Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),
ճանաչելով քաղաքական, տնտեսական, իրավական, պաշտպանական, իրավապահ, գիտական և տեխնոլոգիական կամ ցանկացած այլ համագործակցության շրջանակներում փոխադարձաբար փոխանակվող գաղտնի տեղեկատվության, ինչպես նաև նման համագործակցության ընթացքում առաջացած գաղտնի տեղեկատվության պաշտպանության կանոնների սահմանման անհրաժեշտությունը,
մտադրվելով ապահովել Կողմերի պետությունների կողմից միմյանց փոխանցված գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանությունը,
ցանկանալով ստեղծել, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, Կողմերի պետությունների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության կանոնների ամբողջություն,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Նպատակը և առարկան
1. Սույն Համաձայնագրի նպատակն է ապահովել Կողմերի պետությունների միջև սովորաբար ստեղծվող և փոխանակվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը:
2. Կողմերը պայմանավորվում են, սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, իրականացնել գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանություն:
Հոդված 2
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակով`
ա) «գաղտնի պայմանագիր» նշանակում է` երկու կամ ավելի կատարողների միջև համաձայնագիր, որը պարունակում կամ ներառում է գաղտնի տեղեկատվություն,
բ) «գաղտնի տեղեկատվություն» նշանակում է` Վրաստանի համար՝ պետական գաղտնիք պարունակող ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, Հայաստանի Հանրապետության համար՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, որը, անկախ իր ձևից կամ բնույթից, պահանջում է չթույլատրված մեքենայությունից պաշտպանություն, և որը դասակարգվել է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան,
գ) «անվտանգության իրավասու մարմին» նշանակում է` սույն Համաձայնագրի իրականացման և վերահսկողության համար պատասխանատու ազգային անվտանգության մարմին,
դ) «կատարող» նշանակում է` գաղտնի պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
ե) «ենթակատարող» նշանակում է` գաղտնի պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում վարձել է կատարողը,
զ) «գաղտնի աշխատանքին հասանելիության թույլտվություն» նշանակում է` անվտանգության իրավասու մարմնի որոշում, որը հաստատում է այն, որ իրավաբանական անձը, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, օժտված է գաղտնի տեղեկատվություն ստեղծելու և դրան առնչվելու իրավասությամբ,
է) «անհրաժեշտ է տեղյակ լինել» սկզբունքը նշանակում է` որոշակի ծառայողական պարտականությունների շրջանակներում գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալու անհրաժեշտություն,
ը) «տրամադրող Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որը մյուս Կողմի պետությանը փոխանցում է գաղտնի տեղեկատվություն,
թ) «անձնակազմի մասով գաղտնիության թույլտվություն» նշանակում է` Կողմերի իրավասու մարմնի որոշում, որը հաստատում է այն, որ ֆիզիկական անձը կարող է, Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն, մուտք ունենալ գաղտնի տեղեկատվությանը,
ժ) «ստացող Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որին մյուս Կողմի պետության կողմից փոխանցվում է գաղտնի տեղեկատվություն,
ժա) «երրորդ կողմ» նշանակում է` սույն Համաձայնագրի Կողմ չհանդիսացող ցանկացած այլ պետություն, նրա իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաև միջազգային կազմակերպություն:
Հոդված 3
Անվտանգության դասակարգման աստիճանները
1. Կողմերը համաձայնում են, որ անվտանգության դասակարգման հետևյալ աստիճանները համարժեք են և համապատասխանում են իրենց պետությունների ազգային օրենսդրությամբ հստակեցված անվտանգության դասակարգման աստիճաններին.
Հայաստանի Հանրապետության համար |
Վրաստանի համար |
Համարժեքն անգլերենում |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ(HATUK KAREVORUTYAN) |
განსაკუთრებული მნიშვნელობის(GANSAKUTREBULI MNISHVNELOBIS) |
TOP SECRET |
ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ(HUYZH GAGHTNI) |
სრულიად საიდუმლო |
SECRET |
ԳԱՂՏՆԻ(GAGHTNI) |
საიდუმლო |
CONFIDENTIAL |
… |
შეზღუდული სარგებლობისთვის(SHEZGHUDULI SARGEBLOBISTVIS) |
RESTRICTED |
2. Վրաստանում որպես ծառայողական օգտագործման համար (RESTRICTED, შეზღუდული სარგებლობისთვის) դրոշմագրված Գաղտնի տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում դիտարկվում է որպես «ԳԱՂՏՆԻ» (CONFIDENTIAL) դասակարգման աստիճանով դրոշմագրված գաղտնի տեղեկատվություն:
Հոդված 4
Անվտանգության իրավասու մարմինները
1. Կողմերի անվտանգության իրավասու մարմիններն են.
Հայաստանի Հանրապետության համար`
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն
Նալբանդյան, փող. 104
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Վրաստանի համար`
Վրաստանի ներքին գործերի նախարարություն
Գ. Գուլուա, փող. 10, Թբիլիսի, Վրաստան
2. Կողմերի պետությունները դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են անվտանգության իրավասու մարմիններին վերաբերող ցանկացած փոփոխության մասին:
3. Հարցման դեպքում անվտանգության իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին իրենց պետությունների համապատասխան ազգային օրենսդրության վերաբերյալ և տեղեկատվություն են փոխանակում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող անվտանգության չափորոշիչների, ընթացակարգերի և գործելակերպի մասին:
Հոդված 5
Պաշտպանական միջոցներ և գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը
1. Կողմերի պետությունները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները սույն Համաձայնագրի ներքո փոխանակվող և առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար: Նման գաղտնի տեղեկատվությանը տրվում է պաշտպանության այն նույն աստիճանը, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն անվտանգության դասակարգման համարժեք աստիճանի ազգային գաղտնի տեղեկատվության համար:
2. Տրամադրող Կողմը գրավոր տեղեկացնում է ստացող Կողմին փոխանցված գաղտնի տեղեկատվության անվտանգության դասակարգման աստիճանի ցանկացած փոփոխության մասին:
3. Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը, «անհրաժեշտ է տեղյակ լինել» սկզբունքի համաձայն, սահմանափակվում է այն անձանցով, որոնց թույլատրված է, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, առնչվելու անվտանգության դասակարգման համարժեք աստիճանի գաղտնի տեղեկատվությանը:
4. Սույն Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն տրված` անձնակազմի մասով գաղտնիության թույլտվությունը և գաղտնի աշխատանքին հասանելիության թույլտվությունը: Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը համարժեք է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված անվտանգության դասակարգման աստիճաններին:
5. Հարցման դեպքում անվտանգության իրավասու մարմինները, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, աջակցում են միմյանց սույն Համաձայնագրի դրույթների ներքո ստուգման ընթացակարգերի իրականացման հարցում:
6. Սույն Համաձայնագրի շրջանակներում անվտանգության իրավասու մարմինները անհապաղ միմյանց տեղեկացնում են անձնակազմի մասով գաղտնիության թույլտվությանը և (կամ) գաղտնի աշխատանքին հասանելիության թույլտվությանն առնչվող ցանկացած փոփոխության մասին. մասնավորապես դրանց դադարեցման և աստիճանի իջեցման մասին:
7. Ստացող Կողմը պարտավոր է.
ա) չտրամադրել փոխանցված գաղտնի տեղեկատվությունը որևէ երրորդ կողմի.
բ) դրոշմագրել ստացված գաղտնի տեղեկատվությունը` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան.
գ) գաղտնի տեղեկատվությունն օգտագործել միայն այն նպատակներով, որոնց համար տրամադրվել է:
Հոդված 6
Գաղտնի տեղեկատվության փոխանցումը
1. Գաղտնի տեղեկատվությունը փոխանցվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության կամ անվտանգության իրավասու մարմինների միջև համաձայնեցված այլ միջոցներով: Ստացող Կողմը գաղտնի տեղեկատվության ստացումը գրավոր հաստատում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության կամ անվտանգության իրավասու մարմինների միջև համաձայնեցված այլ միջոցներով:
2. Գաղտնի տեղեկատվության էլեկտրոնային փոխանցումը կատարվում է անվտանգության իրավասու մարմինների կողմից համաձայնեցված գաղտնագրման միջոցներով:
Հոդված 7
Գաղտնի տեղեկատվության վերարտադրությունն ու թարգմանությունը
1. Գաղտնի տեղեկատվության վերարտադրությունն ու թարգմանությունը կատարվում են ստացող Կողմի ազգային օրենսդրության և հետևյալ ընթացակարգերի համաձայն.
ա) ֆիզիկական անձինք պետք է ունենան անձնակազմի մասով համապատասխան գաղտնիության թույլտվություն` իրենց պետությունների ազգային օրենսդրության համաձայն.
բ) թարգմանություններն ու վերարտադրությունները պետք է լինեն դրոշմագրված և պահպանվեն, ինչպես գաղտնի տեղեկատվության բնօրինակը.
գ) թարգմանությունները և վերարտադրությունները պետք է սահմանափակվեն մինչև պաշտոնական օգտագործման համար պահանջվող նվազագույն քանակը.
դ) թարգմանությունները պետք է պարունակեն թարգմանված լեզվով գրություն, որը ցույց կտա, որ այն տրամադրող Կողմից ստացված գաղտնի տեղեկատվություն է պարունակում:
2. Թարգմանությունների և վերարտադրությունների թիվը կարող է սահմանափակվել կամ բացառվել տրամադրող Կողմի կողմից:
3. «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ /სრულიად საიდუმლო/ SECRET» աստիճանի տեղեկատվությունը թարգմանվում կամ վերարտադրվում է միայն տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնությամբ:
4. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ /განსაკუთრებული მნიშვნელობის/ TOP SECRET» աստիճանի տեղեկատվությունը չի թարգմանվում կամ վերարտադրվում ստացող Կողմի կողմից:
Հոդված 8
Գաղտնի տեղեկատվության ոչնչացումը
1. Գաղտնի տեղեկատվությունը ոչնչացվում է դրա մասնակի կամ ամբողջական վերականգնումը կանխելու նպատակով:
2. Գաղտնի տեղեկատվությունը ոչնչացնելուց առաջ ստացող Կողմը գրավոր տեղեկացնում է տրամադրող Կողմին և ոչնչացումն իրականացնում իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
3. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ / განსაკუთრებული მნიშვნელობის / TOP SECRET» աստիճանի տեղեկատվությունը չի ոչնչացվում՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Այն վերադարձվում է տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմնին:
4. Գաղտնի տեղեկատվության ոչնչացման վերաբերյալ կազմվում է զեկույց, և դրա անգլերեն թարգմանությունը փոխանցվում է տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմնին:
5. Ճգնաժամային իրավիճակի դեպքում, երբ հնարավոր չէ պաշտպանել կամ վերադարձնել սույն Համաձայնագրի ներքո փոխանցված կամ ստեղծված գաղտնի տեղեկատվությունը, գաղտնի տեղեկատվությունը ոչնչացվում է անմիջապես: Ստացող Կողմը այդ մասին անմիջապես տեղեկացնում է տրամադրող Կողմին:
Հոդված 9
Գաղտնի պայմանագրերը
1. Կողմերից մեկի պետությունը, որը ցանկանում է գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության կատարողի հետ կամ ցանկանում է լիազորել իր կատարողներից մեկին` գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության տարածքում, անվտանգության իրավասու մարմնի միջոցով նախապես գրավոր հավաստագիր է ստանում մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնից այն մասին, որ առաջարկված կատարողն ունի գաղտնի աշխատանքին հասանելիության համապատասխան թույլտվություն:
2. Յուրաքանչյուր գաղտնի պայմանագիր, սույն Համաձայնագրի ներքո, ներառում է հետևյալը.
ա) կատարողի պարտավորությունը` երաշխավորելու համար, որ վերջինիս շինություններն անհրաժեշտ պայմաններն ունենան անվտանգության դասակարգման համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի համար.
բ) կատարողի պարտավորությունը` երաշխավորելու համար, որ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համար պահանջվող պարտականություններ իրականացնող անձանց տրված լինի անձնակազմի մասով համապատասխան գաղտնիության թույլտվություն.
գ) կատարողի պարտավորությունը` երաշխավորելու համար, որ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ունեցող բոլոր անձինք, իրենց համապատասխան պետության ազգային օրենսդրության համաձայն, տեղեկացված լինեն գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու իրենց պարտավորության մասին.
դ) կատարողի պարտավորությունը` իրականացնել իր շինությունների անվտանգության պարբերական ստուգում.
ե) գաղտնի տեղեկատվության ցանկը և այն բնագավառների ցանկը, որտեղ կարող է ստեղծվել գաղտնի տեղեկատվություն.
զ) գաղտնի տեղեկատվության անվտանգության դասակարգման աստիճանի մեջ փոփոխությունների վերաբերյալ ծանուցման ընթացակարգը.
է) գաղտնի տեղեկատվության փոխանցման համար միջոցները և ընթացակարգերը.
ը) համապատասխան` լիազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք պատասխանատու են գաղտնի պայմանագրի հետ կապված գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար.
թ) կատարողի պարտավորությունը` փոխանցել գաղտնի պայմանագրի օրինակը իր անվտանգության իրավասու մարմնին.
ժ) կատարողի պարտավորությունը` ծանուցել իր անվտանգության իրավասու մարմնին գաղտնի տեղեկատվության որևէ իրական կամ կասկածելի կորստի, արտահոսքի կամ հրապարակման և գաղտնի տեղեկատվության չթույլատրված հասանելիության մասին.
ժա) ենթակատարողի պարտավորությունը` իրականացնել նույն անվտանգության միջոցառումները, որոնք նախատեսված են կատարողի համար` որպես պարտավորություն:
3. Մի Կողմի պետության տարածքում կատարողի և մյուս Կողմի պետության տարածքում տեղակայված մեկ այլ կատարողի միջև նախապայմանագրային բանակցություններն սկսելուն պես, որի նպատակը գաղտնի պայմանագրեր ստորագրելն է, անվտանգության իրավասու մարմինը մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնին տեղեկացնում է նախապայմանագրային բանակցությունների անվտանգության դասակարգման աստիճանի վերաբերյալ:
4. Գաղտնի պայմանագրի պատճենը փոխանցվում է այն Կողմի պետության անվտանգության իրավասու մարմնին, որտեղ պետք է կատարվի աշխատանքը, համապատասխան հսկողութուն և վերահսկողություն ապահովելու համար:
5. Անվտանգության իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են այցելել մյուս Կողմի պետության տարածք` գաղտնի պայմանագրի հետ կապված գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար կատարողի կողմից ընդունված միջոցների արդյունավետությունը գնահատելու նպատակով: Այցելության մասին ծանուցումը ներկայացվում է այցելությունից առնվազն քսան օր առաջ:
6. Ստացող Կողմի անվտանգության իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ կատարողն իրավունք ունի վարձելու ենթակատարող:
Հոդված 10
Այցելությունները
1. Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու հնարավորություն ներառող` Կողմերից մեկի պետություն այցերի դեպքում այցելող անձինք ձեռք են բերում հյուրընկալող պետության անվտանգության իրավասու մարմնի համապատասխան գրավոր համաձայնությունը:
2. Կողմերից մեկի պետության քաղաքացիներին կթույլատրվի այցելել մյուս Կողմի պետություն՝ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու հնարավորությամբ, եթե նրանք ունենան անձնակազմի մասով համապատասխան գաղտնիության թույլտվություն և լիազորված լինեն մուտք ունենալու գաղտնի տեղեկատվությանը կամ առնչվելու դրան` իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:
3. Մի Կողմի անվտանգության իրավասու մարմինը մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնից ստանում է այցելության վերաբերյալ հարցում այցելությունից առնվազն երեսուն օր առաջ:
4. Հրատապ դեպքերում այցելության վերաբերյալ հարցումն իրականացվում է այցելությունից առնվազն յոթ օր առաջ:
5. Այցելության վերաբերյալ հարցումն իր մեջ ներառում է.
ա) այցելուի անունն ու ազգանունը, ծննդյան վայրը և ամսաթիվը, քաղաքացիությունը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի համարը.
բ) այն իրավաբանական անձի անվանումը, որին ներկայացնում է այցելուն.
գ) այցելության ենթակա իրավաբանական անձի անվանումն ու հասցեն.
դ) այցելուի՝ անձնակազմի մասով վավերական գաղտնիության թույլտվությունը.
ե) այցելության նպատակը և առարկան.
զ) այցելության ակնկալվող ամսաթիվն ու տևողությունը: Պարբերական այցելությունների դեպքում նշվում է այցելության ընդհանուր ժամանակահատվածը.
է) անվտանգության իրավասու մարմնի պաշտոնական վավերապայմանները և ամսաթիվը:
6. Այցելության հաստատման պահից հյուրընկալող պետության անվտանգության իրավասու մարմինը այցելության ենթակա իրավաբանական անձի լիազորված աշխատակիցներին տրամադրում է հարցման պատճենը:
7. Կողմերի պետությունները կարող են կազմել պարբերական այցելություններ իրականացնելու համար լիազորված անձանց ցուցակը:
Հոդված 11
Անվտանգության խախտումը
1. Անվտանգության խախտման դեպքում, որը փաստացի կամ ենթադրյալ սպառնալիք է մյուս Կողմի պետությունից ծագած կամ ստացված գաղտնի տեղեկատվության համար, այն Կողմի անվտանգության իրավասու մարմինը, որտեղ տեղի է ունեցել անվտանգության խախտումը կամ սպառնալիքը, իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, հնարավորինս արագ տեղեկացնում է մյուս Կողմի անվտանգության իրավասու մարմնին և նախաձեռնում է համապատասխան հետաքննություն:
2. Տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմինը հարցման դեպքում աջակցում է հետաքննությանը` սույն հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան:
3. Ստացող Կողմի անվտանգության իրավասու մարմինը տեղեկացնում է հետաքննության արդյունքների մասին և ուղարկում է վնասի ծավալի և պատճառների վերաբերյալ վերջնական զեկույց տրամադրող Կողմի անվտանգության իրավասու մարմնին:
Հոդված 12
Ծախսերը
Սույն Համաձայնագրի դրույթներով նախատեսված ցանկացած գործողություն Կողմերն իրականացում են իրենց պետությունների միջոցների հաշվին, եթե Կողմերի կողմից յուրաքանչյուր առանձին դեպքի համար այլ համաձայնություն չկա:
Հոդված 13
Վեճերի կարգավորումը
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ կամ տարաձայնություն լուծվում է Կողմերի միջև` բանակցությունների և (կամ) խորհրդակցությունների միջոցով, և լուծման համար չի ներկայացվում որևէ երրորդ կողմի, միջազգային դատարան, արբիտրաժ կամ տրիբունալ:
Հոդված 14
Փոփոխությունները և լրացումները
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ ցանկացած պահի կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Դրանք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ, որը կկազմի սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
Հոդված 15
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական իրավական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի` միմյանց դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալուն հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում դադարեցումն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
3. Անկախ սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից` Կողմերը երաշխավորում են, որ ամբողջ գաղտնի տեղեկատվությունը կպաշտպանվի մինչև տրամադրող Կողմը ստացող Կողմին ազատի այդ պարտավորությունից:
Կատարված է Թբիլիսի քաղաքում 2014 թվականի հունիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և անգլերեն: Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. ապրիլի 1-ին
