«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2137-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 03.06.10 N 798-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 03.06.10 N 798-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 03.06.10 N 798-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման հիմնական պահանջները:
2. Տրանսպորտային միջոցների վրա, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, ինչպես նաև հասարակական անվտանգությունը, գովազդ կարող է տեղադրվել`
1) տրանսպորտային միջոցի տանիքի վրա, ընդ որում, եթե տեղադրվում են լրացուցիչ առարկաներ, ապա դրանց չափերը` երկարությունը չպետք է գերազանցի 1380 միլիմետրը, լայնությունը՝ 440 միլիմետրը, բարձրությունը՝ 370 միլիմետրը, իսկ գովազդային գրառումները և պատկերները պետք է իրականացվեն այդ առարկաների՝ թափքի երկայնական առանցքին զուգահեռ կողմերի վրա.
2) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների (այդ թվում՝ միկրոավտոբուսների) թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը.
3) բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների թափքերի (այդ թվում` ֆուրգոնների) կողային մակերեսներին.
4) մոտոցիկլների վառելիքի բաքերի և գործիքային արկղերի կափարիչների վրա:
3. Գովազդը չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում ու վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցի վրա, ինչպես նաև չպետք է կատարել գրառումներ` թվանշաններ պարունակող բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների և ավտոբուսների (այդ թվում՝ միկրոավտոբուսների) թափքի հետնապատի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ տեխնիկական կանոնակարգերով, կամ ստանդարտներով նախատեսված դեպքերի:
4. Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի, որի վրա այն տեղաբաշխված է, թափքի ներկված մանրամասերի (դետալների) մակերեսի 50 տոկոսը:
5. Գովազդի նպատակով չեն կարող oգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:
6. Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման (փակցնելու) տեղով չպետք է նման լինեն հատուկ և oպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններին:
7. Գովազդի համար կարող են oգտագործվել լուսաանդրադարձնող էֆեկտներ ունեցող ծածկույթներ, նյութեր և տարրեր, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսաանդրադարձնող նյութերի:
8. Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերը, հաշվառման համարանիշերը, թափքի համարը, նույնացման համարը, տեղեկատվական գրառումները և նշանները:
9. Երկաթուղային տրանսպորտում գովազդը տեղադրվում է բեռնատար վագոնների վրա, ինչպես նաև ուղևորատար վագոններում, բացի պատուհանների մակերեսներից:
10. Ջրային տրանսպորտում գովազդը տեղադրվում է`
1) զբոսանավերի ներսում և կողային մակերեսների վրա.
2) բեռնանավերի և մոտորանավակների կողային մակերեսների վրա.
3) առագաստանավերի կողային մակերեսների և առագաստների վրա.
4) ջրացիկլների վառելիքի բաքերի վրա:
11. Չի թույլատրվում գովազդ տեղադրել ջրային տրանսպորտի տեղեկատվական գրառումների համար նախատեսված մասերի և պատուհանների մակերեսների վրա, ինչպես նաև նավակողերին, որոնց վրա չպետք է կատարվեն թվանշաններ պարունակող գրառումներ:
(հավելվածը խմբ. 03.06.10 N 798-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |