ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 սեպտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 23.07.2009թ. մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հուլիսի 7-ին` զարգացման քաղաքականության ֆինանսավորման նպատակով: Համաձայնագրով նախատեսված է տրամադրել 40400000 (քառասուն միլիոն չորս հարյուր հազար) Հատուկ փոխառության իրավունքներին (SDR) համարժեք գումարի վարկ:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երկու առդիր և մեկ հավելված, որոնցում սահմանված են ծրագրի գործողությունները, ֆինանսավորման միջոցների հասանելիությունը, վարկի մայր գումարի վերադարձման ժամանակացույցը, սահմանումները և ընդհանուր դրույթներում կատարվող փոփոխությունները:
3. Համաձայնագրով սահմանված են տրամադրվող ֆինանսավորման մասհանման կարգը, չմասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք պարտավորության վճարի առավելագույն դրույքաչափը, մասհանված հաշվեկշռի դիմաց վճարվելիք սպասարկման վճարի չափը, վճարման ամսաթվերը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-
ֆինանսավորման չմասհանված հաշվեկշռի դիմաց մյուս կողմին վճարել պարտավճար, ինչպես նաև վարկի մասհանված հաշվեկշռի դիմաց վճարել սպասարկման վճար` համաձայնագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,
-
վարկի մայր գումարը և տոկոսագումարները վերադարձնել համաձայնագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,
-
մյուս կողմի ուսումնասիրմանն ու մեկնաբանմանը ներկայացնել ծրագրի իրականացման մասով ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև կարծիքներ փոխանակել դրա վերաբերյալ, անհապաղ տեղեկացնել յուրաքանչյուր իրադրության մասին, որը կարող է էական վնաս հասցնել ծրագրի նպատակներին,
-
ուժեղացնել բանկային հատվածի վերահսկողությունը և ավելացնել իրացվելիությունը` պարբերաբար անցկացնելով բանկային սթրես թեստեր, կատարելագործելով հաշվետվողական պահանջները և, ընդլայնելով վարկային գրավի տեսակները, հնարավոր դարձնել ժամանակավոր հիմունքներով բանկային իրացվելիության ապահովումը,
-
կրճատել ձեռնարկությունների գրանցման հետ կապված ծախսերը` վերացնելով նվազագույն կապիտալի, կնիքի առկայության և կանոնադրության հաստատման պահանջները,
-
համագործակցելով զարգացման գծով գործընկերների հետ` մշակել և հրապարակել պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության պաշտոնական գնահատումը, որը հիմք կհանդիսանա հետագա բարեփոխումների համար,
-
ապահովել ֆինանսավորման գումարը ՀՀ հաշվին ավանդ դնելուց հետո ՀՀ բյուջեի կառավարման համակարգում համարժեք գումարի հաշվառումը,
-
ֆինանսավորման միջոցները չօգտագործել անընդունելի ծախսերի ֆինանսավորման համար,
-
համաձայնագրի փակման ժամկետի ավարտից հետո դեռևս 2 տարի պահպանել ֆինանսավորման ընթացքում կատարված ծախսումները հավաստող բոլոր գրառումները, ինչպես նաև թույլատրել մյուս կողմի ներկայացուցիչներին ստուգելու դրանք,
-
փակման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս հետո կազմել կամ հանձնարարել կազմել և մյուս կողմին տրամադրել ծրագրի իրականացման հաշվետվություն:
5. Համաձայնագրով սահմանված են նաև վճարման արժույթը, դադարեցման և փոփոխությունների կատարման կարգը, փակման ժամկետը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|