Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (09.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2013.04.26/15(23)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
19.11.2012
Дата вступления в силу
09.05.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ ՆԱ Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Քուվեյթի Պետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

նպատակ ունենալով ամրապնդելու երկկողմ հարաբերությունները երկու երկրների միջև,

ցանկանալով դյուրացնել դիվանագիտական և հատուկ անձնագրեր ունեցող երկու երկրների քաղաքացիների մուտքը և ելքը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են.

1. դիվանագիտական անձնագրեր ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ.

2. դիվանագիտական և հատուկ անձնագրեր ունեցող՝ Քուվեյթի Պետության քաղաքացիների նկատմամբ:

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձինք կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցել և դուրս գալ մյուս Կողմի տարածքից տվյալ երկրում իննսուն (90) օրը չգերազանցող՝ անընդմեջ կամ մի քանի անգամ գտնվելու ժամկետով` առաջին մուտքի ամսաթվից հետո վեց ամսվա ընթացքում:

2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված, մյուս Կողմի պետությունում դիվանագիտական ներկայացուցչություններում ու հյուպատոսություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված անձինք, ինչպես նաև նրանց ամուսինները և անչափահաս երեխաները, ովքեր ուղեկցում և ապրում են նրանց հետ, կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, մնալ և դուրս գալ մյուս Կողմի պետության տարածքից իրենց աշխատելու ընթացքում։ Մեկ կողմի արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկացնի մյուս կողմի արտաքին գործերի նախարարությանը նրանց ժամանման մասին: Սույն պարբերությունում նշված անձինք պետք է ստանան հավատարմագրման քարտ ընդունող Կողմից:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձինք կարող են երկարաձգել մյուս Կողմի պետության տարածքում իրենց գտնվելու տևողությունը այդ Կողմի իրավասու մարմինների կողմից հաստատում ստանալուց հետո՝ մյուս Կողմի գործող իրավական դրույթներին համապատասխան:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված անձինք պահպանում են մյուս Կողմի պետության տարածքում գործող՝ մուտք գործելու կանոնակարգերը և ազգային օրենսդրությունը տվյալ պետությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու անցանկալի անձ համարվող անձանց մուտքը իր տարածք կամ դադարեցնելու տվյալ անձանց՝ այնտեղ գտնվելու թույլտվությունը։

 

Հոդված 6

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են սույն Համաձայնագրում նշված անձնագրերի նմուշները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Սույն Համաձայնագրում նշված անձնագրերում որևէ փոփոխություն կատարելու դեպքում Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են դրանց նոր նմուշները և տեղեկատվություն այդ անձնագրերի մասին դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում:

 

Հոդված 7

 

Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության նկատառումներից: Այդպիսի կասեցման կամ կասեցումը վերացնելու մասին մյուս Կողմը ծանուցվում է դիվանագիտական ուղիներով, և այն ուժի մեջ է մտնում կամ դադարում է գործելուց մյուս Կողմի կողմից ծանուցումն ստանալու օրվանից։

 

Հոդված 8

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման շուրջ ծագած ցանկացած վեճ կարգավորվում է խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ։ Փոփոխությունները կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի կողմից ստանալուց երեսուն (30) օր հետո։

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը վավերական է ուժի մեջ մտնելուց հետո անորոշ ժամկետով։ Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Դադարեցումը գործողության մեջ է մտնում ծանուցման ամսաթվից իննսուն (90) օր հետո:

 

 Կատարված է Էլ-Քուվեյթ քաղաքում, 2012 թվականի նոյեմբերի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 9-ին