Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.42
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.06.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
26.06.2009
Дата вступления в силу
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ 5/0362/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ 5/0362/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Բարսեղյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.02.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ «Թուրինջ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 895.900 ՀՀ դրամ և 18.000 ՀՀ դրամ պետական տուրքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.02.2009 թվականի վճռով Տեսչության հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից բռնագանձվել է 6.000 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 35-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը թիվ ՀԱ-Լ-14/468 լիցենզիայի համար վճարումը պետք է կատարեր մինչև 24.05.2008 թվականը: Սակայն, վճարում կատարվել է 24.10.2008 թվականին` 200.000 ՀՀ դրամ և 18.11.2008 թվականին` 300.000 ՀՀ դրամ: Այսինքն` լիցենզիայի համար պետական տուրքի վճարումն Ընկերությունը կատարել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ, որը հիմք է հանդիսացել նույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով տույժեր հաշվարկելու համար: Օրենսդրության պահանջները խախտելու համար հաշվարկված տույժի գումարը կազմել է 433.500 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.02.2009 թվականի վճռի` 433.500 ՀՀ դրամ տույժի գումար բռնագանձելու պահանջի մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 24.05.2007 թվականին Ընկերությանը տրամադրվել է ՀԱ-Լ-14/468 հանքարդյունահանման լիզենզիան (գ.թ. 9):

2. ՀԱ-Լ-14/468 հանքարդյունահանման լիզենզիայի համար 29.05.2007 թվականի թիվ 000211 վճարման հանձնարարագրով Ընկերությունը վճարել է 500.000 ՀՀ դրամ (գ.թ. 39):

3. ՀԱ-Լ-14/468 հանքարդյունահանման լիզենզիայի համար 24.10.2008 թվականի թիվ 45 վճարման հանձնարարականով վճարվել է 200.000 ՀՀ դրամ, իսկ 18.11.2008 թվականի թիվ 54 վճարման հանձնարարականով` 300.000 ՀՀ դրամ (գ.թ. 38, 26):

4. 24.05.2007 թվականին տրամադրված ՀԱ-Լ-14/468 հանքարդյունահանման լիզենզիայի համար հերթական տարեկան պետական տուրքի գումարն Ընկերությունը պետք է վճարեր մինչև 24.05.2008 թվականը: 24.05.2008 թվականից մինչև 24.10.2008 թվականը Ընկերության նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 382.500 ՀՀ դրամ (153 օր), իսկ 24.10.2008 թվականից 18.11.2008 թվականը՝ 37.500 ՀՀ դրամ (25 օր), ընդամենը՝ 420.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է oրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են` ժամանակին և լրիվ վճարել սույն oրենքով սահմանված պետական տուրքերը, պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը, սույն oրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն oրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման oբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) տրման ամսաթվից ոչ ուշ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին, իսկ նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար նույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

Վերը նշվածից հետևում է, որ հարկեր, տուրքեր վճարելը յուրաքանչյուր անձի պարտականությունն է:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 24.05.2007 թվականին Ընկերությանը տրամադրվել է ՀԱ-Լ-14/468 հանքարդյունահանման լիզենզիան, որի համար 29.05.2007 թվականի թիվ 000211 վճարման հանձնարարագրով վճարվել է 500.000 ՀՀ դրամ, 24.10.2008 թվականի թիվ 45 վճարման հանձնարարականով Ընկերությունը վճարել է 200.000 ՀՀ դրամ, իսկ 18.11.2008 թվականի թիվ 54 վճարման հանձնարարականով` 300.000 ՀՀ դրամ: 24.05.2007 թվականին տրամադրված ՀԱ-Լ-14/468 հանքարդյունահանման լիզենզիայի համար հերթական տարեկան պետական տուրքի գումարն Ընկերությունը պետք է վճարեր մինչև 24.05.2008 թվականը: 24.05.2008 թվականից մինչև 24.10.2008 թվականն Ընկերության նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 382.500 ՀՀ դրամ (153 օր), իսկ 24.10.2008 թվականից մինչև 18.11.2008 թվականը՝ 37.500 ՀՀ դրամ (25 օր), ընդամենը՝ 420.000 ՀՀ դրամ:

Դատարանը, չկիրառելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, 35-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, հանգել է այն հետևության, որ Ընկերությունը, 24.10.2008 թվականի թիվ 45 վճարման հանձնարարականով և 18.11.2008 թվականի թիվ 54 վճարման հանձնարարականով վճարելով 200.000 ՀՀ դրամ և 300.000 ՀՀ դրամ, կատարել է հերթական տարեկան պետական տուրքը վճարելու պարտավորությունը:

Մինչդեռ Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ սույն գործով իրավախախտման հիմքում դրվել է տարեկան պետական տուրքի գումարն օրենսդրությամբ սահմանված ժամկետում վճարելու պարտավորության խախտման փաստը, չի պատճառաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության չկիրառումը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերությունը տարեկան պետական տուրքը վճարել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, որի հետևանքով Ընկերության մոտ ծագել է պատասխանատվություն տույժերի հաշվեգրման տեսքով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության նկատմամբ հաշվարկված տույժը՝ տարեկան պետական տուրքը, օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ վճարելու համար իրավաչափ է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշվեգրված տույժերը բռնագանձելու Տեսչության պահանջը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ 420.000 ՀՀ դրամի չափով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.02.2009 թվականի վճռի` տույժի բռնագանձումը մերժելու մասը և այն փոփոխել` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել մասնակիորեն` բռնագանձել «Թուրինջ» ՍՊԸ-ից 420.000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ: Հայցը մնացած մասով մերժել:

2. «Թուրինջ» ՍՊԸ-ից բռնագանձել 12.600 (տասներկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան