ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 104
ԱՆՁԱՆՑ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի համաձայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն՝
1. ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները
2. Հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները՝ դատավարության մասնակիցների դիմումների հիման վրա:
ՀՀ Սահմանադրության (2005 թ. խմբագրությամբ) դատական իշխանությանը նվիրված 6-րդ գլխում հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանի ինստիտուտ նախատեսված չէ: Բացի այդ, լրացել է նաև նշված փաստաբանների հատուկ արտոնագրերի՝ օրենքով սահմանված ժամկետը: Իսկ հատուկ արտոնագրեր օրենքով սահմանված կարգով այլ փաստաբանի տրված չեն:
Վերոգրյալ պատճառներով ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիները և իրավաբանական անձինք չեն կարող լիարժեք օգտվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման պահանջով ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից:
Մինչդեռ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները …, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք», իսկ 13-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք ……»:
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված վերը նշված միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան ՀՀ Սահմանադրության (2005 թ. խմբագրությամբ) մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող երկրորդ գլխում ամրագրված 18-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության (2005 թ. խմբագրությամբ) 6-րդ հոդվածի համաձայն «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն», հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Վճռաբեկ դատարանի կողմից քննության են ենթակա՝
1.1. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ գործին մասնակցող անձանց, գործին մասնակից չդարձած անձանց, վճռաբեկ բողոքները, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված անձանց կողմից վճռաբեկ բողոքները կարող են բերվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակության պահանջներին համապատասխան:
1.2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են հանդիսանում 410-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով գլխավոր դատախազի, նրա տեղակալների և փաստաբանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված վճռաբեկ բողոքի ձևին և բովանդակության պահանջներին համապատասխան ներկայացված վճռաբեկ բողոքը:
3. Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է այն դատական ակտի դեմ, որը բողոքարկման ենթակա չէ, վճռաբեկ դատարանը վերադարձնում է վճռաբեկ բողոքը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
13 հունիսի 2006 թ. |
|