Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.06.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.76
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.06.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
29.06.2009
Дата вступления в силу
29.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0019/11/09

ԵԿԴ /0019/01/09

 

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

29 հունիսի 2009 թվական ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի որոշման դեմ Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2008 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 38-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62216908 քրեական գործը:

2. 2008 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Մինասյանի որոշմամբ թիվ 62216908 քրեական գործի վարույթը կարճվել է, և Մ.Ավետիսյանի, Ա.Սաղաթելյանի ու Զ.Զարոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Վերը նշված որոշման դեմ 2009 թվականի հունվարի 19-ին Մ.Ավետիսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով այն վերացնել:

2009 թվականի հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադևոսյանի գրությամբ Մ.Ավետիսյանի բողոքը մերժվել է:

3. 2009 թվականի մարտի 4-ին Մ.Ավետիսյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին` պահանջելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2008 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը:

2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Ավետիսյանի կողմից ներկայացված բողոքը:

4. Մ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մայիսի 8-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վճռաբեկ բողոք է բերել Մ.Ավետիսյանը:

2009 թվականի հունիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

6. 2009 թվականի հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադևոսյանի գրությամբ Մ.Ավետիսյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մինչ 2008 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման կայացումը քրեական գործը քննող քննիչի կողմից Մ.Ավետիսյանին պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, այն է` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը, սակայն Մ.Ավետիսյանը կարճման դեմ որևէ առարկություն չի ներկայացրել:

7. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ Մ.Ավետիսյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ դատախազի որոշման պատճենն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում այն չի բողոքարկվել, հետևաբար չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը: Բացի այդ, Մ.Ավետիսյանը հնարավորություն է ունեցել մինչև քննիչի կողմից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը առարկել դրա դեմ:

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փոփոխել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման պատճառաբանությունները` արձանագրելով, որ բողոքաբերի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված ժամկետները, սակայն քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ըստ էության օրինական է, և այն վերացնելու հիմքեր չկան:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները կայացվել են դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Նա նշում է, որ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածը և խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատական քննության իր իրավունքը` անտեսելով դատական նիստը հետաձգելու մասին ներկայացված միջնորդությունը և դատական քննությունն անցկացնելով իր բացակայությամբ:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածը վերաբերում է դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով կայացրած որոշումներին, մինչդեռ այս պարագայում դատախազը իրեն պատասխանել է գրությամբ և իր բողոքի կապակցությամբ որոշում չի կայացրել:

Բողոքաբերը նշում է նաև, որ իրեն գրությամբ պատասխանելով` դատախազը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջները:

10. Բողոքաբերը նշել է նաև, որ դատաքննությունը հետաձգելու մասին 2009 թվականի մարտի 16-ին հեռախոսով արված իր միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անհիմն կերպով չի բավարարել` չնայած ինքը տեղյակ է պահել, որ այդ օրը տեղացած ձյան առատության պատճառով զրկված է եղել ժամանակին Երևան հասնելու հնարավորությունից:

Հիմք ընդունելով իր կողմից նշված հիմքերը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Վճռաբեկ դատարանը, ելնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթից, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն գործի նյութերի վերանայման ընթացքում թույլ են տրվել դատավարական խախտումներ, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ համանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակները

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման վերանայման արդյունքում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ի՞նչ դատավարական ակտ պետք է կայացվի, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով այդ ակտի նկատմամբ դատական բողոքարկման ի՞նչ ընթացակարգ է ենթակա կիրառման:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների (...) կողմից (...) կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:

2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

(...)»:

14. Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում բողոքարկման ենթակա են բացառապես քրեական հետապնդման մարմինների դատավարական գործողությունները (անգործությունը) և որոշումները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատավարական գործողությունները գործով վարույթի ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված գործողություններն են:

Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` որոշումը քրեական գործով դատարանի որոշումներն են, բացի դատավճռից, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումներն են:

15. Ինչպես երևում է վերոշարադրյալ հոդվածներից, քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ներկայացված գրությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով որոշում չեն հանդիսանում և հետևաբար չեն կարող առաջացնել նույն դատավարական հետևանքները, ինչ որոշումները:

Սույն գործի նյութերից երևում է, որ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի պահպանմամբ բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, սակայն այդ բողոքի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադևոսյանի կողմից որոշում չի կայացվել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

16. Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս եզրահանգել, որ եթե դատախազին ներկայացված բողոքի կապակցությամբ նա որոշում չի կայացրել, այլ բողոքաբերին պատասխանել է ցանկացած այլ եղանակով, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ապա, եթե չեն անցել ներկայացված բողոքի կապակցությամբ դատախազի կողմից որոշում կայացնելու դատավարական ժամկետները, այդ պատասխանների նկատմամբ չեն կարող կիրառվել ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոններն ընդհանրապես, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները մասնավորապես: Այլ կերպ ասած, եթե դատախազի կողմից իրեն ուղղված բողոքի կապակցությամբ կայացվել է ցանկացած այլ ակտ և ոչ թե որոշում, ապա այդ ակտը դատական բողոքարկման առարկա հանդիսանալ չի կարող: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմի որոշում կայացնելու դատավարական ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր իրավասության դատարան կարող է բողոքարկվել դատախազի անգործությունը, քանի որ քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգը չպահպանելն այդ դեպքում հավասարազոր է անգործության:

17. Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ.Թադևոսյանի 2009 թվականի հունվարի 30-ի գրությունը որոշման փոխարեն չէր կարող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկա հանդիսանալ:

 

II. Դատական վերահսկողության կարգով դատական նիստին դիմողի մասնակցությունը

 

18. Սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացվել է նաև այն հարցը, թե առաջին ատյանի դատարանում բողոքաբերի բացակայությամբ իրականացված դատաքննությամբ խախտվել են արդյոք նրա դատավարական իրավունքները, այն պարագայում, երբ գործով վարույթը կարճվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(...) Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը (...)»:

Տվյալ դեպքում գործի նյութերով հաստատված է, որ դիմող Մ.Ավետիսյանը դատական նիստին իր մասնակցությունը խոչընդոտող հանգամանքների` եղանակային վատ պայմանների մասին նախապես հայտնել է դատարանին, սակայն գործը քննող դատավորի կողմից այն հաշվի չի առնվել (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով սույն գործի առանձնահատկություններից, մասնավորապես` դիմողն իր բողոքում նշել է, որ մինչ գործի վարույթի կարճումը ինքը որպես մեղադրյալ չի հարցաքննվել և որ զրկված է եղել վաղեմության ժամկետների կիրառման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, դատավորը պետք է պարտադիր համարեր դիմողի ներկայությունը դատական նիստին:

Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշման հիմքում ընկած է այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

Վերոշարադրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ, չժխտելով, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ, վարույթն իրականացնող մարմինը կարող է նրան ազատել քրեական պատասխանատվությունից` հիմք ընդունելով այն, որ կատարված արարքը կորցրել է իր վտանգավորության աստիճանը: ՀՀ քրեադատավարական օրենքն այս հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում նրա համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով սույն քրեական գործի վարույթը կարճելու և Մ.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով` քննիչը դուրս է եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառման թույլատրելի շրջանակներից, քանի որ գործի նյութերից երևում է, որ մեղադրյալը` Մ.Ավետիսյանը, ո՛չ իր ցուցմունքներում, ո՛չ էլ գրավոր այլ եղանակով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի կարճման կապակցությամբ իր համաձայնությունը չի տվել:

16. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է բավարարման, և սույն գործը պետք է ուղարկվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետութ­յան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի բողոքի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի մարտի 16-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մայիսի 8-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան