Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով 1992թ. հունիսի 26-ի՝ «Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի, 2007թ. սեպտեմբերի 14-ի՝ «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման ու փոխանակման և տեղեկատվական համակարգերի ստեղծման ու զարգացման համագործակցության մասին» համաձայնագրի, Անկախ Պետությունների Համագործակցության՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի տնտեսական զարգացման ռազմավարության վրա՝ հաստատված 2008 թ. նոյեմբերի 14-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ, ԱՊՀ մասնակից պետությունների՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության վերաբերյալ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԱՏՈՄ-ԱՊՀ»» շրջանակային ծրագրի վրա՝ ընդունված 2011թ. մայիսի 19-ի՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ,
հաշվի առնելով ատոմային բնագավառի նշանակալի դերը ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման մեջ,
ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների՝ ատոմային բնագավառում համակարգված աշխատանքների ապահովման կարևորությունը,
հաշվի առնելով ԱՊՀ մասնակից պետությունների՝ ատոմային բնագավառում արդիական հարցերի արդյունավետ լուծման համատեղ շահագրգռվածությունը,
ելնելով միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունից` նորմատիվ իրավական գործիքների կատարելագործման և նորարարական տեխնոլոգիաներին անցման միջոցով` կայուն զարգացման, չտարածման և միջուկային ու ճառագայթային անվտանգության երաշխիքների ապահովման պահանջներին համապատասխան,
միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների արդյունավետ իրականացման նպատակով, որոնց մասնակից են իրենց պետությունները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը համատեղ գործողությունների արդյունավետ համակարգումն ապահովելու համար իրականացնում են համաձայնեցված միջոցառումներ` ուղղված սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ատոմային էներգետիկայի կայուն զարգացմանը, և խթանում են ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու՝ ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրերի և ԱՊՀ բարձրագույն մարմինների ընդունած որոշումների իրականացումը:
Հոդված 2
Կողմերն օժանդակում են ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործող օբյեկտների (այսուհետ՝ Օբյեկտներ) կայուն գործառնությանը և անվտանգության ամրապնդման ապահովմանը, միջուկային վթարների կանխարգելման նպատակով համատեղ միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակներում Օբյեկտների գործունեության հուսալիության պահպանման նպատակով փոխօգնության կազմակերպմանը:
Կողմերը փոխգործակցում են ազգային նորմերի և օրենքների մերձեցման հարցերում, որոնք նպաստում են Օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովմանը, հաշվի առնելով Ատոմային էներգետիկայի միազգային գործակալության չափանիշները և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պարտավորությունների կատարումը:
Հոդված 3
Կողմերը, հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պարտավորությունները, նպաստում են ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական կարգավորման համակարգի զարգացմանը և միջոցներ են ձեռնարկում անվտանգության, ստանդարտացման, համապատասխանության գնահատման և չափագիտության ապահովման միասնական մոտեցումներ մշակելու ուղղությամբ` Օբյեկտների հուսալի ու անվտանգ գործառնության և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով:
Կողմերը նպաստում են Օբյեկտների տեղակայման, նախագծման, կառուցման, շահագործման, շահագործման հանձնելու և շահագործումից հանելու ընթացքում անվտանգության նորմերի և կանոնների մշակման և մերձեցման գործունեության համակարգմանը, դրանց համար սարքավորումների նախագծման և պատրաստման, ինչպես նաև նորմերի և կանոնների տեղայնացման ու ներդրման համար մեթոդական ուղեցույցների մշակմանը:
Կողմերը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության միջոցներին հետևելը, այդ թվում՝ գաղտնիության և համապատասխան բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումը:
Հոդված 4
Կողմերը համակարգում են՝ փոխգործակցությունը համատեղ հարցերի լուծման ժամանակ` կապված արտակարգ իրավիճակներում գործողությունների հետ, միջուկային և ճառագայթային անվտանգության պահանջների պահպանումը ուրանի հանքավայրերի մշակման, միջուկային վառելիքի մշակման, ռադիոակտիվ թափոնների կառավարման և սույն Համաձայնագրի մասնակից պետություններում ճառագայթաախտոտված տարածքների վերականգնման միջոցառումների իրականացման դեպքերում:
Հոդված 5
Կողմերը նպաստում են Համաձայնագրի մասնակից պետությունների՝ տեխնոլոգիական և գիտատեխնիկական բազայի զարգացմանը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրմանը` հաշվի առնելով դրանց գերակայությունը և հնարավոր ներուժը տնտեսության արդիականացման բնագավառում:
Կողմերը զարգացնում են համագործակցությունը գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների, համատեղ գիտահետազոտական և փորձարարանախագծային աշխատանքների իրականացման, տեխնիկական փաստաթղթերի և գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման բնագավառներում` ըստ Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության:
Կողմերը, համաձայն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների՝ միջուկային զենքի չտարածման միջազգային պարտավորությունների, փոխգործակցություն են իրականացնում միջուկային վառելիքի և ատոմային էներգետիկայի համալիր ցիկլի, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի մշակման, միջուկային վառելիքի պատրաստման, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման, այդ թվում՝ օգտագործած իոնիզացնող ճառագայթման աղբյուրների, դրա բաղադրիչների և բաղադրամասերի, օգտագործած միջուկային վառելիքի վերամշակման, ռադիոակտիվ թափոնների կառավարման նպատակով միջուկային տեղակայանքների և օբյեկտների նախագծման, կառուցման և անվտանգ շահագործման, տեխնոլոգիական մշակումների և լուծումների զարգացման, համատեղ միջկառավարական երկկողմ ու բազամակողմ նախագծերի, միջոցառումների և ծրագրերի մշակման և իրականացման բնագավառներում` ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
Հոդված 6
Կողմերը նպաստում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում մտավոր սեփականության կառավարման համակարգի զարգացմանը, ապահովում են գիտելիքների պահպանման և կառավարման բնագավառներում փոխգործակցությունը, տեղեկատվական համակարգերի ստեղծումը ու զարգացումը համապատասխան տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման ճանապարհով: Մտավոր սեփականության կառավարում ասելով հասկանում ենք կազմակերպչական և համակարգման գործընթացների ամբողջություն, որն ուղղված է փոխանակման գործընթացի մեջ ներգրավված նյութի նկատմամբ հեղինակային իրավունքի ամրագրման, հաստատման, ձեռքբերման, փոխանցման, պահպանման և այլ կազմակերպչական և ընթացակարգային գործընթացներին:
Հոդված 7
Կողմերը փոխգործակցում են Օբյեկտները շահագործող կազմակերպություններին բարձր որակավորում ունեցող կադրերով ապահովելու ընդհանուր մոտեցումների մշակման հարցերում, նպաստում են համատեղ գիտական և տեխնիկական պատրաստման իրականացմանը, մասնագետների որակավորման բարձրացմանը, տեխնիկական և ուսումնամեթոդական ապահովման նախապատրաստմանը, այդ թվում՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում` միջազգային ծրագրերի համագործակցության ձևաչափով:
Հոդված 8
Յուրաքանչյուր Կողմ նշանակում է լիազոր (իրավասու) մարմին, որին վերապահված է սույն Համաձայնագրի կատարումը, որի մասին ծանուցում է սույն Համաձայնագրի ավանդապահին` միաժամանակ ծանուցելով Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Լիազոր (իրավասու) մարմնի գործառույթները կարող են իրականացնել նախարարությունները, գերատեսչությունները, պետական միավորումները կամ այլ կազմակերպություններ, որոնք ապահովում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում Կողմերի գործունեության համակարգում:
Լիազոր (իրավասու) մարմնի փոփոխման դեպքում համապատասխան կողմը 30 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է սույն Համաձայնագրի ավանդապահին:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով լիազոր (իրավասու) մարմինների փոխգործակցության համակարգումն իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման Հանձնաժողովի կողմից:
Համատեղ նախագծերի նախապատրաստման և իրականացման համար լիազոր (իրավասու) մարմինները անհրաժեշտության դեպքում սահմանում են Օբյեկտների համաձայնեցված ցանկ:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից է իրենց պետությունը:
Հոդված 11
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք դառնում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման ժամանակ Կողմերի միջև ծագած վիճահարույց հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգերով:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության միանալու համար՝ այդ մասին համապատասխան փաստաթուղթը ավանդապահին փոխանցելու միջոցով:
Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրն իրավասու է դուրս գալու սույն Համաձայնագրից` իր այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ, կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած պարտավորությունները:
Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. հունիսի 28-ին