Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով հավասարության և փոխշահավետության հիմքերի վրա երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը,
ցանկանալով զբոսաշրջության բնագավառում հաստատել առավել արդյունավետ երկկողմ համագործակցություն,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կաջակցեն զբոսաշրջիկության երկկողմ զարգացմանը` երկու երկրների զբոսաշրջիկների փոխադարձ այցերի համար անհրաժեշտ հնարավորություններ ապահովելու ճանապարհով:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կնպաստեն զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների աճին, համապատասխան երկրների զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների և ֆիրմաների սերտ համագործակցության ճանապարհով, փոխադարձության հիման վրա կտարածեն զբոսաշրջային բնագավառի հրատարակություններ և գովազդային նյութեր, մասնավորապես, ֆիլմեր, տեսաձայնային արտադրանք` կինոհեռուստամիջոցների օգտագործմամբ:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը համապատասխան դեսպանատների միջոցով կաջակցեն միմյանց զբոսաշրջությանը վերաբերող տեղեկատվության տարածման գործում և կապահովեն փորձագետների, տեղեկատվության և ցուցանմուշների փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 4
Գովազդային նյութերը, ներառյալ զբոսաշրջիկության զարգացմանն ուղղված զբոսաշրջային ցուցահանդեսների նյութերը և զբոսաշրջային ֆիլմերն, ազատվում են մաքսային և ներմուծմանը վերաբերող այլ տուրքերից, համաձայն 1954 թվականի հունիսի 4-ին Նյու-Յորքում ստորագրված Զբոսաշրջության բնագավառում մաքսային արտոնությունների վերաբերյալ Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության դրույթներում ամրագրված` զբոսաշրջային գովազդային գործունեության և նյութերի ներմուծման վերաբերյալ կետերի, եթե Կողմերից յուրաքանչյուրը ստորագրել է այդ Կոնվենցիան, կամ Կողմերի գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը կուսումնասիրեն հյուրանոցների շինարարության ու մենեջմենթի և զբոսաշրջային այլ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները, քանի որ դա երկու պետություններում առաջնային է զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը, ազգային օրենսդրության համաձայն, կխրախուսեն համագործակցությունը այդ ուղղությամբ` համապատասխան արտոնությունների տրամադրման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կուսումնասիրեն համատեղ համագործակցության հնարավորությունները զբոսաշրջիկության հատվածի ներդրումների ոլորտում և, այդ նպատակով, կկատարեն փորձագետների և երկու երկրների զբոսաշրջային բնութագրերը ներկայացնող հրատարակությունների փոխանակում:
Կողմերը կզարգացնեն զբոսաշրջության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և ներդրումային այլ ծրագրերով շահագրգիռ կազմակերպությունների և իրավասու մարմինների ցանցը:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը կփոխանակեն միջազգային զբոսաշրջային համագործակցության բնագավառին, ներառյալ Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանը (ՀԶԿ) մասնակցելուն, առնչվող տեղեկատվություն:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը, իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ, կքննարկեն զբոսաշրջության ոլորտում կրթության և ուսուցման տեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, այս բնագավառում աշխատող անձնակազմի համար:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի կատարման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության կողմից` Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի և զբոսաշրջության պետական գործակալության վրա: Հարկ եղած դեպքում, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի և զբոսաշրջության պետական գործակալությունը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կճշտեն սույն Համաձայնագրի կատարման եղանակները:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց ծանուցելու պահից:
Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս հինգ տարով, եթե Կողմերից որևէ մեկը, սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ, մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում Համաձայնագրի ռուսերեն տարբերակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 19-ից:
