Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.201
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2009
Дата вступления в силу
25.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1413/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1413/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպության) ընդդեմ Ցոլակ Գևորգյանի և Ընկերության` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Ցոլակ Գևորգյանին և Ընկերությանը վերադարձնել «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 348 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 12.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է պարտավորեցնել Ընկերությանը վերադարձնել Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 348 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.07.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը բերվել է դատավարական իրավունքի խախտման հիմքով:

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, կ 5-րդ կետերը և 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 4-րդ կետը, 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն Ընկերությանը չի ուղարկել, ըստ էության գործի քննությանը մասնակից չի դարձրել, չի բացատրվել դատավարական իրավունքները և չի ապահովել հայցադիմումին պատասխան ներկայացնելու 14-օրյա ժամկետը: Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի 3-59 (ՏԴ) որոշմանը:

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Կազմակերպության հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Ցոլակ Գևորգյանի վարույթ է ընդունվել 02.12.2008 թվականին:

2) Դատարանը 10.04.2009 թվականին Ընկերությանն է ուղարկել Ցոլակ Գևորգյանի դեմ ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, որտեղ Ընկերությունը որպես պատասխանող նշված չէ (գ.թ. 73-74):

3) Դատարանն Ընկերությանը պատասխանող ներգրավելու մասին որոշում չի ուղարկել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելներով գործի առանձնահատկությունից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տե՛ս հայցը «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության՝ 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-59(ՏԴ)):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցադիմումի վերաբերյալ պատաuխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատաuխան ներկայացնելը դիտել է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Սույն գործով Ընկերությանն ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումից, հայցադիմումից և դրան կից փաստաթղթերի պատճեններից հետևում է, որ Ընկերությունը ներգրաված չէ որպես պատասխանող, իսկ Ընկերությանը պատասխանող ներգրավելու մասին որոշումը նրան չի ուղարկվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու իր դատավարական իրավունքներից, ինչպես նաև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 29.07.2009 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2009 թվականի որոշման ` «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան