ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0111/05/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի նոյեմբերի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ «Էդգար-4» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 736.800 ՀՀ դրամ հարկային պարտավորության գումարը, որից եկամտահարկի գծով ապառք` 4.600 ՀՀ դրամ, տույժ` 2.700 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով ապառք` 187.300 ՀՀ դրամ, տույժ` 231.300 ՀՀ դրամ, ՀԴՄ-ի տուգանք` 270.000 ՀՀ դրամ, լիցենզիայի համար սահմանված պետական տուրք` 25.000 ՀՀ դրամ, տույժ` 15.900 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի և ՀԴՄ-ի տուգանքի մասով, իսկ լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի և տույժի մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է կիրառել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 23.10.2002 թվականի ՀՀ օրենքի դրույթները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատճառաբանել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.10.2002 թվականի ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սննդամթերքի արտադրությունը դադարել է համարվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Սակայն իրականում այդ օրենքով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սննդամթերքի արտադրությունը ոչ թե դադարել է համարվել լիցենզավորման ենթակա, այլ ճիշտ հակառակը` համարվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, քանի որ նշված օրենքով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ բաժնի (Գործունեության այլ բնագավառներ) 7-րդ կետում ավելացվել է «այլ սննդամթերքի արտադրություն» տողը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.06.2009 թվականի վճռի` լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի և տույժի գումարի բռնագանձումը մերժելու մասը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ըստ Տեսչության կողմից հայցադիմումին կից ներկայացված հաշվարկի` եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով Ընկերության պարտավորությունների հաշվարկման հիմքը վերջինիս կողմից ներկայացված «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի» 2007 թվականի 8-րդ, 9-րդ ամիսների հաշվարկներն ու «Գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վերաբերյալ» 2007 թվականի մայիս-դեկտեմբեր, 2008 թվականի հունվար-ապրիլ, հուլիս-սեպտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններն են, իսկ ՀԴՄ-ի տուգանքի հաշվարկման հիմքը` Տեսչության կողմից 22.06.2007 թվականին և 08.08.2008 թվականին Ընկերությունում իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգման արդյունքներով կազմված թիվ 2321897 և թիվ 2330302 ստուգման ակտերը (գ.թ. 7-38, 40-41):
2) Ընկերությունը 28.11.2002 թվականին ստացել է այլ սննդամթերքի արտադրության թիվ ՊԼ-1694 լիցենզիան, սակայն չի վճարել 2006 թվականի համար նշված լիցենզիայի տարեկան 25.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, որի նկատմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի ուժով հաշվարկվել է 0.5% դրույքաչափով տույժ` 15.900 ՀՀ դրամ (գ.թ. 39, 4-5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է նույն հոդվածի աղյուսակում:
23.10.2002 թվականին ընդունված և 28.11.2002 թվականին ուժի մեջ մտած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-439-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ`
7. սննդամթերքի արտադրություն, այդ թվում`
7.1 թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն,
7.2 գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն,
7.3 խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն,
7.4 այլ սննդամթերքի արտադրություն:
Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` մինչև նույն oրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետին համապատասխան տրված լիցենզիաները լիցենզավորող մարմնի կողմից նույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, նույն oրենքի 1-ին հոդվածում նշված գործունեության տեսակների գծով ենթակա են վերաձևակերպման, որի համար oրենքով սահմանված պետական տուրքը չի գանձվում:
2006 թվականին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18.8-րդ կետի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար սննդամթերքի արտադրության, այդ թվում` այլ սննդամթերքի արտադրության համար` տարեկան գանձվում է բազային տուրքի 25-ապատիկի չափով պետական տուրք:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր oրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը 28.11.2002 թվականին ստացել է այլ սննդամթերքի արտադրության թիվ ՊԼ-1694 լիցենզիան, սակայն չի վճարել 2006 թվականի համար նշված լիցենզիայի տարեկան 25.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, որի նկատմամբ հաշվարկվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված 0.5 % դրույքաչափով տույժ` 15.900 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 23.10.2002 թվականի ՀՕ-439-Ն ՀՀ օրենքի ուժով սննդամթերքի արտադրությունը, այդ թվում` այլ սննդամթերքի արտադրությունը, համարվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2006 թվականի դրությամբ Ընկերությունը 28.11.2002 թվականին տրված այլ սննդամթերքի արտադրության լիցենզիայի համար պարտավոր էր վճարել օրենքով նախատեսված պետական տուրք, ինչը չկատարելու հետևանքով նրա նկատմամբ հաշվարկվել է օրենքով սահմանված չափով տույժ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներում անդրադարձ է կատարվել դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Մինչդեռ սույն վարչական գործով Դատարանը, լիցենզիայի համար պետական տուրքի մասով հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.10.2002 թվականի ՀՀ օրենքի (ՀՕ-439-Ն) ուժի մեջ մտնելուց` 28.11.2002 թվականից հետո սննդամթերքի արտադրությունը դադարել է համարվել լիցենզավորման ենթակա գործունեություն, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նշված լիցենզիայի համար պետական տուրքի դրույքաչափ սահմանված չէ, չի հիմնավորել իր այդ եզրահանգումը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել. «Էդգար-4» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.900 (քառասուն հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, որից 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ` որպես այլ սննդամթերքի լիցենզիայի համար պետական տուրքի գումար, 15.900 (տասնհինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ` տույժ:
2. «Էդգար-4» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Ե. Սողոմոնյան |