«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 684-Ն
ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սելեկցիոն նվաճման լիցենզային պայմանագրի գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սելեկցիոն նվաճման լիցենզային պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) և դրանում կատարված փոփոխությունները գրանցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):
II. ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
2. Գրանցման ենթակա են`
ա) «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստացած, սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում գրանցված, սելեկցիոն նվաճման օգտագործումը կանոնակարգող պայմանագրերը.
բ) նախկին ԽՍՀՄ-ում և մինչև 2000 թվականի հունվարի 6-ը Հայաստանի Հանրապետությունում շրջանացված բույսերի սորտերի, հիբրիդների և կենդանիների ցեղերի անվանացանկում ընդգրկված, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով արտոնագիր ստացած բույսերի սորտերի, հիբրիդների և կենդանիների ցեղերի օգտագործումը կանոնակարգող պայմանագրերը` արտոնագրի գործողության մնացած ժամկետի հաշվով:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
3. Պայմանագիրը գրանցելու համար լիազորված մարմին կարող են դիմել`
ա) արտոնագրատերը,
բ) «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բացառիկ լիցենզային պայմանագիր կնքած անձը:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձինք պայմանագրի կամ դրանում կատարված փոփոխությունների գրանցման հետ կապված գործերը կարող են վարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված իրավաբանական կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ֆիզիկական անձանց միջոցով:
5. Պայմանագիրը կամ դրանում կատարված փոփոխությունները գրանցվում են դիմումի հիման վրա:
6. Դիմումի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:
7. Դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի` ներառելով մեկ սելեկցիոն նվաճում և ստորագրվի արտոնագրատիրոջ կողմից:
8. Կազմակերպության անունից ներկայացվող դիմումն ստորագրում է կազմակերպության ղեկավարը և հաստատում կնիքով, եթե կազմակերպությունը կնիք ունի:
(8-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)
9. Դիմումին կից ներկայացվում են`
ա) սելեկցիոն նվաճման արտոնագրի կրկնօրինակը,
բ) պայմանագիրը կամ դրանում կատարված փոփոխությունների համաձայնագիրը (3 օրինակ),
գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված մարմնում գրանցված հավատարմատարի միջոցով:
Դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են հայերենով: Փաստաթղթերն այլ լեզվով ներկայացվելու դեպքում կցվում է դրանց` սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը:
10. Լիազորված մարմինը դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 7, 8 և 9-րդ կետերի պահանջներին: Եթե պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա դիմումը դրվում է քննարկման, և լիազորված մարմինը մեկամսյա ժամկետում ընդունում է որոշում պայմանագրի գրանցման մասին և գրանցված պայմանագիրը (2 օրինակ) եռօրյա ժամկետում հանձնում դիմողին:
Եթե պարզվում է, որ փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 7, 8 և 9-րդ կետերի պահանջներին, ապա լիազորված մարմինը դրանք վերադարձնում է դիմողին` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում գրավոր ներկայացնելու առաջարկությամբ:
Նշված ժամկետում պահանջվող նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է:
11. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է`
ա) դիմողը հանդիսանում է արդյո՞ք սելեկցիոն նվաճման արտոնագրատեր.
բ) որոշված է արդյո՞ք սելեկցիոն նվաճման նկատմամբ իրավունքների փոխանցման տեսակը.
գ) որոշված են արդյո՞ք փոխանցվող իրավունքները, պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը և այն ապրանքների (սերմեր, բուսահումք, կենդանիներ, տոհմային նյութ) ցանկը, որոնց համար տրվում է լիցենզիան.
դ) պայմանագրով սելեկցիոն նվաճման օգտագործման իրավունք ձեռք բերած անձի կողմից վերարտադրված սելեկցիոն նվաճման նկարագրությունը, որը չպետք է տարբերվի սելեկցիոն նվաճման` լիազորված մարմնի կողմից հաստատված նկարագրությունից, իսկ վերարտադրված սերմերը, բուսահումքը, կենդանիների ցեղերը` արդյունավետությամբ և որակով չպետք է զիջեն լիցենզատուի համանման ապրանքատեսակի որակին:
12. Պայմանագիրը գրանցելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն գրանցվում է սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում և 6-ամսյա ժամկետում հրապարակվում սելեկցիոն նվաճումների պաշտոնական տեղեկագրում:
13. Պայմանագիրը չի գրանցվում`
ա) եթե դիմողն իրավասու չէ փոխանցել սելեկցիոն նվաճման օգտագործման թույլտվության իրավունքը,
բ) եթե չի պարունակում հավաստի տեղեկություններ սելեկցիոն նվաճման ծագումնաբանության մասին,
գ) եթե չի պարունակում հավաստի տեղեկություններ այլ երկրներում սելեկցիոն նվաճմանն իրավական պահպանություն տրամադրելու մասին:
14. Գրանցման ենթակա են նաև պայմանագրում կատարված այն փոփոխությունները, որոնք վերաբերում են կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, տարածքի, փոխանցվող իրավունքների ծավալների փոփոխություններին:
15. Սույն կարգին համապատասխան չգրանցված փոփոխությունները համարվում են անվավեր:
16. Պայմանագրում կատարված փոփոխությունների քննարկումն ու գրանցումը կատարվում է առանձին դիմումի հիման վրա` սույն կարգի 7, 8 և 9-րդ կետերի պահանջներին համապատասխան:
17. Դատարանի կողմից կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ ընդունված պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ դրա գործողության երկարաձգման վերաբերյալ որոշման մասին կողմերը պարտավոր են մեկամսյա ժամկետում հայտնել լիազորված մարմնին, որը համապատասխան գրառում է կատարում սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում և դրա մասին տեղեկությունները հրապարակում սելեկցիոն նվաճումների պաշտոնական տեղեկագրում:
18. Պայմանագիրը կամ դրանում կատարված փոփոխությունները գրանցումից դուրս են բերվում և ուժը կորցրած ճանաչվում, եթե`
ա) լրացել է պայմանագրի գործողության ժամկետը,
բ) լիցենզառուն չի ապահովում սույն կարգի 11-րդ կետի «դ» ենթակետի պահանջը,
գ) կողմերն ընդունել են որոշում պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:
IV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
19. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագիրը և դրանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում գրանցման օրվանից:
20. Պայմանագրի կամ դրանում կատարված փոփոխությունների գրանցման մասին լիազորված մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |