«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1262-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ըստ աշակերտների թվի` հետևյալ բանաձևով`
Ըգ = Սթ x Սգ + Պգ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,
Սգ-ն մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
Պգ-ն հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարն է:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ` հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակներում, ինչպես նաև լրացուցիչ գործակիցներ` բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար:
(2-րդ կետը փոփ. 16.10.08 N 1188-Ն, խմբ. 18.03.11 N 259-Ն)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը` համաձայն հավելվածի:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) սույն որոշման 3-րդ կետով հաստատված կարգին համապատասխան կատարել վերաբաշխումներ իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարում են վերաբաշխումներ:
2. Վերաբաշխումներ կարող են իրականացվել՝
1) միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող այն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մասով, որոնց ծախսերը, ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի կիրառման արդյունքում, մեկ սովորողի հաշվով աճել են ավելի մեծ կամ նվազ չափերով, քան տվյալ կառավարման մարմնի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մեկ սովորողի հաշվով ընդհանուր միջին աճն է նախորդ տարվա համեմատ.
2) փոքր համակազմով (մինչև 100 աշակերտ ունեցող) պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (բանաձևով և ըստ դասարան-կոմպլեկտների թվի հաշվարկված գումարի տարբերության չափով) և տվյալ կառավարման մարմնի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մեկ սովորողի հաշվով ծախսերի ընդհանուր միջին աճից նվազ աճ ունեցող պետական հանրակրթական հաստատությունների միջև:
(2-րդ կետը խմբ. 26.04.07 N 494-Ն)
3. Սույն կարգի 1-ին կետում նշված կառավարման մարմինները մինչև իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի նախահաշիվների հաստատումը` նշված հաստատությունների համար ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով հաշվարկված ընդհանուր գումարի սահմաններում առանձնացնում են բաշխման ենթակա գումարը, որը չի կարող լինել ավելի` սույն կարգի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված` պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի միջին աճն ապահովելու համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների հանրագումարից:
4. Բաշխման ենթակա գումարն առանձնացվելու է սույն կարգի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված` ավելի աճ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերից, իսկ գումարը չբավականացնելու դեպքում` բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերից` համամասնորեն:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն ու Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը) իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում վերաբաշխումները կատարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի hետ համաձայնեցնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |