ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2008 թվականի N 1158-Ն
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) համապատասխան ստորաբաժանումները՝
1) որակավորման տեսական քննությունների անցկացման համար նախատեսված տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով ապահովելը` որակավորման տեսական քննություններն անցկացվում են գրավոր` ճանապարհային ոստիկանության կողմից հաստատված հարցաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 22-րդ կետով նախատեսված հարցեր.
2) որակավորման գործնական քննությունների ընդունման համար կահավորված քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` գործնական քննությունները կարող են անցկացվել տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով` վերջիններիս համաձայնությամբ:
3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 54-րդ, 59-րդ և 62-րդ կետերը` վարորդական վկայականների պատրաստման համար սահմանված ժամկետներում ուժի մեջ են մտնում ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին վարորդական վկայական պատրաստելու համար նախատեսված սարքավորումներով ապահովելուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովել`
ա. Երևան քաղաքի մեկ ստորաբաժանում` մինչև 2009 թվականի հունվարի 1-ը,
բ. Երևան քաղաքի մյուս ստորաբաժանումները և մարզային ստորաբաժանումները` 2 տարվա ընթացքում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական (ազգային և միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների, ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի, քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային և միջազգային վարորդական վկայականներ տալու մատյանների ձևերը, դրանց լրացման ու պահպանման կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը.
3) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները սույն որոշման 3-րդ կետով և 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմնական և տեխնիկական միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 20 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի (այսուհետև` վարորդական վկայական) տալու և դրա հիման վրա միջազգային վարորդական վկայական տալու գործընթացները:
2. Սույն կարգի իմաստով քննական մարմիններ են համարվում ճանապարհային ոստիկանության` որակավորման քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումները:
3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց` «A», «B», «C», «D», «E» կարգերի մեխանիկական տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև տրամվայ, տրոլեյբուս և մոտոսայլակ վարելու համար:
4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից`
1) «A», «B», «C», «D» կարգերի մեխանիկական տրանսպորտային միջոցներ և մոտոսայլակ վարելու համար` տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.
2) «E» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համար` գործնական քննության հիման վրա.
3) տրամվայ և տրոլեյբուս վարելու համար` տեսական քննության և տրամվայ ու տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:
5. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
6. Որակավորման քննություններն ընդունվում են Երևան քաղաքի և մարզային քննական մարմիններում` ըստ անձի մշտական կամ ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության վայրի:
7. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողները կարող են որակավորման քննությունները հանձնել զորամասի տեղակայման վայրն սպասարկող քննական մարմնում:
8. Որակավորման քննություններն ընդունվում են երկու փուլով`
1) տեսական քննություն` տեսական գիտելիքների ստուգում.
2) գործնական քննություն` գործնական վարման հմտության ստուգում:
9. Տեսական քննությունն անցկացվում է դրա համար առանձնացված հատուկ քննասենյակում` համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով քննական մարմնի համար սահմանած օրերին ու ժամերին:
10. Տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158 - Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետև` ցանկ) 1-3-րդ և 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
11. Տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով` կրկին մասնակցել տեսական քննությանը:
12. Գործնական քննությունն անցկացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ` քննական մարմնի կողմից նախապես որոշված օրերին, որի մասին տեսական քննության ավարտից անմիջապես հետո հայտնում են տեսական քննությունը դրական հանձնած անձանց:
13. Գործնական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 2-րդ (բացի փաստաթղթերի պատճեններից), 3-4-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
14. Որակավորման քննություններն ընդունում են ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված` առնվազն երեք անդամից բաղկացած քննական հանձնաժողովները:
15. Քննական հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել ճանապարհային ոստիկանության այն ծառայողը, որն ունի այն կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական, որոնց համար անցկացվելու է քննությունը (բացառությամբ տրամվայ և տրոլեյբուս վարելու վարորդական իրավունքի վկայականի համար անցկացվող տեսական քննության):
16. Քննական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
17. Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի չմասնակցելը հանձնաժողովի աշխատանքներին կամ հասարակական կազմակերպության կողմից թեկնածու չառաջադրելը որակավորման քննությունների անցկացմանն արգելք չեն կարող հանդիսանալ:
III. ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով:
19. Յուրաքանչյուր թեստ բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 10 հարցերից, ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
20. Նախքան քննական սենյակ մտնելը` քննական մարմնի ծառայողն ստուգում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունը, իսկ քննությունն սկսելուց առաջ` բացատրում քննության անցկացման կարգը:
21. Յուրաքանչյուր թեստի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից` համակարգչի պատահական ընտրության միջոցով: Հարցաշարը (փոփոխությունների դեպքում` նաև փոփոխությունները) կազմելուց հետո այն հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության միջոցներով (այդ թվում` էլեկտրոնային):
22. Հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`
1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.
2) հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշումից:
23. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:
24. Քննության արդյունքները տպագրվում են համակարգչի միջոցով՝ ճիշտ ու սխալ պատասխանների մասին նշումներով և տրվում քննությունը հանձնողին:
25. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե քննություն հանձնողը հարցերի առնվազն 90 տոկոսին տվել է ճիշտ պատասխաններ:
26. Քննության արդյունքների վերաբերյալ կատարվում են գրառումներ քննությունների արդյունքների հաշվառման մատյանում ու հաստատվում հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:
27. Քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին:
28. Տեսական քննության ավարտից հետո, եթե արդյունքը եղել է դրական, ապա անձին տրվում է տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ: Եթե քննության արդյունքը եղել է բացասական, ապա անձին վերադարձվում են համապատասխանաբար ցանկի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
IV. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն այն կարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական:
30. Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական տրանսպորտային միջոցի համար սահմանված պահանջներին:
31. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի՝ գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով`
1) «A» կարգ` երկանիվ մոտոցիկլետով.
2) «B» կարգ` թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
3) «C» կարգ` 3500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
4) «D» կարգ` ավտոբուսով.
5) «E» կարգ` սույն կետի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերում նշված տրանսպորտային միջոցների քարշակով շարժակազմով, ընդ որում, 4-րդ ենթակետում նշված դեպքում` համակցված ավտոբուսով.
6) մոտոսայլակ` մոտոսայլակով:
32. Միաժամանակ «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է թեթև մարդատար ավտոմոբիլով:
33. Տրամվայ և տրոլեյբուս վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննություններն անցկացվում են համապատասխանաբար տրամվայ և տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:
34. Ավտոմոբիլով քննությունն անցկացվում է 2 փուլով`
1) առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում.
2) երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:
35. Քննության առաջին փուլը տևում է մինչև 10 րոպե, երկրորդ փուլը՝ մինչև 15 րոպե: Քննությունը կարող է դադարեցվել մինչև նշված ժամանակը լրանալը, եթե քննություն հանձնողն առաջին կամ երկրորդ փուլերում միասին հավաքել է ավտոմոբիլի վարման քննական թերթիկի` համաձայն N 1 ձևի, գնահատման սանդղակով սահմանված 100 և ավելի տուգանային միավոր:
36. Քննությունը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ քննություն հանձնողը`
1) առաջին փուլում հրաժարվում է կատարել տարրերից որևէ մեկը.
2) երկրորդ փուլում ստեղծում է վթարային իրադրություն, կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կողմից ստեղծված վթարային իրադրությունում չի կարողանում ճիշտ կողմնորոշվել և պահանջվում է քննություն ընդունողի միջամտությունը:
37. Ավտոհրապարակում (ավտոդրոմում) քննություն ընդունելիս` քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցից դուրս, իսկ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննություն ընդունելիս` տրանսպորտային միջոցի ներսում:
38. Գործնական քննության առաջին փուլի անցկացման համար օգտագործվող ավտոհրապարակը (ավտոդրոմը) պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական ավտոհրապարակի (ավտոդրոմի) համար սահմանված պահանջներին:
39. Գործնական քննության երկրորդ փուլն անցկացվում է գործնական վարման ուսուցում իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից սահմանված ճանապարհներին:
40. Քննության երկրորդ փուլում երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է պարունակի ավտոմոբիլի վարման քննական թերթիկում նշված այնպիսի քանակությամբ տարրեր, որ հնարավորություն տա քննություն ընդունողին գնահատել քննություն հանձնողի վարման հմտությունը:
41. Վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ստուգվում է ավտոմոբիլի վարման քննական թերթիկում նշված հնարքների կատարման արդյունքներով:
42. Գնահատումը կատարվում է` ելնելով ստացած տուգանային միավորների գումարից: Թույլ տրված յուրաքանչյուր սխալի համար նախատեսված է որոշակի տուգանային միավոր, որը նշված է ավտոմոբիլի վարման քննական թերթիկում:
43. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում ստացած տուգանային միավորների գումարը չի կազմում 100 միավոր:
44. Քննության առաջին փուլն ավարտվելուց հետո քննություն ընդունողը վարորդի թեկնածուին տեղեկացնում է հավաքած տուգանային միավորների մասին:
45. Քննության երկրորդ փուլն ավարտվելուց հետո քննություն ընդունողը վարորդի թեկնածուին տեղեկացնում է հավաքած տուգանային միավորների ընդհանուր գումարի և քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին:
46. Քննության վերջնական արդյունքները հաստատվում են ավտոմոբիլի վարման քննական թերթիկում քննություն ընդունողի ստորագրությամբ:
47. Մոտոցիկլետով քննությունն ընդունվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում:
48. Մոտոսայլակի վարման քննությունն ընդունվում է սույն կարգի 34-39-րդ կետերով սահմանված կարգով, իսկ գնահատումը կատարվում է ավտոմոբիլի վարման գնահատման չափանիշերով` սույն կարգի 41-46-րդ կետերով սահմանված կարգով:
49. Քննական մարմնում լրացուցիչ ոտնյակներով կահավորված մոտոսայլակի բացակայության դեպքում գործնական քննությունը` քննություն հանձնողի համաձայնությամբ, ընդունվում է նրա մոտոսայլակով:
50. Մոտոցիկլետի վարորդի թեկնածուն պետք է կարողանա`
1) կատարել ուղղագծային երթևեկություն.
2) անցնել ցածր փոխանցումից բարձրի, և հակառակը.
3) կատարել շրջադարձեր և հետադարձեր` առանց ոտքերը ոտնակից վերցնելու.
4) վարել մոտոցիկլետը մեկ ձեռքով:
51. Մոտոցիկլետով քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուն կարողանում է կատարել սույն կարգի 50-րդ կետով նախատեսված բոլոր գործողությունները:
V. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
52. Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա քննական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումներից որևէ մեկը` համաձայն NN 2 և 3 ձևերի: Տեսական քննությունը բացասական հանձնելու դեպքում վարորդական վկայական տալու մերժման մասին որոշումն ընդունվում է անմիջապես քննության ավարտից հետո, իսկ գործնական քննությունը բացասական հանձնելու դեպքում՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:
53. Քննական մարմնի ղեկավարի կողմից կայացված վարորդական վկայական տալու մերժման մասին որոշումը ենթակա է բողոքարկման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
54. Որակավորման քննությունները դրական հանձնած անձը ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան վարորդական վկայական տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պահպանման համար սույն կարգի 72-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, ներկայացնում է ցանկի 5-րդ կետով նախատեսված փաստաթուղթը և անհրաժեշտ տվյալներն անմիջապես գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում ու մուտքագրվում համակարգիչ: Դրանից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
55. Վարորդական վկայականի հետ միասին անձին տրվում է վարորդական վկայական տալու մասին որոշում և վերադարձվում ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
VI. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԿՈՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
56. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություններ հանձնելու:
57. Վարորդական վկայականի փոխանակման համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ, իսկ քննական մարմնի կողմից ոչնչացված վարորդական վկայականի վերականգնման համար` ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
58. Փոխանակման դեպքում հին վարորդական վկայականը` դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչելուց հետո տնօրինողի ցանկությամբ վերադարձվում է իրեն:
59. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում ու մուտքագրվում համակարգիչ, որից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
60. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-2-րդ, 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
61. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում և անձին իր իսկ ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` մինչև 15 օր ժամանակով:
62. Փաստաթղթերը քննական մարմին հանձնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու տրման համար տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
63. Վարորդական վկայական ստանալիս ժամանակավոր վարորդական վկայականը ենթակա է վերադարձման: Եթե ժամանակավոր վարորդական վկայականը չի վերադարձվում, ապա վարորդական վկայականը տրվում է սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով:
64. Վարորդական վկայականի փոխանակման կամ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում նոր վարորդական վկայականի հետ միասին անձին տրվում է վարորդական վկայական տալու մասին որոշում, և վերադարձվում ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
65. Այլ պետություններում ստացած, 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում կամ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ տրվում է սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո: Այդ դեպքում տեսական քննությանը մասնակցելու համար ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է ցանկի 11-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
66. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից չտրված, ինչպես նաև այլ պետություններում ստացած, 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները չեն փոխանակվում, և կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:
67. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո:
VII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
68. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական:
69. Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-2-րդ, 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և 4 x 6 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:
70. Միջազգային վարորդական վկայականների կորստի կամ փոխանակման դեպքում դրանց կրկնօրինակը տրվում է ընդհանուր հիմունքներով:
71. Միջազգային վարորդական վկայականներն ստորագրվում են ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում միջազգային երթևեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում են դրոշմով` համաձայն N 4 ձևի:
VIII. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
72. Վարորդական վկայականներ տալու մատյանը (նաև` համակարգչային բազան) պահպանվում է վաթսուն, իսկ վարորդական վկայական տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը (այդ թվում` այն դեպքում, երբ անձը որակավորման քննությունները հանձնում է դրական, սակայն չի ներկայանում լուսանկարվելու համար կամ լուսանկարվել է, սակայն վարորդական վկայականը չի ստացել) ու սույն կարգի 67-րդ կետով նախատեսված դեպքում քննական մարմնում գտնվող վարորդական վկայականները` երկու տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:
73. Վարորդական վկայականի պահպանման ժամկետը հաշվարկվում է`
1) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա վարորդական վկայական պատրաստելուց հետո անձի կողմից վարորդական վկայականը չստանալու դեպքում` վարորդական վկայական պատրաստելու օրվանից.
