Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա, ցանկանալով օժանդակել առևտրային կապերի զարգացմանը, ձգտելով բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) արդյունավետ գործունեության համար, հաստատելով իրենց հավատարմությունը «Օզոնային շերտի պահպանության մասին» 1985 թվականի մարտի 22-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված իրենց միջազգային պարտավորությունների կատարման և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» 1987 թվականի սեպտեմբերի 16-ի Մոնրեալի արձանագրությունից (այսուհետ՝ Մոնրեալի արձանագրություն) բխող պարտավորությունների կատարման ապահովման սկզբունքներին, ելնելով իրենց պետությունների ազգային շահերի և անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկի 1.1 և 2.1 բաժիններում նշված օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի՝ Միության մաքսային տարածքով տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ, ինչպես նաև Կողմերի պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
«եզրակացություն (թույլատրագիր)»՝ օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման իրավունքը հաստատող փաստաթուղթ,
«հայտատու»՝ օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար դիմում ներկայացրած իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ,
«իրավասու մարմին»՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված՝ Կողմի պետության մարմին,
«հաշվետու մարմին»՝ Մոնրեալի արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությունը ներկայացնելու համար լիազորված՝ Կողմի պետության մարմին,
«տեղափոխում»՝ Միության ապրանքներ հանդիսացող օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում մի Կողմի պետության տարածքից այլ Կողմի պետության տարածք։
Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Մոնրեալի արձանագրությանը և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան։
Հոդված 3
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է հետևյալ անձանց վրա՝
օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխում, արտադրություն, օգտագործում իրականացնող իրավաբանական անձինք, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք, որոնք օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխում և օգտագործում են իրականացնում՝ կապված իրենց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, անձնական օգտագործման համար (ոչ առևտրային նպատակներով) օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի տեղափոխում իրականացնող ֆիզիկական անձինք։
Հոդված 4
Օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխումը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար (ոչ առևտրային նպատակներով) արգելվում է։
Հոդված 5
Կողմերը պետական հսկողություն են իրականացնում օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման, արտադրության օգտագործման նկատմամբ՝ սույն Համաձայնագրին և Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 6
Օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխումն իրականացվում է եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որն իրավասու մարմնի կողմից տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ հաստատվող միասնական ձևով:
Հոդված 7
Եզրակացությունը (թույլատրագիրը) հայտատուին տրվում է Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի արտահանման եզրակացությունը (թույլատրագիրը) տրվում է այն Կողմի պետության իրավասու մարմնի կողմից, որտեղից նախատեսվում է դրանց արտահանումը, այդպիսի նյութերի և արտադրանքի ներմուծման եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում, որը տրվել է այն Կողմի պետության իրավասու մարմնի կողմից, ուր նախատեսվում է ներմուծել օզոնաքայքայիչ նյութերը և դրանք պարունակող արտադրանքը:
Եզրակացությունների (թույլատրագրերի) պատճենները կցվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի լրակազմին:
Հոդված 8
Եզրակացություն (թույլատրագիր) ստանալ չի պահանջվում՝
ֆիզիկական անձանց կողմից օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքը անձնական օգտագործման համար (ոչ առևտրային նպատակներով) տեղափոխելու դեպքում, օզոնաքայքայիչ նյութերը օդային, ծովային (գետային), երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի հետ միասին տեղափոխելու դեպքում՝ այն նպատակով և քանակով, որն անհրաժեշտ է տվյալ տրանսպորտային միջոցի սարքավորումների և տեխնիկական սարքերի բնականոն շահագործումն ապահովելու, այդ թվում՝ սառնարանային սարքավորման, օդորակման համակարգերի, հրդեհաշիջման միջոցների ու այլ սարքավորումների և տեխնիկական սարքերի լցավորման, լրալցավորման համար, որոնց շահագործման համար, տեխնիկական բնութագրերին համապատասխան, անհրաժեշտ են օզոնաքայքայիչ նյութեր:
Հոդված 9
Այն Կողմի պետության իրավասու մարմինը, ուր (որտեղից) նախատեսվում է ներմուծել (արտահանել) օզոնաքայքայիչ նյութերը և դրանք պարունակող արտադրանքը այդպիսի նյութերի և արտադրանքի ներմուծման (արտահանման) եզրակացության (թույլատրագրի) տրամադրման ամսաթվից 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով, իրավասու մարմինների կողմից համաձայնեցված ձևաչափով, այն ուղարկում է այն Կողմի պետության իրավասու մարմին, որտեղից (ուր) նախատեսվում է դրանց արտահանումը (ներմուծումը):
Հոդված 10
Հայտատուները վարում են օզոնաքայքայիչ նյութերի հաշվառում և յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, իրենց պետության հաշվետու մարմին հաշվետվություն են ներկայացնում հավելվածի համաձայն սահմանված ձևով:
Օզոնաքայքայիչ նյութերի արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք եռամսյակը մեկ անգամ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը, իրենց պետության հաշվետու մարմին հաշվետվություն են ներկայացնում սույն Համաձայնագրի հավելվածով նախատեսված ձևով:
Կողմերի պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված հաշվետվությունը ներկայացնելու այլ ժամկետներ, սակայն սույն հոդվածով նախատեսվածից ոչ պակաս պարբերականությամբ:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությունը չներկայացնելը, ինչպես նաև հաշվետվության մեջ թերի և ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն՝ Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 12
Իր տարածքում օզոնաքայքայիչ նյութերի արտադրություն ունեցող՝ Կողմի պետության հաշվետու մարմինը մինչև յուրաքանչյուր այն տարվա հունվարի 1-ը, որի համար օզոնաքայքայիչ նյութերի արտադրության չափաքանակ (քվոտա) է սահմանվել, օզոնաքայքայիչ նյութերի արտադրություն իրականացնող իրավաբանական անձին տեղեկացնում է նշված չափաքանակի ծավալի մասին:
Հոդված 13
Հաշվետու մարմինը եռամսյակը մեկ անգամ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-րդ օրը, ընդհանրացնում է օզոնաքայքայիչ նյութերի արտադրության և տեղափոխման մասին տեղեկությունները և իր պետությունում օզոնաքայքայիչ նյութերի սպառման՝ Մոնրեալի արձանագրությամբ Կողմերի պետություններից յուրաքանչյուրի համար սահմանված հաշվարկային մակարդակին հասնելու հավանականության դեպքում՝ իր պետության իրավասու մարմին հրահանգչական ցուցում է ուղարկում օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը դադարեցնելու մասին, օզոնաքայքայիչ նյութերի արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց հրահանգչական ցուցում է ուղարկում արտադրությունը դադարեցնելու մասին, այլ Կողմերի պետությունների իրավասու մարմիններին տեղեկացնում է օզոնաքայքայիչ նյութերի՝ տվյալ Կողմի պետություն արտահանելու եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հոդված 14
Իրավասու մարմինները դադարեցնում են եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրել՝ օզոնաքայքայիչ նյութերը ներմուծելու համար՝ իրենց պետությունում օզոնաքայքայիչ նյութերի սպառման՝ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված հաշվարկային մակարդակին հասնելու դեպքում, օզոնաքայքայիչ նյութերը համապատասխան Կողմի պետություն արտահանելու համար՝ սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի չորրորդ պարբերությանը համապատասխան տեղեկությունները ստանալու դեպքում:
Հոդված 15
Կողմերը միմյանց տեղեկացնում են իրենց պետությունների իրավասու և հաշվետու մարմինների մասին:
Դրանց փոփոխման դեպքում Կողմերն անհապաղ դիվանագիտական ուղիներով դրա մասին տեղեկացնում են միմյանց:
Հոդված 16
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 17
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
Հոդված 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է Բուրաբայ քաղաքում, 2015 թվականի մայիսի 29-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից |
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից |
ՀԱՎԵԼՎԱԾ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխման, արտադրության և օգտագործման մասին ______ թվականի _____________ եռամսյակի համար / 20 ______ թվականին
Իրավա-բանական անձի անվանումը կամ անհատ ձեռնար-կատիրոջ անունը |
Օզոնաքայքայիչ նյութերի (ՕՔՆ), ՕՔՆ խառնուրդների անվանումը (խառնուրդի տոկոսա-բաղադրամասային կազմը) |
ՕՔՆ մնացորդների ծավալը հաշվետու տարվա սկզբի դրությամբ, տոննա |
Արտադրվել է ՕՔՆ, տոննա |
ՕՔՆ ներմուծում |
ՕՔՆ արտահանում |
Օգտագործվել կամ վաճառվել է ՕՔՆ, տոննա |
ՕՔՆ մնացորդ-ների ծավալը հաշվետու տարվա վերջի դրությամբ, տոննա | ||||
քանակը, տոննա |
Իրավաբանա-կան անձի անվանումը կամ անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ՕՔՆ մատակարարի հաշվառման համարը[*] |
մատա-կարարի հասցեն, երկիրը |
քանակը, տոննա |
իրավա-բանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ՕՔՆ ստացողի հաշվառման համարը* |
ստացողի հասցեն, երկիրը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
– |
– |
– |
– |
– |
[*] Հայտատուների՝ հարկային մարմիններում հաշվառման համարները, որոնք գործածվում են հարկման ենթակա եկամուտների մասին տեղեկությունների հաշվառման համարՀայաստանի Հանրապետության համար՝ ՀՎՀՀ,
Բելառուսի Հանրապետության համար՝ ՎՀՀ,
Ղազախստանի Հանրապետության համար՝ ԱՆՀ, ԲՆՀ,
Ռուսաստանի Դաշնության համար՝ ՀՎՆՀ։