ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0638/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0638/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Է. Հայրիյանի | ||
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանների ընդդեմ Ոսկեհատ Ումուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև Ոսկեհատ Ումուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանների` ներկայացման իրավունքով Աննա Մարտիրոսյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Ոսկեհատ Ումուրշատյանի օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին, երրորդ անձինք Շուշան Հովհաննիսյանի, Անահիտ, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների հայցի ընդդեմ Ոսկեհատ Ումուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները պահանջել են հայրական տան և հողամասի նկատմամբ ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ և ժառանգական գույքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Աննա Մարտիրոսյանը և Ոսկեհատ Ումուրշատյանը պահանջել են ներկայացման իրավունքով Աննա Մարտիրոսյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել Ոսկեհատ Ումուրշատյանի օգտագործման իրավունքը:
Դիմելով դատարան՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Շուշան Հովհաննիսյանը, Անահիտ Մարտիրոսյանի օրինական ներկայացուցիչ Շուշան Հովհաննիսյանը, Կորյուն Մարտիրոսյանը և Կարեն Մարտիրոսյանը պահանջել են ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ և ժառանգական գույքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2008 թվականի վճռով Սերոբ Մարտիրոսյանի պահանջը՝ Միսակ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է, ճանաչվել է Սերոբ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 1/6 մասի նկատմամբ:
Մերուժան Մարտիրոսյանի պահանջը՝ Միսակ Մարտիրոսյանի ժառանգության 1/3 մասի (Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 1/6 մասի) ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է:
Շուշան Հովհաննիսյանի, Աննա, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների պահանջը՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է և ճանաչվել է Շուշան Հովհաննիսյանի, Աննա, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 5/12 մասի նկատմամբ:
Աննա Մարտիրոսյանի պահանջը՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է և ճանաչվել է Աննա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 1/4 մասի նկատմամբ:
Ոսկեհատ Ումուրշատյանի պահանջը՝ օգտագործման իրավունքը ճանաչելու մասին, մերժվել է:
Հայցապահանջները մնացած մասով մերժվել են:
Քաղաքացիական գործի վարույթը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողողի 14 հասցեումգտնվող ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով կարճվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.12.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածը և 1226-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` այն փաստը, որ վեճի առարկա գույքի նկատմամբ ժառանգությունը բացվելու ժամանակ` 2000 թվականին` Միսակ Մարտիրոսյանի մահից հետո, վերջինիս ժառանգական գույքը փաստացի տիրապետել և կառավարել են Անահիտ Մարտիրոսյանը, Մերուժան, Քերոբ և Սերոբ Մարտիրոսյանները, իսկ 2003 թվականին` Անահիտ Մարտիրոսյանի մահից հետո, ժառանգությունն ընդունել են Մերուժան, Սերոբ և Քերոբ Մարտիրոսյանները, ինչպես նաև ներկայացման իրավունքով Աննա Մարտիրոսյանը: Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` առանց պատճառաբանելու, թե ինչու են ժառանգական զանգվածի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչվել միայն Քերոբ Մարտիրոսյանը և ներկայացման իրավունքով նրա կինն ու զավակները, իսկ Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները ժառանգ են ճանաչվել միայն հոր` Միսակ Մարտիրոսյանի ժառանգական գույքի մասով:
