Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.26
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2011
Дата вступления в силу
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/4118/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/4118/05/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 21.05.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Մելանյա Մկրտչյանի, Գեղամ Գևորգյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Դավթաշենի վարչական շրջանի, երրորդ անձանց` Ռուբեն, Վլադիմիր, Լաուրա Ասրյանների, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման, Գայանե Խաչատրյանի` Երևանի քաղաքապետի 19.08.2003 թվականի թիվ 1599-Ա որոշումը մասնակի և անշարժ գույքի նկատմամբ սեփականության և վարձակալության իրավունքների պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մելանյա Մկրտչյանը և Գեղամ Գևորգյանը պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 19.08.2003 թվականի թիվ 1599-Ա որոշումը, ամբողջությամբ անվավեր ճանաչել դրա հիման վրա Գայանե Խաչատրյանի անվամբ գրանցված Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի և դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումները:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մելանյա Մկրտչյանը և Գեղամ Գևորգյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածների 1-ին մասերը, 113-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 130-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ հոդվածը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը և սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, իսկ Երևանի քաղաքապետի 19.08.2003 թվականի թիվ 1599-Ա որոշման իրավաչափության հարցը քննարկելիս անտեսել է այն հանգամանքը, որ նշված որոշմամբ Գայանե Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչվել է Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ գտնվող 20,1քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ, իսկ ըստ հայցվորների` իրենց պատկանող ավտոտնակը գտնվել է Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի հարևանությամբ: Մինչդեռ, Դատարանը Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 և թիվ 41 շենքերի հարևանությամբ գտնվող երկու տարբեր ավտոտնակները նույնացրել է դրա վերաբերյալ որևէ ապացույց առկա չլինելու պայմաններում:

Ավելին, հայցվորների հայտարարության համաձայն` Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակը փոխադարձ համաձայնությամբ հանձնել են Գայանե Խաչատրյանին, մինչդեռ նշված փաստի վերաբերյալ հայցվորների կողմից որևէ ապացույց չի ներկայացվել:

Դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, գտել է, որ Գեղամ Գևորգյանը փայատիրական իրավունքի հիմքով ձեռք է բերել սեփականության իրավունք վիճելի ավտոտնակի նկատմամբ` անտեսելով այն հանգամանքը, որ նշված հոդվածի ուժով կոոպերատիվի անդամը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք փայավճարը լրիվ մուծելու դեպքում: Մինչդեռ, տվյալ դեպքում փայավճարը լրիվ մուծելու վերաբերյալ սույն վարչական գործում որևէ ապացույց առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 21.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, իսկ վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքն անհիմն է, այն պետք է մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.05.1993 թվականի թիվ 3/142 որոշման համաձայն` Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/44 և Շրջխորհրդի գործկոմի 15.10.1992 թվականի թիվ 22/89 որոշումներով Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամաս թիվ 39 շենքի դիմացի ազատ տարածքում կատարվել է հողհատկացում և թույլատրվել է «Որակ-1» ավտոտնակների շինարարական կոոպերատիվին կառուցել թվով 11 խցից բաղկացած ավտոհանգրվան, իսկ ՃՔԴ վարչության 19.10.1992 թվականի թիվ 23/01-07/1815 գրությամբ թույլատրվել է ավելացնել ևս 11 ավտոտնակ: Շրջխորհրդի 15.10.1992 թվականի թիվ 22/89 որոշմամբ փայատերեր են ճանաչվել թվով 10 քաղաքացիներ: Հաշվի առնելով «Որակ-1» ԱՇԿ-ի փայատերերի ընդհանուր ժողովի արձանագրությունը` բնակտնտարտ վարչությունն առաջարկել է հաստատել ևս 11 քաղաքացիների փայատիրական իրավունքները: Նշված որոշման համաձայն` գործադիր կոմիտեն որոշել է ճանաչել 10 քաղաքացիների ավտոտնակի փայատիրական իրավունքները, այդ թվում նաև Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 39 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Գեղամ Վարդգեսի Գևորգյանի փայատիրական իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

2. Գեղամ Գևորգյանի և Մելանյա Մկրտչյանի ամուսնությունն օրենքով սահմանված կարգով գրանցվել է 10.07.1982 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24):

3. 21.05.1996 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 24595 վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 39-րդ շենքի թիվ 12 բնակարանի սեփականատերը Մելանյա Մկրտչյանն է (հատոր 1-ին, գ.թ. 19):

4. 01.04.2000 թվականի տարածքի ժամանակավոր օգտագործման պայմանագրի համաձայն` Դավթաշենի թաղապետարանը Գայանե Խաչատրյանին վարձակալությամբ տրամադրել է «Դավթաշեն 4 թաղամաս 41 և 44 շենքերին հարող տարածք» հասցեում գտնվող 20քմ մակերեսով օրինական ավտոտնակի զբաղեցրած տարածքը: 30.04.2003 թվականի տեղական վճարումների ընդունման թիվ 04823 անդորրագրի համաձայն` Գայանե Խաչատրյանը 04.2000 թվականից մինչև 05.2003 թվականն ընկած ժամանակաշրջանի համար վճարել է 20.900 ՀՀ դրամ` որպես ավտոտնակի վճարման գումար (հատոր 1-ին, գ.թ. 35):

5. Երևանի քաղաքապետարանի Երևանի վարչական սահմաններում գտնվող ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակը որոշող հանձնաժողովին հասցեագրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 30.06.2003 թվականի թիվ Գ-Շ-2612 գրությամբ ուղարկվել է Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ պետական հողամասի վրա Գայանե Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 20,1քմ մակերեսով ավտոտնակի հատակագիծը (հատոր 1-ին, գ.թ. 126-128):

6. Երևանի քաղաքապետի 19.08.2003 թվականի թիվ 1599-Ա որոշման թիվ 1 հավելվածի 16-րդ կետի համաձայն`Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ գտնվող 20,1քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է Գայանե Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ դրանով զբաղեցված հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

7. Նոտարական կարգով վավերացված 06.02.2004 թվականի հողամասի վարձակալության մասին թիվ 75/6-ԱԳ պայմանագրի համաձայն` Երևանի քաղաքապետարանը Գայանե Խաչատրյանին 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ գտնվող 20,1քմ մակերեսով հողամասը, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 36-40):

8. 03.09.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1129571 վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի սեփականատերը և դրանով զբաղեցված հողամասի վարձակալը Գայանե Խաչատրյանն է (հատոր 1-ին, գ.թ. 30-32):

9. Երևանի Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարի 20.02.2007 թվականի թիվ 29/01-105 գրության համաձայն` Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 41-րդ շենքի թիվ 65 բնակարանի բնակիչ Գայանե Խաչատրյանի ավտոտնակը հաշվառվել է թաղապետարանում, որի վերաբերյալ Դավթաշեն համայնքի ավագանու 15.04.1998 թվականի թիվ 15 նիստի որոշման հիման վրա 01.04.2000 թվականին կնքվել է ավտոտնակի զբաղեցրած տարածքի ժամանակավոր օգտագործման պայմանագիր, և մինչև սեփականաշնորհելը վճարվել է պայմանագրով նախատեսված վճարները: Դավթաշեն թաղապետարանում Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 39-րդ շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Մելանյա Մկրտչյանի անվամբ հաշվառված է ավտոտնակ (հատոր 1-ին, գ.թ. 13):

10. Ս.Միրզոյանին հասցեագրված Երևանի Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարի 03.04.2007 թվականի թիվ 29/01-234 գրության համաձայն` Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 41 շենքին հարող տարածքում կառուցված ավտոտնակների վերաբերյալ հայտնվում է, որ «ավտոտնակների մի մասը կառուցված է կոպ. սկզբունքով, իսկ մի մասը ինքնակամ: 1995-1996թթ ավտոտնակները համարակալվել են ԲՖՇՏ-ների կողմից, սակայն ներկայումս բազմաթիվ փոփոխություններ է կրում: Ավտոտնակների հաշվառումը իրականացվում է ԲՖՇ և ԿՏԲ բաժնի կողմից: Տիրապետողների և սեփականատերերի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանզի ինքնակամ շինությունների սեփականաշնորհման գործընթացի ժամանակ ավտոտնակների մեծ մասը սեփականաշնորհվել է» (հատոր 1-ին, գ.թ. 18):

11. Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 39 շենքի բնակիչներ Բաբկեն Սարգսյանը, Ավետիս Հակոբյանը, Սարգիս Հակոբյանը 27.04.2008 թվականի հայտարարությամբ հայտնել են, որ «բնակվելով նշված հասցեներում` տեղյակ ենք, որ մեր շենքերին հարող տարածքում դեռևս 1993թ. կառուցվել են ավտոտնակներ կոոպերատիվ կարգով: Այդ ժամանակ ավտոտնակ է կառուցել նաև մեր հարևան Գեղամ Գևորգյանը: Այդ ավտոտնակը գտնվում է իմ` Սարգիս Հակոբյանիս ավտոտնակից ձախ, իսկ իմ` Ավետիս Հակոբյանիս ավտոտնակից աջ, և իմ` Բաբկեն Սարգսյանիս ավտոտնակի ետնամասում: Տեղյակ ենք նաև, որ ժամանակավորապես Գեղամի բացակայության ժամանակ, այդ ավտոտնակը օգտագործվել է 41 շենքի բնակչուհի Գայանեի կողմից», և «Միայն վերջերս ենք իմացել, որ Գայանեն իր բնակարանը վաճառել է Գեղամի գարաժի հետ միասին» (հատոր 1-ին, գ.թ. 12):

12. Մելանյա Մկրտչյանին հասցեագրված «Բնակֆոնդի կոմունալ տնտ» ՓԲ ընկերության ծանուցագրի համաձայն` 01.01.2006 թվականի դրությամբ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքի վարձավճարի պարտքը կազմել է 46.440 ՀՀ դրամ: Առաջարկվել է հնգօրյա ժամկետում ներկայանալ Դավթաշեն համայնքի «Բ.Ֆ. և Կ.Տ.» ՓԲ ընկերության հաշվապահություն ավտոտնակի վարձավճարի մարման և հետագա կարգավիճակի ճշտման համար (հատոր 1-ին, գ.թ. 29):

13. 17.07.2006 թվականի թիվ 10112 և 20.11.2006 թվականի թիվ 17038 վճարման անդորրագրերի համաձայն` Մելանյա Մկրտչյանը «Բ.Ֆ. և Կ.Տ.» ՓԲ ընկերությանը որպես ավտոտնակի օգտագործման վճար վճարել է 41.040 ՀՀ դրամ և 10.800 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը Երևանի քաղաքապետի 19.08.2003 թվականի թիվ 1599-Ա որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին հայցապահանջի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գեղամ Գևորգյանի և Մելանյա Մկրտչյանի կողմից օգտագործվող Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի դիմացի ազատ տարածքում գտնվող Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.05.1993 թվականի թիվ 3/142 որոշմամբ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 39-րդ շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Գեղամ Վարդգեսի Գևորգյանի փայատիրական իրավունքը ճանաչված և ՃՔԴ վարչության 19.10.1992 թվականի թիվ 23/01-07/1815 գրության և հաստատված նախագծով հետագայում կառուցված, Սարգիս Հակոբյանի ավտոտնակից ձախ, Ավետիս Հակոբյանի ավտոտնակից աջ և Բաբկեն Սարգսյանի ավտոտնակի հետնամասում գտնվող, Երևանի Դավթաշեն թաղային համայնքի սույն գործով առկա գրություններով հայտնված` Մելանյա Մկրտչյանի անվամբ հաշվառված, Գեղամ Գևորգյանի և Մելանյա Մկրտչյանի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հետ կապված` փոխադարձ պայմանավորվածությամբ, Գայանե Խաչատրյանի օգտագործմանը թողնված ավտոտնակը նույն` Երևանի քաղաքապետի 19.08.2003 թվականի թիվ 1599-Ա որոշման թիվ 1 հավելվածի 16-րդ կետով Գայանե Խաչատրյանի սեփականությունը ճանաչված Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ գտնվող 20,1քմ մակերեսով ավտոտնակն է, իսկ Երևանի քաղաքապետարանի և Գայանե Խաչատրյանի միջև 06.02.2004 թվականին կնքված «Հողամասի վարձակալության մասին» թիվ 75/6-ԱԳ պայմանագրով Գայանե Խաչատրյանին 10 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնված Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 41 շենքի հարևանությամբ գտնվող 20,1քմ մակերեսով հողամասը վերը նշված նույնական ավտոտնակներով զբաղեցված հողամասն է: Վերը նշված հատկանիշները, բնորոշիչները կրող երկու ավտոտնակները նույնական են:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե´ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006թ. որոշումը):

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Գեղամ Գևորգյանի և Մելանյա Մկրտչյանի ու Գայանե Խաչատրյանի միջև առկա ինչ-որ «փոխադարձ համաձայնության» մասին վկայակոչելիս վճռով չի տվել դրա մասին փաստական հիմնավորում` գործում դրա վերաբերյալ որևէ ապացույց առկա չլինելու հիմքով: Բացի այդ, գործում առկա են բազմաթիվ հակասական ապացույցներ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 և թիվ 41 շենքերի հարևանությամբ գտնվող ավտոտնակները նույնական և տարբեր լինելու վերաբերյալ, մինչդեռ Դատարանը Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 և թիվ 41 շենքերի հարևանությամբ գտնվող երկու տարբեր ավտոտնակները և դրանցով զբաղեցված հողամասերը նույնացրել է ինչ-որ հատկանիշների և բնորոշիչների հիման վրա` վճռում հստակ չնշելով երկու տարբեր հասցեներում նշված ավտոտնակների նույնական լինելու կոնկրետ հատկանիշները և բնորոշիչները: Մասնավորապես, չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Գեղամ Գևորգյանի ավտոտնակը, որը գտնվում է Սարգիս Հակոբյանի ավտոտնակից ձախ, Ավետիս Հակոբյանի ավտոտնակից աջ, և Բաբկեն Սարգսյանի ավտոտնակի ետնամասում, նույնական է այն ավտոտնակին, որի նկատմամբ Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշմամբ ճանաչվել է Գայանե Խաչատրյանի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտն անհիմն է: Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, չի պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 21.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան