ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մայիսի 2008 թ. |
«ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 53 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` դիմող` «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մկրտչյանի, նրա ներկայացուցիչ Հ. Ալումյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց ««Ռադիո Հայ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53 հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի` 25.12.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով գործի նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2000 թվականի հոկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2000 թվականի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 18-ին (ՀՕ-97):
Ազգային ժողովի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և 2001 թվականի դեկտեմբերի 12-ին ուժի մեջ մտած` ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-251 ՀՀ օրենքով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-251 ՀՀ օրենքի 20 հոդվածի ուժով օրենքի 53 հոդվածից երկրորդ մասը հանելու կապակցությամբ օրենքի երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարվում են երկրորդ և երրորդ մասեր, իսկ օրենքի 53 հոդվածի` նոր խմբագրությամբ երկրորդ մասից հանվել է «կամ արտադրության և հեռարձակման» բառերը, «հազարապատիկը» բառը փոխարինվել է «հինգհարյուրապատիկը» բառով:
Քննության առարկա դիմումով վիճարկվում է օրենքի նոր` 2001 թվականի հոկտեմբերի 24-ի խմբագրությամբ 53 հոդվածի 3-րդ մասը, որը, ըստ էության, հանդիսանում է օրենքի նախկին խմբագրությամբ 53 հոդվածի 4-րդ մասը և առայսօր որևէ բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Օրենքի` «Արտոնագիր (լիցենզիա) տալը» վերտառությամբ 53 հոդվածը սահմանում է. «Արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն արտոնագիր (լիցենզիա) է տալիս համապատասխան մուծումներ կատարելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային (լիցենզային) վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից: Արտոնագրային (լիցենզային) վճարը սահմանում է հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:
Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից»:
2. ՀՀ կառավարությունը, օրենքի 53 հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 3-րդ մասով, 06.07.2006 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 946-Ն որոշումը, որով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահվել է հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափը հաշվարկելու և հաստատելու լիազորություն:
Իր հերթին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը, հիմնվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածի և ՀՀ կառավարության 06.07.2006 թ. թիվ 946-Ն որոշման վրա, 01.11.2006 թվականին ընդունել է թիվ 274-Ն հրամանը, որով հաստատել է հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարի չափը:
ՀՀ տնտեսական դատարանը, դիմողի, ինչպես նաև մի քանի այլ ռադիոընկերությունների դիմումի հիման վրա` ընդդեմ ՀՀ կառավարության, քննելով ՀՀ կառավարության 06.07.2006 թ. թիվ 946-Ն որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործը, իր 2007 թ. մայիսի 11-ի վճռով մերժել է դիմողների պահանջը: ՀՀ կառավարության նշված որոշումը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 01.11.2006 թ. թիվ 274-Ն հրամանի հետ մեկտեղ, իրավական հիմք էր հանդիսացել դիմողներին եթերավճար մուծելու պահանջ ներկայացնելու համար: Ըստ դիմողների՝ ՀՀ կառավարությունն իրավասու չէր իր այդ որոշմամբ լիազորելու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ հաստատելու հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը: ՀՀ տնտեսական դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող որոշումը «որևէ կերպ չի հակասում օրենքին, որպիսի հիմքով և չի խախտում դիմողների՝ դիմումի հիմքում նշված իրավունքները, քանի որ ՀՀ կառավարության կողմից՝ վիճարկվող որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 85 հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի և 14 հոդվածի պահանջների պահպանմամբ, և քննարկվող որոշմամբ ՀՀ կառավարության կողմից չի սահմանվել իրավաբանական անձանց կողմից վճարվող պարտադիր վճարի չափ...»:
3. Ըստ դիմողի` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ մասին, 5 հոդվածի 2-րդ մասին, 27 հոդվածին` 43 հոդվածի հետ համատեղ, 42 հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությանը և 45 հոդվածին:
Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի ներկայացրած փաստարկները վերաբերում են ոչ միայն օրենքի վիճարկվող դրույթի հակասահմանադրականության հիմնավորմանն ու պատճառաբանմանը, այլև դրա հիման վրա ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության 06.07.2006 թ. թիվ 946-Ն որոշման և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 01.11.2006 թ. թիվ 274-Ն հրամանի սահմանադրականության հարցին: Նշված ակտերի սահմանադրականության հարցը, սակայն, չի կարող քննության առարկա դառնալ սահմանադրական դատարանում, քանզի անհատական դիմումի հիման վրա սահմանադրական վերահսկողության օբյեկտ կարող են լինել միայն օրենքները, և ֆիզիկական կամ իրավաբանական անձն իրավասու չէ սահմանադրական դատարանում վիճարկելու ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականությունը:
Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բարձրացնում է օրենքի 53 հոդվածի 3-րդ մասի իրավական անորոշության հարցը` այն հիմնավորմամբ, որ օրենքի 53 հոդվածի 3-րդ մասը չի սահմանել հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափը և չի լիազորել որևէ մարմնի` որոշելու հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափը:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար եթերային հաճախությունների ցանկով սահմանված տիրույթը գտնվում է բացառապես Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարության, կառավարման ներքո: Ուստի, հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի սահմանումը չի կարող դիտարկվել որպես բացառապես օրենքի կարգավորման առարկա: Դա պայմանավորված է նրանով, որ եթերավճարի մուծումն օրենքի համաձայն կատարվում է պետության լիազորած իրավասու մարմնի կողմից հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերի, այդ թվում՝ մատուցվող ծառայությունների հատուցման դիմաց:
Ըստ պատասխանող կողմի՝ խնդրո առարկա եթերավճարը բացառապես պետության լիազորած մարմնի կողմից հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերի, այդ թվում՝ մատուցվող ծառայությունների հատուցման դիմաց կատարվող վճար է:
Պատասխանող կողմը փաստում է նաև, որ օրենքի 53 հոդվածի 3-րդ մասով նախատեսված եթերավճարը հանդիսանում է բյուջեի այլ եկամուտների աղբյուր և մուտքագրվում է պետական բյուջե:
5. Քննության առարկա դիմումի շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ Սահմանադրության 45 հոդվածում մատնանշված «պարտադիր վճար» հասկացության բովանդակությանը, ինչպես նաև օրենքի վիճարկվող դրույթում օգտագործված «եթերավճար» հասկացության բովանդակությանն ու էությանը:
Սահմանադրության 45 հոդվածում «այլ» բառի առկայությունից բխում է, որ հիշյալ հոդվածում նշված հարկերը և տուրքերը ևս պարտադիր վճարումներ են, և, հետևաբար, հիշյալ հոդվածում նշված պարտադիր այլ վճարումները, հարկերից և տուրքերից տարբերվելով հանդերձ, վերջիններիս հետ պետք է ունենան ընդհանուր հատկանիշներ:
Հարկային օրենսդրության վերլուծության արդյունքների հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 45 հոդվածում մատնանշված պարտադիր վճարները.
ա) կրում են հանրային իրավական բնույթ, այսինքն` սահմանվում և վճարվում են հանրային իրավական բնույթի հասարակական հարաբերությունների շրջանակներում,
բ) նախատեսված են պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվելու համար:
6. Ըստ ներկայումս գործող ՀՀ օրենսդրության՝ հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակող կազմակերպություններն ունեն հետևյալ վճարատեսակները վճարելու պարտականություն.
ա) արտոնագրային (լիցենզային) վճար. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածով սահմանվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները: Համաձայն այդ հոդվածի՝ ի թիվս այլոց, որպես հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են ամրագրվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումը, ձայնային ծառայությունների, շարժական կապի ծառայությունների, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը, հեռուստահաղորդումների հեռարձակումը:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի համաձայն՝ լիցենզիայի տրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի՝ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները նշված օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին և դրանց հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին:
Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա: Վերջինս միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում, օգտվել որոշակի հաճախությունից, կաբելային (լարային) ցանցից: Նույն օրենքի 53 հոդվածը սահմանում է արտոնագրային (լիցենզային) վճար մուծելու՝ արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձի պարտականությունը: Այս վճարը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածի հիման վրա գանձվող արտոնագրային (լիցենզային) վճարը միանվագ գանձվող և պետական բյուջե մուծվող վճար է, և նշված հոդվածին համապատասխան՝ արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն արտոնագիր (լիցենզիա) է տալիս այդ վճարումը կատարելուց հետո` տասնօրյա ժամկետում: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի իմաստով՝ նշված արտոնագրային (լիցենզային) վճարն իր բնույթով հանդիսանում է պետական տուրք, և որպես այդպիսին այն վճարվում է հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու համար արտոնագրի (լիցենզիայի) տրման համար («ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 2.1. մասի ուժով՝ պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները: Այսինքն՝ պետական տուրք կարող է սահմանվել ոչ միայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, այլ նաև այլ օրենքներով),
բ) հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու համար պետական տուրք. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի համաձայն՝ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր: Հարկ է նկատել, որ նշված օրենքը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար նախատեսում է երկու վճարատեսակ վճարելու պարտականություն, այն է՝ լիցենզիայի տրման համար և լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար: Ընդ որում, օրենքը լիցենզիայի տրման համար գանձվող պետական տուրք վճարելու պարտականությունը սահմանել է իմպերատիվ կերպով, իսկ լիցենզավորման գործունեություն իրականացնելու համար տարեկան պետական տուրքի առնչությամբ նախատեսել է նման տուրք գանձելու հնարավորությունը:
Համաձայն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի՝ ի թիվս հարկային եկամուտների, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների, պետական բյուջեի աղբյուր է հանդիսանում նաև պետական տուրքը: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Այն ծառայությունները և գործողությունները, որոնց համար պետական տուրք է գանձվում, սպառիչ կերպով թվարկված են նույն օրենքի «Պետական տուրքի գանձման օբյեկտները» վերտառությամբ 7 հոդվածում: Ըստ այդ հոդվածի՝ ի թիվս այլոց, պետական տուրքի գանձման օբյեկտ են հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալը, ինչպես նաև նույն օրենքի 19.1. և 20 հոդվածներով սահմանված այլ ծառայությունները կամ գործողությունները: Խնդրո առարկա բնագավառին վերաբերում է օրենքի 19.1. հոդվածի՝ «հեռահաղորդակցության բնագավառ» վերտառությամբ 9-րդ կետը: Այդ կետով սահմանվում է տարեկան տուրքի վճարման պարտականություն՝ լիցենզավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակների իրականացման համար. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման, ձայնային ծառայությունների, շարժական կապի ծառայությունների, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման, հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման համար:
Այսպիսով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ լիցենզավորված գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ունեն երկու տեսակի պետական տուրք վճարելու պարտականություն, այն է՝ միանվագ վճարվող պետական տուրք, որը վճարվում է լիցենզիա տալու դիմաց, և տարեկան տուրք, որը վճարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար: Հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակող ընկերությունների դեպքում` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին համապատասխան որպես լիցենզիա տալու դիմաց պետական տուրք հանդիսացող միանվագ վճար հանդես է գալիս «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածով նախատեսված արտոնագրային վճարը, իսկ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար տարեկան պետական տուրքը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.1. հոդվածի 9-րդ կետով,
գ) եթերավճար. այս վճարը մուծելու՝ հեռուստառադիոընկերությունների պարտականությունը սահմանված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածով: Ի տարբերություն վերոհիշյալ երկու վճարատեսակների՝ այս վճարատեսակը գանձվում է ոչ թե համապատասխան պետական մարմինների լիազորություններով պայմանավորված՝ ծառայության կամ գործողության դիմաց, այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից ռադիոհաճախականությունների օգտագործման դիմաց: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 5-րդ կետը ռադիոհաճախականության օգտագործման վճարը՝ որպես պետական բյուջեի եկամտի աղբյուր, չդիտելով որպես հարկային եկամուտ կամ պետական տուրք, դասում է այլ եկամուտների շարքին:
Ռադիոհաճախականությունների օգտագործման վճար մուծելու պարտականություն օրենսդրությամբ սահմանված է ոչ միայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հիման վրա գործող տնտեսավարող սուբյեկտների, այն է՝ հեռուստառադիոընկերությունների, այլ նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի (նշված օրենքը չի տարածվում հեռարձակվող հեռուստատեսային և ձայնային ծրագրեր մատուցող անձանց կամ բացառապես նմանօրինակ ծրագրերի համար օգտագործվող ենթակառուցվածքների վրա) հիման վրա գործող՝ հեռահաղորդակցության ոլորտի այլ տնտեսավարող սուբյեկտների համար: Վերջիններիս՝ ռադիոհաճախականությունների օգտագործման վճար մուծելու պարտականությունը և այդ վճարի գանձման գործընթացն օրենսդրությամբ ստացել է հետևյալ կարգավորումը: «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի համաձայն` եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականություններն օգտագործելու համար պահանջվող թույլտվության: Նույն օրենքի 19 հոդվածը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց պարտավորեցնում է կատարել այդ թույլտվության պայմանները: Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2006 թ. մարտի 7-ի թիվ 28-Ն որոշմամբ: Այդ որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ռադիոհաճախականություններն օգտագործելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Թույլտվության անբաժանելի մասն են համարվում ռադիոհաճախականության օգտագործման պայմանները: Վերջիններս, ի թիվս այլոց, ներառում են նաև ռադիոհաճախականության օգտագործման վճար մուծելու պայմանը: Համաձայն հաստատված կարգի՝ ռադիոհաճախականության օգտագործման վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Թույլատրված ռադիոհաճախականության օգտագործման համար տարեկան վճարները գանձվում են եռամսյակը մեկ անգամ` տարեկան վճարի մեկ քառորդի չափով: Մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրը թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել վճարումը հավաստող անդորրագիրը: Ռադիոհաճախականությունների օգտագործման վճարների չափերը սահմանված են նշված որոշմամբ հաստատված կարգի Աղյուսակ 2-ում: Սահմանված օգտագործման վճարների իրավական բնույթն ու բովանդակությունն էլ ավելի է հստակեցվել Հանձնաժողովի 2006 թ. մարտի 7-ի թիվ 28-Ն որոշման մեջ կատարված համապատասխան լրացմամբ: Հանձնաժողովի 2007 թ. ապրիլի 20-ի թիվ 189-Ն որոշմամբ 2006 թ. մարտի 7-ի թիվ 28-Ն որոշմամբ հաստատված կարգի N 8-րդ հավելվածի 1-ին գլխի 1.1 կետը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կետով սահմանված ռադիոհաճախականության օգտագործման վճարները հանդիսանում են հրապարակային պայմանագիր կնքելու պարտադիր պայման»:
7. Վերոհիշյալ իրավակարգավորման վերլուծությունը վկայում է, որ ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի հաստատման և գանձման գործընթացի ամբողջական և լիարժեք կարգավորումը թույլ է տալիս բացահայտել այդ վճարի բնույթն ու բովանդակությունը: Նշված իրավակարգավորման համատեքստում ռադիոհաճախականությունների օգտագործման վճարը, հանդիսանալով գույքի օգտագործման դիմաց գանձվող վճար, իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների տարր, և որպես այդպիսին նման գումարի գանձման համար իրավական հիմք է հանդիսանում ռադիոհաճախականությունների սեփականատիրոջ, այն է՝ պետության, որն այդ իրավահարաբերություններում գործում է Հանձնաժողովի միջոցով, և ռադիոհաճախականությունն օգտագործողի միջև կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիրը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերոհիշյալ` 2006 թ. մարտի 7-ի թիվ 28-Ն և 2007 թ. ապրիլի 20-ի թիվ 189-Ն որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ որպես նշված սուբյեկտների միջև իրավահարաբերությունները կանոնակարգող և օգտագործման վճարի գանձման համար իրավական հիմք ծառայող քաղաքացիաիրավական պայմանագիր է հանդիսանում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը. վերջինս հանդիսանում է հրապարակային պայմանագիր և որպես այդպիսին ներառում է ռադիոհաճախականությունների օգտագործման բոլոր պայմանները, այդ թվում` նաև ռադիոհաճախականության օգտագործման վճարներ մուծելու վերաբերյալ պարտադիր պայմանը: «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածն ամրագրում է այդ թույլտվության պայմանները կատարելու՝ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց պարտավորությունը: Հարկ է նկատել, որ նման իրավակարգավորումը համահունչ է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան պահանջներին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438)»: Իսկ նույն օրենսգրքի 440 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կամ կարգավորված գները (տարիֆները, վարձաչափերը, դրույքները և այլն)»:
Այսպիսով, էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար ռադիոհաճախականությունների օգտագործման անհրաժեշտություն ունեցող անձը, դիմելով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար, համաձայնում է հրապարակային պայմանագիր հանդիսացող թույլտվության պայմաններին և պայմանագրերի ազատության սկզբունքին համապատասխան ըստ էության մտնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ իր ազատ կամքով ի թիվս այլ պարտավորությունների՝ ստանձնելով նաև օգտագործման վճար մուծելու պարտավորություն:
Մինչդեռ, հեռուստառադիոընկերությունների պարագայում նույնատիպ վճարի սահմանման և գանձման գործընթացն ստացել է այնպիսի անորոշ և հակասական կարգավորում, որ հնարավոր չէ հստակ հետևություն անել ո´չ այդ վճարի գանձման նպատակի, ո´չ այդ վճարի բնույթի ու բովանդակության մասին: Վիճարկվող դրույթում «Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար» ձևակերպումը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի թիվ 1807-Ն որոշման մեջ «Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափի հաշվարկման և հաստատման, ինչպես նաև հավաքագրման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը» դրույթը թերևս հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ վճարը, ինչպես վերոհիշյալ դեպքում, պետության սեփականությունը հանդիսացող սահմանափակ ռեսուրսի՝ ռադիոհաճախականության օգտագործման դիմաց գանձվող վճար է: Այս դիրքորոշումն են պաշտպանել նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչները տնտեսական դատարանում` համարելով, որ «...Հեռուստառադիոընկերությունների հեռարձակման եթերային հաճախությունները հանդիսանում են պետության սեփականությունը, և պետությունը` ի դեմս կառավարության, վարձակալական հիմունքներով օգտագործման նպատակով ՀՀ օրենսդրությանը համապատասխան իր կողմից սահմանված վճարի դիմաց այն տրամադրում է մրցութային կարգով արտոնագիր ստացած հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում իրականացնել ցանկացող սուբյեկտներին»:
Մինչդեռ, ինչպես միևնույն՝ օրենքի 53 հոդվածի 3-րդ մասի դրույթում՝ «…չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից», այնպես էլ «Հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2006 թ. նոյեմբերի 1-ի թիվ 274-Ն հրամանում «Հաստատել հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը» ձևակերպումներից կարելի է հետևություն անել, որ նշված վճարը սպասարկման դիմաց տրվող վճար է: Հարկ է նկատել, որ իրավակիրառական պրակտիկայում ևս այդ վճարն ըստ էության ընկալվել է որպես սպասարկման վճար: Այսպես, և´ դիմողին, և´ մի քանի այլ ռադիոընկերությունների եթերավճար վճարելու պահանջ ներկայացվել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի գրությամբ: Նշված գրության մեջ որպես եթերավճարի վճարում պահանջելու իրավական հիմք մատնանշվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, ընդ որում, առանց մատնանշելու համապատասխան հոդվածը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 01.11.2006 թ. հրամանը: Գրությամբ պահանջվել է սահմանված ժամկետում վճարումը հաստատող անդորրագրի կրկնօրինակը ներկայացնել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մինչդեռ, համապատասխան օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ նշված կազմակերպությունը որևէ իրավական հիմք չուներ դիմողին և մյուս ռադիոընկերություններին նման պահանջ ներկայացնելու համար, և ընդհանրապես այդ կազմակերպության և ռադիոընկերությունների միջև որևէ իրավական կապ գոյություն չունի: Այսպես, ««Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման առաջին պարբերության մեջ որպես այդ որոշման իրավական հիմք է մատնանշված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 12-րդ մասը: Իսկ նշված օրենքի՝ «Օրենքի գործողության շրջանակները» վերտառությամբ 3 հոդվածի 2-րդ մասում ամրագրված է. «Սույն օրենքը չի տարածվում հեռարձակվող հեռուստատեսային և ձայնային ծրագրեր մատուցող անձանց կամ բացառապես նմանօրինակ ծրագրերի համար օգտագործվող ենթակառուցվածքների վրա»: Ավելին, ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 6-ի թիվ 946-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի թիվ 1807-Ն որոշման 5-րդ կետը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով՝ «է) հաճախություններն օգտագործողների, բացառությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործող հեռուստառադիոընկերությունների, հաճախությունների սպասարկում»:
Այսինքն՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործառույթները, այդ թվում` նաև ռադիոհաճախականությունների սպասարկման գործառույթը, իրականացնում է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին` միայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հիման վրա գործող՝ ռադիոհաճախականություններ օգտագործող տնտեսավարող սուբյեկտների առնչությամբ. հեռուստառադիոընկերությունները դուրս են ինչպես նշված օրենքի, այնպես էլ ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման իրավակարգավորման շրջանակից:
Հարկ է նկատել, որ օրենքի 53 հոդվածով նախատեսված եթերավճարի իրավական բովանդակությունը վերոհիշյալից էականորեն տարբերվող ընկալում է ստացել դատական պրակտիկայում: Մասնավորապես, գործում առկա՝ ՀՀ տնտեսական դատարանի 2007 թ. մայիսի 11-ի վճռի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ դատարանը, ի տարբերություն գործադիր իշխանության վերոհիշյալ մեկնաբանության, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ օրենքի 53 հոդվածի 3-րդ մասով սահմանված` հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարը ՀՀ Սահմանադրության 45 հոդվածի իմաստով հանդիսանում է պարտադիր վճար և դրա չափը սահմանված է օրենքի 53 հոդվածով: Իսկ ՀՀ կառավարությունը լիազորել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ոչ թե սահմանելու, այլ հաշվարկելու և հաստատելու օրենքի 53 հոդվածով արդեն իսկ սահմանված հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հարցը կանոնակարգելիս օրենսդրությունը տարբերակված մոտեցում չի դրսևորել նաև առանձին ոլորտները կարգավորող անկախ հանձնաժողովների ու կոնկրետ նախարարության պետաիրավական կարգավիճակների հարցում` գործնականում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելով անկախ հանձնաժողովի իրավասություն:
8. Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, եթե օրենսդիրն օրենքի 53 հոդվածի 3-րդ մասով եթերավճար սահմանելիս` այն դիտարկել է որպես պետության սեփականությունը հանդիսացող սահմանափակ ռեսուրսի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման դիմաց տրվող վարձավճար, ապա վերջինիս վճարման հետ կապված իրավահարաբերությունները պետք է ստանային քաղաքացիաիրավական հարաբերություններին բնորոշ իրավակարգավորում, որտեղ խնդրո առարկա վճարը պետք է դիտարկվեր որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների տարր: Նույն մոտեցումը պետք է լիներ նաև այն պարագայում, եթե խնդրո առարկա եթերավճարը դիտարկվեր որպես սպասարկման վճար: Մինչդեռ առկա իրավակարգավորման վերլուծությունը վկայում է, որ, ի տարբերություն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հիման վրա գործող տնտեսավարողների, հեռուստառադիոընկերությունների կողմից վճարվող եթերավճարի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը կրում է ոչ թե քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորմանը բնորոշ հատկանիշներ, այլ հանրային իրավական հարաբերությունների կարգավորմանը բնորոշ հատկանիշներ, այն է՝ խնդրո առարկա եթերավճարը սահմանվել է հանրային իրավական բնույթի հասարակական հարաբերությունների շրջանակներում և 2007 թվականից համարվել է պետական մարմինների լիազորություններով պայմանավորված ծառայությունների մատուցման (հեռարձակման հաճախության սպասարկման) համար որպես պետական բյուջե մուտքագրվելու համար նախատեսված վճար, ինչի արդյունքում այն ձեռք է բերում պարտադիր վճարի հատկանիշներ` մասնավորապես համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի: Իսկ եթերավճարն օրենսդրի կողմից որպես պարտադիր վճար դիտարկվելու դեպքում իրավակարգավորումը պետք է համապատասխաներ ՀՀ Սահմանադրության 45 հոդվածի և 83.5. հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
9. Հեռուստառադիոընկերությունների՝ եթերավճար վճարելու պարտավորության կապակցությամբ առկա ոչ լիարժեք, անհստակ, հակասական իրավակարգավորման և իրավակիրառական պրակտիկայի պայմաններում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի համար որոշակիացված չեն ո´չ եթերավճարի բնույթն ու բովանդակությունը, ո´չ գանձման նպատակը, ո´չ գանձող մարմինը, ո´չ գանձման ընթացակարգը, ձևավորվում է իրավական անորոշության և անկանխատեսելիության մի վիճակ, որը կասկածի է ենթարկում եթերավճարի գանձման իրավաչափությունը՝ հիմքեր ստեղծելով օրենքով նախատեսված պարտականությունը չկատարելու համար:
Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը:
Հաշվի առնելով միևնույն սահմանափակ ռեսուրսի, այն է՝ ռադիոհաճախականությունների օգտագործման իրավակարգավորման հակասականությունը, օրենքի վիճարկվող դրույթի անորոշությունը, այդ անորոշությունից բխող՝ օրենքի դրույթի սխալ մեկնաբանության վրա հիմնված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթը տնտեսավարող սուբյեկտի համար հստակ կանխատեսելի չի դարձնում եթերավճարի գանձման նպատակը, իրավական մեխանիզմները, եթերավճարի բնույթն ու բովանդակությունը, այդ եթերավճարը վճարելու՝ տնտեսավարող սուբյեկտի պարտականության իրավաչափությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53 հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ իրավական պետության սկզբունքին, 45 հոդվածի և 83.5. հոդվածի 2-րդ կետի պահանջներին հակասող և անվավեր:
2. Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-17-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով, որ, մի կողմից, եթերավճարի գանձումն առնչվում է բյուջետային հարաբերությունների կայունությանը, մյուս կողմից` սահմանադրական դատարանի որոշման ընդունման պահից հեռուստառադիոընկերությունների համար եթերավճար վճարելու պարտավորության անմիջական ընդհատումը կարող է անհավասար վիճակ ստեղծել ռադիոհաճախականություն օգտագործող տնտեսավարող սուբյեկտների միջև` խաթարելով սահմանադրական դատարանի որոշման ընդունման պահին վեճի առարկա դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ սահմանադրական դատարանը հեռուստառադիոընկերություններից եթերավճարի գանձման օրենսդրական ներկա կարգավորումն անհարիր համարելով իրավական պետության սկզբունքներին` միաժամանակ ռադիոհաճախականությունների օգտագործման դիմաց վճարելու պարտականությունն ինքնին իրավաչափ է համարում, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53 հոդվածի 3-րդ մասի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2008 թ. դեկտեմբերի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
|