Բացի այդ, Դատարանը, ընդունելով, որ ժառանգական զանգվածի մեջ է մտնում նաև 54.72 քմ մակերեսով վիճելի տունը, դրա վերաբերյալ վճիռ չի կայացրել, թեև Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները նման պահանջ ներկայացրել են:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դատարանը, Աննա Մարտիրոսյանի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու հանգամանքն արձանագրելով հանդերձ, նրան ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգ, ինչպես նաև ճանաչել է նրա սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեի օրինական հողամասի 1/4 մասի նկատմամբ` անտեսելով այն հանգամանքը, որ այլ պետության քաղաքացին հողի նկատմամբ ժառանգություն ընդունել և հողի սեփականատեր դառնալ չի կարող:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` Մերուժան և Սերոբ Մարտիրոսյաններին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել նրանցից յուրաքանչյուրի սեփականության իրավունքը ժառանգական զանգվածի` 1410 քմ հողամասի 1/3 մասի նկատմամբ և տան օրինական մասի 1/4 մասի նկատմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 06.02.2008 թվականի թիվ ԿՂ-637 տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 տունը և հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Միսակ Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 25):
2. 20.09.1954 թվականի ЗЖ թիվ 222067 ամուսնության վկայականի համաձայն՝ 20.09.1954 թվականին Միսակ Մարտիրոսյանն ամուսնացել է Անահիտ Մարտիրոսյանի (մինչամուսնական ազգանունը՝ Հովհաննիսյան) հետ (հատոր 2-րդ, գ.թ.99):
3. Միսակ Մարտիրոսյանը մահացել է 22.05.2000 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 26):
4. Անահիտ Մարտիրոսյանը մահացել է 05.11.2003 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 100):
5. Մերուժան, Սերոբ, Քերոբ և Վարդգես Մարտիրոսյանները Միսակ Մարտիրոսյանի և Անահիտ Մարտիրոսյանի երեխաներն են:
6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 25.07.2008 թվականի թիվ ԿՂ-4475 գրության համաձայն՝ Երևանի Սիլիկյան թաղամասի 5 փողոցի 14 հասցեի 54.72 քմ օրինական շինությունները սեփականության իրավունքով պատկանում են Միսակ Մարտիրոսյանին:
Երևանի Սիլիկյան թաղամասի 5 փողոցի 14 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1517.7 քմ, իսկ շինությունների մակերեսը՝ 728.6: Սերոբ Մարտիրոսյանի բանավոր հայտարարությամբ և ըստ չափագրման արդյունքների` նրա կողմից փաստացի օգտագործվում է 411.7 քմ հողատարածք, որից 105.8 քմ` շինության տակ: 105.8 քմ մակերեսից 8.3 քմ օգտագործվում է Մերուժան Մարտիրոսյանի հետ համատեղ: Շուշան Հովհաննիսյանի, Անահիտ, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների բանավոր հայտարարությամբ և ըստ չափագրման արդյունքների` նրանց կողմից փաստացի օգտագործվում է 540.9 քմ հողամաս, որից 254.1 քմ շինության տակ: Մնացած 565.1 քմ հողատարածքը օգտագործվում է Մերուժան Մարտիրոսյանի և Ոսկեհատ Ումուրշատյանի կողմից՝ ըստ իրենց հայտարարության, որից 107.7 քմ անորոշ կարգավիճակ ունեցող հողատարածք է: Շուշան Հովհաննիսյանը, Անահիտ, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանները օգտագործում են 250.1 քմ շինություն, որից 69.8 քմ` համատեղ Ոսկեհատ Ումուրշատյանի հետ, 8.3 քմ՝ համատեղ Սերոբ Մարտիրոսյանի հետ: Ոսկեհատ Ումուրշատյանը օգտագործում է 118.6 քմ շինություն, որից 69.8 քմ` համատեղ Մերուժան Մարտիրոսյանի հետ: 1517.7 քմ հողամասից 107.7 քմ անորոշ կարգավիճակ ունեցող հողատարածք է (հատոր 2-րդ, գ.թ. 39):
7. 06.11.1980 թվականին Քերոբ Մարտիրոսյանը ամուսնացել է Շուշան Մարտիրոսյանի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 83):
8. Կարեն, Կորյուն, Անահիտ Մարտիրոսյանները Քերոբ Մարտիրոսյանի և Շուշան Հովհաննիսյանի երեխաներն են:
9. Քերոբ Մարտիրոսյանը մահացել է 03.10.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 40):
10. 05.03.1976 թվականի թիվ 1-01 ամուսնության վկայականի համաձայն՝ Վարդգես Մարտիրոսյանը և Ոսկեհատ Ումուրշատյանը ամուսիններ են:
11. Աննա Մարտիրոսյանը Ոսկեհատ Ումուրշատյանի և Վարդգես Մարտիրոսյանի երեխան է:
12. 1985 թվականին Վարդգես Մարտիրոսյանը Ոսկեհատ Ումուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն (հատոր 1-ին, գ.թ. 94):
13. Վարդգես Մարտիրոսյանը մահացել է 22.10.1997 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24):
14. Աննա Մարտիրոսյանը վերադարձել է Հայաստան 2003 թվականի նոյեմբերի 14-ին և մինչ օրս բնակվում է Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողողի 14 հասցեում գտնվող Վարդգես Մարտիրոսյանի կողմից նախկինում օգտագործվող բաժնում (հատոր 2-րդ, գ.թ. 29):
15. Սերոբ և Մերուժան Մարտիրոսյանների` 14.04.2008 թվականին Դատարան մուտք եղած հայցադիմումի համաձայն` վերջիններս խնդրել են ճանաչել իրենց հայրական տան և հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ (հատոր 1-ին, գ.թ. 2):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Սույն գործում առկա փաստերի համաձայն` 2000 թվականին Միսակ Մարտիրոսյանի մահից հետո վիճելի գույքը փաստացի տիրապետել են Անահիտ Մարտիրոսյանը, Մերուժան, Քերոբ և Սերոբ Մարտիրոսյանները, իսկ 2003 թվականին Անահիտ Մարտիրոսյանի մահից հետո` Մերուժան, Սերոբ և Քերոբ Մարտիրոսյանները, ինչպես նաև վերջիններիս հանգուցյալ եղբոր դուստրը` Աննա Մարտիրոսյանը:
Դատարանի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքի նկատմամբ ժառանգությունը բացվել է երկու անգամ` 2000 թվականին Միսակ Մարտիրոսյանի և 2003 թվականին Անահիտ Մարտիրոսյանի մահվան հետևանքով, հանգուցյալ Քերոբ Մարտիրոսյանի կինը` Շուշան Հովհաննիսյանը, և երեխաները` Կարեն, Կորյուն, Անահիտ Մարտիրոսյանները, ճանաչվել են և՛ Միսակ Մարտիրոսյանի, և՛ Անահիտ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ, Աննա Մարտիրոսյանը` ներկայացման իրավունքով Անահիտ Մարտիրոսյանի, իսկ Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները` միայն Միսակ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Սույն գործով Սերոբ և Մերուժան Մարտիրոսյանների` 14.04.2008 թվականին Դատարան մուտք եղած հայցադիմումի համաձայն` վերջիններս խնդրել են ճանաչել իրենց հայրական տան և հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Մինչդեռ Դատարանը, ժառանգությունը բացված համարելով Միսակ Մարտիրոսյանի և Անահիտ Մարտիրոսյանի մասով, Մերուժան և Սերոբ Մարտիրոսյաններին ճանաչել է միայն Միսակ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձանց պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Դատարանն անհիմն կերպով իրենց ճանաչել է միայն Միսակ Մարտիրոսյանի ճառանգությունն ընդունած ժառանգներ, քանի որ վերջիններս Անահիտ Մարտիրոսյանի մահից հետո նրա ժառանգությունը փաստացի տիրապետելու ուժով արդեն իսկ ընդունել են այն և դրա նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք` անկախ նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 25.07.2008 թվականի թիվ ԿՂ-4475 գրությամբ հաստատվում է, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողողի 14 հասցեում գտնվող 54.72 քմ մակերեսով շինությունը օրինական է, ուստի այն ևս մտնում է Միսակ Մարտիրոսյանի և Անահիտ Մարտիրոսյանի ժառանգական զանգվածի մեջ, որպիսի փաստը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվելու պայմաններում որոշմամբ դրան անդրադարձ չի կատարվել:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հողի սեփականության իրավունքից չեն oգտվում oտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ օրենքով թույլատրվող հիմքերով, տվյալ դեպքում` ժառանգական իրավունքով, հողը` որպես սեփականություն, կարող է անցնել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, սակայն մեկ տարվա ընթացքում օտարելու պայմանով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց պնդումն այն մասին, որ Աննա Մարտիրոսյանը, լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, չի կարող ճանաչվել ժառանգությունն ընդունած ժառանգ և դառնալ հողի նկատմամբ սեփականատեր, անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Վ. Աբելյան Մ. Դրմեյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան