Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.04.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
27.04.2012
Дата вступления в силу
27.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2540/05/10
2012թ.
  

Վարչական գործ թիվ ՎԴ/2540/05/10

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ` Ա. Աբովյան

                   Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Վիբրոգրաֆուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 12.05.2010 թվականի թիվ 1010285 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Տեսչության հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին և հակընդդեմ հայցի` 12.05.2010 թվականի թիվ 1010285 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 12.05.2010 թվականի թիվ 1010285 ստուգման ակտը:

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել վճարման կարգադրություն նշված ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորության գումարից չվճարված 3.052.015 ՀՀ դրամը բռնագանձելու վերաբերյալ։

ՀՀ վարչական դատարանը 17.06.2010 թվականին արձակել է վճարման կարգադրություն։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել նշված ստուգման ակտը։

ՀՀ վարչական դատարանի 10.08.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի։

ՀՀ վարչական դատարանի 26.11.2010 թվականի որոշմամբ նշված վարչական գործերը միացվել են մեկ վարույթում։

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2011 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է, Տեսչության հայցը` մերժվել, իսկ Ընկերության հակընդդեմ հայցի մասով վարչական գործի վարույթը` կարճվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.12.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 14.07.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Ընկերության հայցը մերժվել է, իսկ Տեսչության հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածը, 117.12-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով վիճարկվող ստուգման ակտի հիմքում ընկած է երկու փաստ` երաժշտական տեխնիկայի վարձակալության հանձնելու գործունեությամբ զբաղվելը և գովազդային գործունեությամբ զբաղվելը, որոնք էլ Ընկերության կողմից վիճարկվել են ինչպես վարչական կարգով ներկայացված բողոքում, այնպես էլ հայցադիմումում: Ավելին, Տեսչությունն իր վերաքննիչ բողոքը բերել է այդ հիմքերով, սակայն Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով նշված հիմքերի իրավաչափությանը, արձանագրել է, որ Ընկերության գործունեությունը դուրս է պարզեցված հարկի ռեժիմից մեկ այլ հիմքով` որպես այդպիսին նշելով Բամբիռ երաժշտական համույթի համերգների կազմակերպումն այլ վայրում իրականացնելը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, քանի որ բողոքը քննության է առել, իսկ դատական ակտը վերանայել է մի հիմքով, որը երբևէ կողմերը չեն վիճարկել և այն քննության առարկա չեն դարձրել:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչությունն է կրում ստուգման ակտի հիմքում ընկած փաստերի ապացուցման պարտականությունը, որը վերջինս չի կատարել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը բավարարել, Տեսչության հայցը`մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 13.04.2010 թվականի թիվ 1010285 հանձնարարագրի համաձայն` Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (հատոր 2-րդ, գ.թ. 3)։

2) Ստուգման արդյունքում 12.05.2010 թվականին կազմվել է թիվ 1010285 ստուգման ակտը, որում արձանագրվել է, որ 2008 թվականին Ընկերությունը գործել է պարզեցված հարկի ռեժիմում։ Ընկերությունն իրականացրել է համերգների կազմակերպման գործունեություն, ինչպես նաև գովազդային ծառայությունների մատուցման և երաժշտական տեխնիկայի վարձակալությամբ տրամադրման գործունեություն, որոնք, համաձայն «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի, չեն համապատասխանում 2008 թվականի պարզեցված հարկով հարկման ենթակա գործունեության այլ տեսակներին։ Արդյունքում, Ընկերությանը շահութահարկի գծով առաջադրվել է 3.550.000 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն (հատոր 2-րդ, գ.թ. 4-9)։

3) Սույն գործով Տեսչության ներկայացրած վերաքննիչ բողոքի համաձայն` «ստուգման ակտից հստակ երևում է, որ ընկերությունը կատարել է մեկ խախտում, այն է՝ դիմել է հարկային տեսչություն, հաշվառվել է որպես համերգների կազմակերպման գործունեություն իրականացնող և ստացել իրավունք աշխատելու պարզեցված հարկի դաշտում, սակայն ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ բացի համերգների կազմակերպումից, ընկերությունն իր երաժշտական գործիքները վարձակալությամբ տվել է կազմակերպություններին և դրա դիմաց ստացել վարձավճար, ինչպես նաև համերգների ժամանակ տեղադրել է գովազդներ, որոնց դիմաց հատուցում է ստացել» (հատոր 3-րդ, գ.թ. 5-8):

4) 12.05.2010 թվականի թիվ 1010285 ստուգման ակտում, հայցադիմումի պատասխանում, Դատարանում գործի քննության ընթացքում, ինչպես նաև վերաքննիչ բողոքում որպես պարզեցված հարկի ռեժիմից դուրս գալու հիմք Ընկերության կողմից միայն մեկ վայրում գործունեություն չիրականացնելու հանգամանքը Տեսչությունը չի նշել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը, որպես վերաքննություն իրականացնող դատական ատյան, պարտավոր է համապատասխան դատական ակտը վերանայել վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն իրականացնելիս չպետք է դուրս գա վարչական գործի հարուցման հիմք հանդիսացող հայցադիմումի շրջանակներից:

 Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելը պատճառաբանել է նրանով, որ «Բամբիռ» երաժշտական համույթի և Ընկերության միջև 05.05.2008 թվականին կնքված համաձայնագրի համաձայն` կազմակերպիչ Ընկերությունը ՀՀ մշակույթի նախարարության կողմից 04.05.2008 թվականի թիվ 105/1 պայմանագրի հիման վրա տրամադրվող գումարի (480.000 ՀՀ դրամ) շրջանակներում պարտավորվել է չսահմանափակվել միայն տեխնիկական սարքերի տրամադրմամբ և ապահովել 2008 թվականի մայիսի 5-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և ԼՂՀ-ում կայանալիք համերգների կազմակերպումը, ներառյալ` երաժշտական սարքավորումների տեղադրումը: Այսինքն` Ընկերությունն իր գործունեությունը միայն մեկ վայրում չի իրականացրել, հետևաբար Ընկերությունը 2008 թվականի ընթացքում վիճարկվող ստուգման ակտով արձանագրված գործունեությունն իրականացնելիս չէր կարող համարվել պարզեցված հարկ վճարող։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` ո՛չ 12.05.2010 թվականի թիվ 1010285 ստուգման ակտի հիմքում, ո՛չ հայցադիմումի պատասխանում, ո՛չ Դատարանում գործի քննության ընթացքում, և ո՛չ էլ վերաքննիչ բողոքում որպես պարզեցված հարկի ռեժիմից դուրս գալու հիմք Ընկերության կողմից միայն մեկ վայրում գործունեություն չիրականացնելու հանգամանքը Տեսչությունը չի փաստարկել: Ավելին, վերաքննիչ բողոքի հիմքում, որպես «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի խախտում, դրվել է միայն Ընկերության կողմից երաժշտական գործիքների վարձակալության հանձնելու գործունեությամբ զբաղվելու և գովազդային ծառայությունններ մատուցելու հանգամանքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` չձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

 

2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն:

 

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է Վերաքննիչ դատարանում նոր քննության, քանի որ բավարարելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան