ որոշում չհանձնելու մասին վերջիններիս փաստարկները հիմնավոր չեն, քանի որ գործում առկա Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 18.03.2010 թվականի թիվ Եէ-2551/01 գրության վրա կատարված գրառմամբ հիմնավորվում է, որ կատարողական վարույթի մասնակից Սուսաննա Փոթոյանը ստացել է կատարողական վարույթ հարուցելու մասին, գույքի վրա արգելանք դնելու մասին և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին հարկադիր կատարողի որոշումները, իսկ Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի 03.05.2010 թվականի թիվ Եէ-4161/01 գրության (Սուսաննա Փոթոյանը դրա վրա 06.05.2010 թվականին կատարել է համապատասխան գրառում) համաձայն` վերջինս ստացել է նաև աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին տեղեկություն պարունակող հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույքը վաճառելու մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաև գույքի իրացման համար նախատեսված համապատասխան ինտերնետային կայքի մասին տեղեկությունը: Դատարանը նաև արձանագրել է, որ Հասմիկ Փոթոյանը կատարողական վարույթին չի մասնակցել, քանի որ համապատասխան կատարողական թերթ չի ներկայացրել հարկադիր կատարման համար, այսինքն` վերջինս չի հանդիսացել կատարողական վարույթի կողմ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ կատարողական թերթ չներկայացնելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Հասմիկ Փոթոյանին վարույթում չներգրավելու համար, քանի որ Հասմիկ Փոթոյանը համապատասխան վճռին և տրված կատարողական թերթին համապատասխան հանդիսանում է հակընդդեմ հայցով հայցվոր և պարտատեր, հետևաբար Ծառայությունը պարտավոր էր վերջինիս ներգրավել կատարողական վարույթում` նրան հնարավորություն տալով օգտվել իր իրավունքներից, որոնք սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչած պատճառաբանությունն անհիմն է, քանի որ կատարողական վարույթում ներգրավվում և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան նշված անձանց, որպիսին Հասմիկ Փոթոյանը չի հանդիսացել:

Մասնավորապես` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.02.2010 թվականին տրված թիվ ԵԷԴ/0379/02/09 կատարողական թերթում որպես պահանջատեր է նշված Ֆելիքս Փոթոյանը, իսկ որպես պարտապան` Սուսաննա Փոթոյանը, որոնք էլ ծանուցվել են կատարողական վարույթի և դրա ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ:

Հետևաբար, Հասմիկ Փոթոյանի` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.02.2010 թվականին տրված թիվ ԵԷԴ/0379/02/09 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթում որպես պահանջատեր կամ պարտապան չհանդիսանալու պայմաններում հարկադիր կատարողը նշված վարույթում վերջինիս ներգրավելու և դրա ընթացքում կայացված որոշումները նրան ուղարելու որևէ պարտականություն չի ունեցել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 28-րդ հոդվածները և հարկադիր կատարողի վրա դրել է այնպիսի պարտականություն, որը նախատեսված չէ օրենքով, ինչի արդյունքում անտեսել է, որ տվյալ դեպքում որևէ կերպ չի խախտվել նշված օրենքի 8-րդ հոդվածով սահմանված Հասմիկ Փոթոյանի` կատարողական գործողություններին մասնակցելու իրավունքը, ինչից հետևում է, որ այդ մասով Դատարանի վճիռը հիմնավոր է:

 

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ Ծառայությունը չի կատարել համապատասխան գործողություններ վճռի և կատարողական թերթի առաջին մասի («Հասմիկ և Ֆելիքս Փոթոյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Սուսաննա Փոթոյանի` ժառանգությունը բաժանելու և նախապատվության իրավունքով մյուս ժառանգներին հասանելիք բաժնի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու միջոցով նրանց իրավունքը կորցրած ճանաչելու կամ դրա անհնարինության դեպքում …») կատարման ուղղությամբ` դրանով իսկ խախտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչած պատճառաբանությունն անհիմն է, քանի որ կատարողական թերթի նշված մասն ընդամենը նշում է պարունակում հակընդդեմ հայցը բավարարելու մասին, իսկ կոնկրետ կատարման ենթակա գործողությունները (Հրապարակային սակարկություններով վաճառել Երևանի Նոր Արեշի 24-րդ փողոցի թիվ 2ա հասցեի անշարժ գույքի օրինական մասը` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների (Հասմիկ, Սուսաննա և Ֆելիքս Փոթոյանների) միջև նրանց բաժիններին համաչափ` յուրաքանչյուրին 1/3 մասի չափով) սահմանված են կատարողական թերթի հաջորդ նախադասությամբ, որոնք էլ տվյալ դեպքում հարկադիր կատարողի կողմից կատարվել են:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Տիգրան Անանյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 03.05.2011 թվականի վճռին:

2. Սուսաննա և Հասմիկ Փոթոյաններից համապարտությամբ հօգուտ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Սուսաննա և Հասմիկ Փոթոյաններից համապարտությամբ հօգուտ Տիգրան Անանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան