ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 նոյեմբերի 2016 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 30-ին և 2016 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 03.11.2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնությունն ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 30-ին և 2016 թվականի հոկտեմբերի 25-ին` Համաձայնագրի գործողության ժամկետը ևս յոթ տարով երկարաձգելու նպատակով:
2. Համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 24-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի նոյեմբերի 25-ին (ՀՀ կողմից վավերացվել է 2001թ. փետրվարի 20-ին` Ազգային ժողովի Ն-146-2 որոշմամբ (ՍԴՈ-277)): 2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարացվել է յոթ տարով՝ «2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկ»-ով» (ՀՀ կողմից վավերացվել է 2009թ. ապրիլի 30-ին` Ազգային ժողովի Ն-139-4 որոշմամբ), իսկ գործողության ժամկետն ավարտվում է 2016 թվականի նոյեմբերի 25-ին:
3. Համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Համաձայնագրի գործողությունը երկարացնել ևս յոթ տարով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնությունը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով)` 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի դեկտեմբերի 30-ին և 2016 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
8 նոյեմբերի 2016 թ. ՍԴՈ-1320 |
|