ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 440-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 92 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված` գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի 10 տների նախագծերի կատալոգի և գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի 10 տների խորհրդատվական ձեռնարկի կիրառումն իրականացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 440-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (այսուհետ` բազմակի օգտագործման նախագծեր) ներդրման, ինչպես նաև այդ նախագծերի գովազդային տեղեկագրերից կազմված հավաք կատալոգի (այսուհետ` կատալոգ) կիրառման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` պատվիրատու) պատվերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած և հաստատված բնակելի տների նախագծային փաստաթղթերի բնագրերն ու կատալոգը թղթային և էլեկտրոնային կրիչներով պահվում են պատվիրատուի մոտ` բնօրինակի իրավունքով:
3. Պատվիրատուն ծանոթացման և հետագա կիրառման նպատակով սույն կարգը և կատալոգը` թղթային, իսկ կատալոգում ներառված բնակելի տների նախագծային փաստաթղթերը` էլեկտրոնային կրիչներով տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` միաժամանակ տեղադրելով դրանք պատվիրատուի ինտերնետային կայքում:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետները (այսուհետ` իրավասու մարմին), կատալոգն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում տեսանելի վայրերում տեղադրված ցուցավահանակների և զանգվածային լրատվության միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր) հասարակայնությանն իրազեկում են կատալոգի առկայության, այդ թվում` պատվիրատուի ինտերնետային կայքում տեղադրված լինելու, ինչպես նաև դրա կիրառման հնարավորությունների մասին: Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները համապատասխան մարզպետից կարող են ստանալ բնակելի տների կատալոգում ներառված բնակելի տների նախագծային փաստաթղթերը` էլեկտրոնային կրիչներով:
5. Սույն կարգին համապատասխան` քաղաքաշինական գործունեություն իրականացնողը (այսուհետ` կառուցապատող) պատվիրատուի ինտերնետային կայքից, իսկ ինտերնետային կայքից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում` համապատասխան իրավասու մարմնից կամ սույն կարգի 4-րդ կետի համաձայն տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա դիմում է համայնքի ղեկավարին` նշելով կատալոգից ընտրված համապատասխան տունը և ներկայացնելով իր միջոցներով բազմացված նախագծային փաստաթղթերը` 5-օրյա ժամկետում ստանում է տարածքի հետ տեղակապված ու համաձայնեցված նախագիծը և շինարարության թույլտվությունը:
6. Համայնքի ղեկավարը տեղակապման ժամանակ կարող է առաջադրել բնակելի տան ճակատային լուծումների հարդարման նյութերի փոփոխություններ` տեղական շինանյութերի օգտագործմամբ` ելնելով բնակավայրի քաղաքաշինական իրադրությունից և ճարտարապետական միջավայրի առանձնահատկություններից:
7. Կառուցապատողը բնակելի տան նախագծով հաստատված հատակագծային լուծումներում կարող է կատարել միջնորմների տեղադրման փոփոխություններ` օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելու պարտադիր պայմանով:
8. Բազմակի օգտագործման նախագծերը կիրառվում են նաև այն քաղաքային համայնքներում, որոնց տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմում չկա ճարտարապետի հաստիք:
9. Կառուցապատողը պարտավոր է շինարարությունն իրականացնել համաձայնեցված նախագծին և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
10. Բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է ավարտված շինարարության շահագործման փաստագրում` շահագործման ակտի ձևակերպմամբ: Ավարտված շինարարության շահագործման ակտը հիմք է կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան