Գլխավոր տեղեկություն
Номер
N ԱԽ-2-Ո-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/17(607)
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
14.03.2008
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
14.03.2008
Дата вступления в силу
14.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ք. Երևան

14 մարտի 2008 թ.

 

N ԱԽ-2-Ո-1

 

ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 12.10.2007 Թ. ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ԼԱԼԱՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Լ. Մեհրաբյանի, Հ. Մովսեսյանի,

Ն. Տավարացյանի, Մ. Սիմոնյանի,

Մ. Մարտիրոսյանի, Տ. Պետրոսյանի,

Ս. Անտոնյանի, Վ. Աբելյանի,

Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

Տ. Բարսեղյանի


մասնակցությամբ


Վ. Լալայանի

քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին քաղաք Երևանում Արդարադատության խորհուրդը քննության առավ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Վազգեն Լալայանի միջնորդությունը` նոր երևան եկած հանգամանքներով Արդարադատության խորհրդի 12.10.2007թ. որոշումը վերանայելու մասին:

Այսպես. 26.09.2007թ. Արդարադատության խորհուրդը, քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի և Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունները` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, 12.10.2007թ. կայացրել է որոշում` դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` դատավոր Վ. Լալայանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 15.10.2007թ. թիվ ՆՀ-243-Ա հրամանագրով դադարեցվել են Վ. Լալայանի` որպես Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

ՀՀ դատական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արդարադատության խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը` նոր երևան եկած հանգամանքներով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է միջնորդությունը ներկայացրած անձը:

Ավելին, նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս Արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքի նորմերին:

Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերը կարող են վերանայվել նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

Նախկին դատավոր Վ. Լալայանն իր միջնորդության մեջ նշել է, որ Արդարադատության խորհուրդը որոշում կայացնելիս և կարգապահական տույժի տեսակը կիրառելիս հիմնականում հաշվի չի առել ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված և ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի համաչափությունը` կատարված կարգապահական խախտումներին, այդ խախտումների հետևանքները, իր անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, ընտանիքի միակ կերակրողը լինելու և իրեն բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը, Խորհուրդը գտնում է, որ Վ. Լալայանի կողմից չի նշվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ նոր երևան եկած հանգամանք, որը հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց կամ այդ հանգամանքը հայտնի է եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չի ներկայացվել դատարան: Վերոնշյալ բոլոր հանգամանքները Խորհրդին հայտնի են եղել որոշում կայացնելու պահին:

Միաժամանակ միջնորդության մեջ բացակայում են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411 հոդվածով նախատեսված՝ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը:

ՀՀ դատական օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Արդարադատության խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Վազգեն Լալայանի միջնորդությունը մերժել` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի 12.10.2007թ. որոշումը թողնել անփոփոխ:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Մարտիրոսյան

Լ. Մեհրաբյան

Հ. Մովսեսյան

Տ. Պետրոսյան

Մ. Սիմոնյան

Ն. Տավարացյան

Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան