ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2016 թվականի N 285-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ և 15-րդ կետերով.
«14. Վերակազմակերպել «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» և «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
15. «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա», «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա», «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» և «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություններում կատարել կառուցվածքային փոփոխություններ` ընկերությունների կազմում գործող գինեկոլոգիական կաբինետները տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` ընկերության նոր մասնաշենքի շահագործումից հետո մեկամսյա ժամկետում:».
2) «II. Թումանյանի տարածաշրջան» բաժնում՝
ա. 1.1-ին կետում «ծննդատան մասնաշենքը` 2376 քառ. մետր մակերեսով տարածք» բառերը փոխարինել «ծննդատան մասնաշենքը՝ 2035.1 քառ. մետր, պահակատունը՝ 11.2 քառ. մետր, ենթակայանը՝ 7.2 քառ. մետր, պարիսպը՝ 45.9 քառ. մետր մակերեսներով տարածքները» բառերով,
բ. բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8. «Դսեղի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել միայն ամբուլատոր ծառայություն՝ փակելով ընկերության ծննդօգնության 5-մահճակալանոց հիվանդանոցային մասը, իսկ հիվանդանոցային մասի գույքը կոնսերվացնել՝ հետագայում մարզում վերաբաշխում կատարելու նպատակով:».
3) «III. «Տաշիրի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Մեծավանի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 10-մահճակալանոց հիվանդանոցային մասը փակել, իսկ հիվանդանոցային մասի գույքը կոնսերվացնել՝ հետագայում մարզում վերաբաշխում կատարելու նպատակով:».
4) «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժնում՝
ա. բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերով.
«4.1. Լուծարել «Կուրթանի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գյուլագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
4.2. «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծել Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի բուժակ-մանկաբարձական կետեր:
4.3. «Կուրթանի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գյուլագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը հետ վերցնել և ներդնել «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով:
4.4. Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Կուրթանի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Ագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գյուլագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններից հետ վերցված գույքը հանձնել «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծված բուժակ-մանկաբարձական կետերին:»,
բ. բաժնի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օպտիմալացման ծրագրի արդյունքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կգործեն`
մեկ հիվանդանոց` Վանաձոր քաղաքում (ինֆեկցիոն հիվանդանոց),
չորս պոլիկլինիկա` Վանաձոր քաղաքում,
մեկ նեղ մասնագիտացված (հոգենյարդաբանական) դիսպանսեր` Վանաձորում,
մեկ Լոռու մարզային արյան փոխներարկման կայան` Վանաձորում,
հինգ բժշկական կենտրոն՝ տարածաշրջաններում (Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր և Վանաձոր),
երեք առողջության կենտրոն` Մեծավանում, Դսեղում և Մեծ Պարնիում»:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) մինչև 2016 թվականի հունիսի առաջին տասնօրյակն իրականացնել սույն որոշումից բխող աշխատանքները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
2) մինչև 2016 թվականի հուլիսի առաջին տասնօրյակն ապահովել կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը.
3) կազմակերպել կատարված փոփոխությունների պետական գրանցման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 25 Երևան |