ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի սեպտեմբերի 23-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով.
«է. մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարներից և դեբետային գումարներից.»:
Հոդված 2. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին,» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 348-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի,» բառերից հետո լրացնել «Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի,» բառերով.
2) 7-րդ մասը «փոխհատուցվող գումարի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի» բառերով.
3) 8-րդ մասի «իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հաշվարկն` այդ ժամկետի դրությամբ» բառերը փոխարինել «իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի հաշվարկը` այդ ժամկետի դրությամբ» բառերով.
4) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 456-րդ հոդվածում`
1) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Եթե Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների մարումից հետո հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով կամ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով պակասեցվում են նախկինում հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունները, ապա հարկ վճարողի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գումարների կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին մարված գումարը կրկին վերականգնվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում՝ որպես դեբետային գումար կամ որպես բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումար (չի մուտքագրվում միասնական հաշվին):»:
Հոդված 5. Օրենսգրքի 457-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Եթե մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողն ունի հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումար (սույն մասի կիրառության իմաստով` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար), ապա այդ գումարն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սույն մասի դրույթները տարածվում են յուրաքանչյուր կիսամյակի հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացած` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարի (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) վրա։»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հոկտեմբերի 2 Երևան ՀՕ-172-Ն |