ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2011 թվականի N 1028-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2011 թվականի օգոստոսի 13-21-ը կայանալիք` 5-րդ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|