ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1792-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության» բառերը փոխարինել «Շուկայի վերահսկողության» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1792-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:
4. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը.
2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
4) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու ինչպես նաև ծառայություններ, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների, մատուցելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
2) պետական չափագիտական վերահսկողության ոլորտներում չափման միջոցների արտադրության, տեղակայման, շահագործման, պահպանման և նորոգման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, ինչպես նաև իրացվող փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում.
3) շուկայում իրականացվող ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալները տեղեկատվական բազայում հավաքագրում, մշակում, ամփոփում, հանրության իրազեկում.
4) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ կապված` մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկի (վտանգի) գնահատման համակարգի հիման վրա տեսչությունը իրականացնում է դիտարկում (մոնիթորինգ), ուսումնասիրություն և ստուգումներ:
5) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության իրավասություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերված ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալների ստացում.
6) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և իրացվող ապրանքների մասին սպառողներին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
7) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, օրենսդրական չափագիտության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում, խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ գլխավոր պետական տեսուչի կողմից համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական պատասխանատվություն կիրառում.
8) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.
9) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սահմանված պահանջների, պայմանների պահման նկատմամբ փաստաթղթային հսկողություն և տեղում ստուգումների իրականացում.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.
11) Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների համապատասխանության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների պահպանման վերաբերյալ լիցենզավորող մարմին առաջարկություն ներկայացնելը.
12) սպառողների անորոշ շրջանակի իրավունքների խախտումներին ուղղված ուսումնասիրությունների իրականացում, տվյալների հավաքագրում, դրանց հիման վրա կայացած վերլուծությունների արդյունքների հրապարակում և օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում միջոցառումների իրականացում:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որն ի պաշտոնե հանդիսանում է գլխավոր պետական տեսուչ և պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով: Տեսչության` քաղաքացիական ծառայող համարվող աշխատողները հանդիսանում են նախարարության պետական տեսուչներ:
9. Տեսչության պետը պատասխանատու է շուկայում ոչ պարենային ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) համապատասխանության հավաստման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, սպառողների իրավունքների պաշտպանության, տեսչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
10. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
11. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
3) արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության, նախարարության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչության կողմից շուկայի վերահսկողության ծրագրերը.
8) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների տարածքային մարմինների իրավասությունները.
9) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
10) լսում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
11) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
12) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
13) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, սպառողների պաշտպանության և այլ հասարակական կազմակերպությունների հետ.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
12. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
14. Տեսչությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ:
15. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1792-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժին
2. Մոնիթորինգի, ռիսկերի գնահատման և տեղեկատվության բաժին
3. Վերահսկողության բաժին
4. Թանկարժեք մետաղների վերահսկողության բաժին
5. Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության բաժին»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |