ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2012 թվականի N 206-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 206-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետությունում տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը:
2. Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը:
3. Ելնելով հարևան երկրներում տիրող՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով ամեն տարի իրականացվում են կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ նաև կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելման հակաանասնահամաճարակային միջոցառումներ:
4. 2009-2011 թվականներին իրականացված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում պահպանվել է կայուն անասնահամաճարակային իրավիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել՝ բացառությամբ խոզերի աֆրիկական ժանտախտի, որի նկատմամբ պատվաստումներ և բուժում չեն կատարվում:
5. Անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 931 համայնքում առկա գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկումը (հակաանասնաճարակային միջոցառումներ` ախտորոշում և պատվաստումներ) իրականացվել է 850 անասնաբույժ-մասնագետների կողմից, որոնց մինչև օրս վճարվել է հավասարաչափ աշխատավարձ:
6. Ծրագրով նախատեսվում է 2012 թվականից փոխել վարձատրության ներկայիս կարգը և ներդնել նոր կարգ` հիմնված պայմանական անասնագլխաքանակի պատվաստումների և ախտորոշիչ աշխատանքների մեկ միավոր գնի հաշվարկի վրա:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակն է ունենալ կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների նկատմամբ վարակամերժ (իմունային ֆոն ունեցող) գլխաքանակ՝ հանրապետության տարածքում ստեղծելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ, և ապահովել կենդանիների ու մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությունը:
8. Ծրագրի խնդիրն է սահմանված կարգով ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ տեսակի ու քանակի անասնաբուժական նշանակության պատրաստուկներ և այլ պարագաներ ու իրականացնել հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներում ընդգրկված անասնագլխաքանակի պատվաստումներ, ախտորոշիչ հետազոտություններ:
III. ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
9. Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի իրականացման համար պահանջվում է շուրջ 1632000000 դրամ, որը նախատեսվում է հատկացնել ըստ ստորև ներկայացված աղյուսակի`
Միջոցառման |
Տարեթիվը |
Գումարը |
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում |
2012 թ. |
510000000 |
2013 թ. |
561000000 | |
2014 թ. |
561000000 | |
Ընդամենը |
1632000000 |
IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
10. Մինչև 2011 թվականը և 2011 թվականին՝ անասնաբուժության ոլորտում պատվիրակված լիազորությունների դիմաց համայնքներին գումարները վճարվել են անասնաբույժների հաստիքների թվին համապատասխան՝ նույն գումարի չափով, անկախ տվյալ համայնքում առկա անասնագլխաքանակից և իրականացվող միջոցառումների ծավալից: Վերջինս բացասաբար է անդրադարձել աշխատանքի արդյունավետության վրա:
11. Կատարված աշխատանքների ծավալներին համապատասխան վարձատրության կարգ սահմանելու, ինչպես նաև համայնքի տարածքում անասնաբուժական ծառայությունների, հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ծրագիրը կազմվել է պայմանական անասնագլխաքանակի պատվաստումների և ախտորոշումների միավոր գնի հաշվարկմամբ:
12. Հանրապետությունում գործող անասնագլխաքանակի մեկ պայմանական գլխի հաշվառման գործակիցները հետևյալն են`
1) կովեր և ցուլեր, խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշ, բտվող և գիրացվող մեծահասակ կենդանիներ՝ 1.0 միավոր.
2) խոզեր՝ 0.16 միավոր.
3) ոչխար՝ 0.06 միավոր.
4) թռչուն՝ 0.025-0.02 միավոր:
13. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակի տվյալներով հանրապետությունում՝ նշված գործակիցների նկատմամբ հաշվառվել է 8951339 պայմանական գլուխ կենդանի, որոնց նկատմամբ անասնաբույժ-մասնագետներն իրականացնում են 10 անվանում վարակիչ հիվանդությունները կանխարգելող 4959286 պայմանական հակաանասնահամաճարակային միջոցառումներ:
14. Ծրագրով նախատեսվում է համայնքն սպասարկող անասնաբույժ-մասնագետի կողմից կատարված աշխատանքների դիմաց վճարումներն իրականացնել կենդանիների մեկ պայմանական գլխի հաշվով, և մեկ միավորի գնի հաշվարկը կազմում է 102.8 դրամ:
15. Ծրագրով նախատեսված է մի շարք վարակիչ հիվանդությունների նկատմամբ պատվաստումները կամ ախտորոշիչ հետազոտությունները կատարել ոչ միայն կրկնակի, այլ նաև եռակի անգամ, և 102.8 դրամը բավարար է, որպեսզի իրականացվեն ամբողջ տարվա ընթացքում մեկ գլուխ պայմանական կենդանու համար ծրագրված բոլոր պատվաստումները և ալերգիկ կամ շճաբանական ախտորոշիչ միջոցառումները:
16. Հանրապետությունում կենդանիների հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար հաշվարկված 8951339 գլուխ պայմանական կենդանիների սպասարկման համար պահանջվող գումարի ընդհանուր հաշվարկը հետևյալն է. 4959286 պայմանական հակաանասնահամաճարակային յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար վճարելով 102.8 դրամ՝ ընդամենը կպահանջվի 510000000 դրամ: Նշված քանակները բազմապատկելով համապատասխան գործակիցներով՝ կստացվի այն պայմանական գլխաքանակը, որը ենթակա է համայնքների անասնաբույժների կողմից 2012 թվականի ընթացքում պատվաստման և հետազոտման:
17. Ստորև ներկայացվում են հաշվարկները`
1) խոշոր եղջերավոր կենդանիներ` 4713125 x 1 = 4713125 պայմանական գլուխ.
2) մանր եղջերավոր կենդանիներ` 1545617 x 0.06 = 92737 պայմանական գլուխ.
3) խոզեր` 539238 x 0.16 = 86278 պայմանական գլուխ.
4) թռչուններ` 2685873 x 0.025 = 67146 պայմանական գլուխ.
5) ընդամենը` 4959286 պայմանական գլուխ:
18. Կենդանիների հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման արդյունավետությունը և անասնաբույժ-մասնագետների շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև որոշ համայնքներում 500 գլխից պակաս գլխաքանակի դեպքում միացնել համայնքները` կրճատելով նշված համայնքների անասնաբույժ-մասնագետների հաստիքները, որի արդյունքում սպասարկող անասնաբույժ-մասնագետը կստանա կրկնակի աշխատավարձ:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
19. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
1) հանրապետությունում յուրաքանչյուր տարի շուրջ 800,0 հազ. գլուխ խոշոր եղջերավոր, 850,0 հազ. գլուխ մանր եղջերավոր կենդանիների, 130,0 հազ. գլուխ խոզերի և այլ գյուղատնտեսական կենդանիների պատվաստված և վարակամերժ անասնագլխաքանակի ապահովում: Գյուղատնտեսական կենդանիների` խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ, դաբաղ, սիբիրախտ, մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ, պաստերելյոզ, խշխշան պալար, խոզերի դասական ժանտախտ, թռչունների Նյու-Քասլ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների կանխարգելման նպատակով հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացում.
2) հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակի, կենդանական ծագում ունեցող ավտանգ մթերքի և հումքի ապահովում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |