«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1728-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու ընթացակարգը:
2. Ոստիկանությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:
3. Ոստիկանության ծառայողի երդում (այսուհետ՝ երդում) տալիս են՝
ա) ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբի պաշտոններում առաջին անգամ ընդունվող ծառայողները՝ համապատասխանաբար վերապատրաստման և ուսումնական փորձաշրջանի արդյունքներով պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում.
(«ա» ենթակետը փոփ. 09.06.05 N 723-Ն)
բ) ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողներն ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները՝ միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում.
(«բ» ենթակետը խմբ. 09.06.05 N 723-Ն)
գ) զինված ուժերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների և դատախազության ծառայողները՝ ոստիկանության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում.
(«գ» ենթակետը փոփ. 09.06.05 N 723-Ն)
դ) երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, աշխատանքում վերականգնվելիս, կրկին անգամ ոստիկանությունում ծառայության նշանակվելիս և այլն):
4. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններն ու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը, և հայտարարվում է երդման արարողության վայրն ու օրը:
5. Նշանակված ժամին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը ոստիկանության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունն սկսելու մասին:
6. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, ոստիկանության ստորաբաժանման ղեկավարության մասնակցությամբ:
7. Երդում տվողները հերթականությամբ կանչվում են շարքից և նրանցից յուրաքանչյուրը շարքի առջև բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը, ստորագրում ազգանվան դիմաց և գրավում իր տեղը շարքում: Այնուհետև ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը շնորհավորում է ոստիկանության ծառայողներին երդում տալու, իսկ ստորաբաժանմանը՝ նոր համալրման կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
8. Ոստիկանության ծառայողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը (ձևը կցվում է) 10-օրյա ժամկետում կադրային ստորաբաժանման կողմից կցվում է նրա անձնական գործին:
(8-րդ կետը փոփ. 09.06.05 N 723-Ն)
9. Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու արարողակարգը կազմակերպում և իրականացնում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարությունը:
10. Որպես կանոն, երդման արարողությունն անցկացվում է բացօթյա պայմաններում, ոչ բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում՝ դահլիճում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Ե Ր Դ ՈՒ Մ
Ես՝__________________________, ծառայության անցնելով
(անունը, հայրանունը, ազգանունը)
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվում եմ՝
հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:
Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս:
_____________________
(ստորագրությունը)
____ ___________ 200 թ.