Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,
ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում ցուցաբերելով համագործակցություն զարգացնելու ձգտում, ելնելով միջազգային կազմակերպություններում ընդունված սկզբունքներից և նորմերից,
ղեկավարվելով երկու Կողմերի տնտեսական շահերով, երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը փոխադարձաբար ճանաչում են ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավաստագրման վերաբերյալ իրենց երկրներում գործող պետական համակարգերը:
Կողմերը`
միմյանց անվճար տրամադրում են տեղեկություն և նորմատիվ փաստաթղթեր (ստանդարտների և տեխնիկական պայմանների տեղեկատուներ, տեղեկագրեր, հանդեսներ, ստանդարտներ և ստանդարտացման, չափագիտության ու հավաստագրման վերաբերյալ այլ նորմատիվ փաստաթղթեր) երկու օրինակից` ըստ ԱՊՀ շրջանակներում գործող Ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման միջպետական խորհրդի որոշումների, բազմացնելու, պատճենահանելու և, լրացուցիչ համաձայնեցված պայմանով, Կողմերի տարածքում իրացնելու իրավունքով,
Կողմերի միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչում են չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման և չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,
ճանաչում են մյուս Կողմի հավաստագրման մարմինները, հավատարմագրված փորձարկող լաբորատորիաները և կենտրոնները, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի համապատասխանության հավաստագրերը և նշանները` լրացուցիչ համաձայնեցված պայմանով: Արտադրանքի անվտանգության համար պատասխանատու է այն պատրաստողը, իսկ համապատասխանության հավաստագրերի հավաստիության համար` հավաստագիրը տվող մարմինը,
ճանաչում են Կողմերի ճանաչմանն արժանացած հավաստագրման միջազգային, տարածաշրջանային և ազգային համակարգերում փորձագետներին տրված հավաստագրերը,
կիրառում են մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման նորմատիվ փաստաթղթերը, եթե դրանց պահանջները չեն հակասում պետության գործող օրենսդրությանը համապատասխան, ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման մարմնի կողմից գործողության մեջ դրված սահմանված կարգին,
միմյանց իրավունք են տալիս ամբողջությամբ կամ մասնակիորեն իրենց ազգային նորմատիվ փաստաթղթերում և նորմատիվ փաստաթղթերի տեղեկատուներում ընդգրկել մյուս Կողմի նորմատիվ փաստաթղթերը և նորմատիվ փաստաթղթերի տեղեկատուները` փոխհամաձայնեցված պայմանով:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը միմյանց միջև համագործակցությունն իրականացնում են համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են`
կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,
ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների և ելակետային նմուշային չափման միջոցների ստեղծում, կատարելագործում և համեմատում,
նյութի և նյութերի բաղադրությունների և հատկությունների, ստանդարտ նմուշների, ինչպես նաև նյութի և նյութերի ֆիզիկական հաստատունների և հատկությունների մասին ստանդարտ ինֆորմացիայի ստեղծում և օգտագործում,
հավաստագրման պետական համակարգերի հետագա զարգացում, կատարելագործում և ներդաշնակեցում,
ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կաջակցեն միմյանց ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում միջազգային կազմակերպություններին, որոնց անդամ է Կողմերից մեկը, անդամագրվելու և այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելու հարցերում:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերն ապահովում են ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների և ստացված գիտատեխնիկական արդյունքների մասին տեղեկության գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշում է դրանց գաղտնիության մասին:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ազատ օգտագործել համագործակցության ընթացքում ստացած գիտատեխնիկական տեղեկությունը, եթե մյուս Կողմը չի նշել դրա գաղտնիության մասին, այդ տեղեկությունը կարող է փոխանցել երրորդ պետության միայն այն տրամադրող Կողմի համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրով նախատեսված աշխատանքների համակարգումը և իրագործումը հանձնարարվում է`
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վարչությանը,
Ղրղզստանի Հանրապետությունում` Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման և չափագիտության պետական տեսչությանը:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի դրույթներն անհրաժեշտության դեպքում կոնկրետացվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վարչության և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման և չափագիտության պետական տեսչության միջև կնքված լրացուցիչ համաձայնագրերով և արձանագրություններով:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ պետությունների և նրանց կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով` տարբեր մակարդակներով:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով իր մտադրության մասին:
Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Կողմի կողմից այդ ծանուցումը ստացվելուց 6 ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 3-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|