2) իրավասու մարմնի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու դեպքում` զրկման ժամկետը լրանալու կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելու օրվանից.
3) վարչական իրավախախտման գործով որոշում ընդունելու համար վերցված և որոշման ընդունումից հետո հետ չստացված կամ կորած վարորդական վկայականը գտնելուց հետո քննական մարմին հանձնելու կամ այլ դեպքում` վարորդական վկայականը քննական մարմնում մուտք լինելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ՎԱՐՄԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
_______________________________________
(տրանսպորտային միջոցի կարգը (տեսակը)
____________________ |
_______________________________ |
____________________ |
____________________________ |
____________________ |
___________________________ |
NN ը/կ |
Քննության անցկացման ընթացքում թույլ տրված սխալներն ու խախտումները | Սխալների տուգանային միավորների սանդղակ |
Տուգանային միավորների գումարը | |||||
1 | 2 | 3 | 4 | |||||
1. Առաջին փուլ | ||||||||
1) | չնախապատրաստվեց երթևեկությունն սկսելուն (անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ) | 10 | ||||||
2) | չտվեց կամ ուշացումով տվեց նախազգուշացնող ազդանշան | 10 | ||||||
3) | չի կարողանում սահուն երթևեկել | 10 | ||||||
4) | չի պահպանում ճանապարհային նշանների և գծանշումների պահանջները | 30 | ||||||
5) | վերելքի վրա երթևեկությունն սկսելիս` | |||||||
ա. | հանգցրեց շարժիչը | 10 | ||||||
բ. | ոչ սահուն շարժվեց | 20 | ||||||
գ. | թույլ տվեց հետ գլորում` ավելի քան 20 սմ | 20 | ||||||
6) | սահմանափակ լայնությամբ տեղամասում հետադարձ կատարելիս` | |||||||
ա. | չկարողացավ կատարել հետին փոխանցման մեկանգամյա միացումով | 20 | ||||||
բ. | հանգցրեց շարժիչը | 20 | ||||||
գ. | դուրս եկավ սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից | 20 | ||||||
7) | սահմանափակ լայնությամբ տեղամասում հետընթացով կայանելիս` | |||||||
ա. | չկարողացավ կայանել հետին փոխանցման մեկանգամյա միացումով | 20 | ||||||
բ. | հանգցրեց շարժիչը | 20 | ||||||
գ. | դուրս եկավ սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից | 20 | ||||||
առաջին փուլի տուգանային միավորները | X | |||||||
2. Երկրորդ փուլ | ||||||||
1) | չնախապատրաստվեց երթևեկությունն սկսելուն (անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ) | 10 | ||||||
2) | չտվեց կամ ուշացումով տվեց նախազգուշացնող ազդանշան | 10 | ||||||
3) | չի օգտվում հետին տեսանելիության հայելուց | 10 | ||||||
4) | չի կարողանում սահուն երթևեկել | 10 | ||||||
5) | չի կարողանում ճիշտ դիրք ընդունել երթևեկելի մասում | 10 | ||||||
6) | չի պահպանում սահմանված արագությունը | 20 | ||||||
7) | չի պահպանում միջտարածությունը և միջկողային տարածությունը | 10 | ||||||
8) | ճիշտ չի կատարում շարքերի վերադասավորում | 10 | ||||||
9) | ճիշտ չի շրջանցում կանգնած տրանսպորտային միջոցները | 10 | ||||||
10) | ավտոմոբիլը ճիշտ չի կանգնեցնում խաչմերուկների կամ հետիոտնային անցումների մոտ | 10 | ||||||
11) | չի կատարում լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները | 30 | ||||||
12) | չի պահպանում ճանապարհային նշանների և գծանշումների պահանջները | 30 | ||||||
13) | չի պահպանում երթևեկության առավելությունը | 20 | ||||||
14) | ճիշտ չի կատարում շրջադարձը | 10 | ||||||
15) | ճիշտ չի կատարում վազանցը | 20 | ||||||
16) | ճիշտ չի կանգնեցնում ավտոմոբիլը | 10 | ||||||
երկրորդ փուլի տուգանային միավորները | X | |||||||
Ընդհանուր տուգանային միավորները | X |
Հատուկ նշումներ ____________________________________________
Քննության արդյունքը _________________________________________
(հանձնեց, չհանձնեց)
Քննությունն ընդունեց __________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 2
Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Յ Ի Ն Ո Ս Տ Ի Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
_____ __________________ 200 թ. |
N_____-Ա |
________________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու
(անունը, ազգանունը)
և վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ, հաշվի առնելով
____________________________________ կողմից տրված վարորդական
(ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)
դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա ընդունված քննությունների արդյունքները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158 -Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. ___________________________-ին տալ վարորդական վկայական`
Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________
Ծննդյան ամսաթիվը ____ _________ թ. անձնագրի սերիան ____ համարը ____
Բնակության վայրը __________________________________________
Որոշման հիմքը ____________________________________________
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնք վարելու համար տրվել է վարորդական
վկայականը _______________________________________________
Հատուկ նշումներ ___________________________________________
______________________________________________________
|
Վարորդական վկայականի սերիան, համարը ________ Տալու ամսաթիվը ____ ____________ 200 թ. Տիրոջ ստորագրությունը ___________________ |
2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:
_________________________________
(ստորաբաժանման անվանումը)
ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ____________ _____________________
(կոչումը) |
(ստորագրությունը, ազգանունը, անունը) |
Կ. Տ.
Ձև N 3
Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Յ Ի Ն Ո Ս Տ Ի Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_____ __________________ 200 թ. |
N_____-Ա |
_________________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու
(անունը, ազգանունը)
և վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ, հաշվի առնելով
____________________________________ կողմից տրված վարորդական
(ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)
դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա ընդունված քննությունների արդյունքները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 1158 -Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. _____________________________-ին վարորդական վկայական տալը մերժել:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ճանապարհային ոստիկանության պետին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:
__________________________________
(ստորաբաժանման անվանումը)
ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ _____________ _______________________
(կոչումը) |
(ստորագրությունը, ազգանունը, անունը) |
Կ. Տ.
Ձև N 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՆԻՔԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԴՐՈՇՄԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Քննական մարմնի կողմից միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքն իրենից ներկայացնում է 30 մմ տրամագծով շրջանագիծ:
Կնիքի արտաքին ուրվագծով գրված են «Ճանապարհային ոստիկանություն» և «Road police» բառերը, իսկ ներքին ուրվագծով` «Միջազգային ավտոմոբիլային երթևեկություն» և «Circulation Automobile International» բառերը:
Միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված կնիքի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը կնքած քննական մարմինը:
2. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերում օգտագործվող թույլատրող դրոշմակն իրենից ներկայացնում է 20 x 10 մմ չափսերի օվալ, որի արտաքին ուրվագծով գրված են «Ճանապարհային ոստիկանություն» և «Road police» բառերը:
Միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված դրոշմակի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը դրոշմած քննական մարմինը:
Մասշտաբ 2:1
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Դիմում
2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, և դրանց պատճենները (պատճենները ներկայացվում են միայն տեսական քննության ժամանակ)
3. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր
4. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր
5. Վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր
6. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ), որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ
7. Ռազմաուսումնական հաստատության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ), որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` համաձայնեցնելով կրթության և գիտության նախարարի հետ
8. Բժշկական հավատարմագրման տեղեկանք
9. Տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ
10. Վարորդական վկայական (վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում)
11. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների փոխանակման համար)
12. Վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |