Գլխավոր տեղեկություն
Номер
N 20-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.04.17/11(220) Հոդ.121
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
22.02.2006
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.02.2006
Дата вступления в силу
27.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006095


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 փետրվարի 2006 թ. 
ք. Երևան

N 20-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց շահերի արդյունավետ պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում վեճերի լուծման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ
Ռ. Նազարյան


 

Հավելված

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի փետրվարի 22-ի 
N 20-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ


 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց (այսուհետև` Կողմեր) միջև ծագած վեճերի առիթով նրանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով) դիմելու, Հանձնաժողովի կողմից վեճերը քննարկելու և լուծելու ընթացակարգերը:


 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1  Վեճեր լուծելիս Հանձնաժողովը և Կողմերը ղեկավարվում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ  օրենքներով ու իրավական ակտերով  և սույն կարգով:

1.2  Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու համար:

1.3  Վեճերը լուծելու իր իրավասություններն իրականացնելիս Հանձնաժողովն իր հայեցողությամբ որոշում է վեճի լուծման տարբերակը և Կողմերից բացի այլ շահագրգիռ կողմերի մասնակցության անհրաժեշտությունը:

1.4 Սույն կարգը չի սահմանափակում դատական կարգով վեճերը լուծելու Կողմերի իրավունքը:


 

2. Վեճերի վերաբերյալ դիմումների ընդունումը, քննարկումը և լուծումը

 

2.1  Վեճի վերաբերյալ Հանձնաժողով ներկայացվող դիմումն ստորագրում է այն ներկայացնող Կողմի ղեկավարը (նրա կողմից լիազորված անձը):

2.2 Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) վեճի առարկայի բովանդակությունը, ներառյալ` վեճի լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակագրությունը, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերին, պայմանագրերին կատարված հղումները, որոնք հիմնավորում են բողոքը և Հանձնաժողովի միջամտության անհրաժեշտությունը,

բ) վեճի առարկա հանդիսացող հարցերի ցանկը,

գ) դիմող Կողմի պահանջը,

դ) ապացույցներ առ այն, որ փորձեր են կատարվել համաձայնության գալու վեճի մասնակից  մյուս Կողմի հետ,

ե) բողոքը հիմնավորող գրավոր ապացույցներ, ներառյալ` համապատասխան պայմանագրերի, նամակագրության, նիստերի արձանագրությունների և այլ փաստաթղթերի պատճենները,

զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2.3  Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «գաղտնապահական տեղեկատվություն»: Կողմը պետք է հիմնավորի, որ իր ներկայացրած տեղեկությունների հրապարակումը կարող է վնասել իր գործունեության շահերին: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել տվյալ տեղեկատվությունը չհրապարակելու վերաբերյալ Կողմի խնդրանքը: Մերժման դեպքում Հանձնաժողովը` մինչև տեղեկությունների հրապարակումը, այդ մասին տեղեկացնում է դիմող Կողմին: Տեղեկությունների հրապարակմանը չհամաձայնելու դեպքում դիմող Կողմը կարող է հետ վերցնել վեճի վերաբերյալ իր դիմումը:

2.4  Հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերին պետք է կցվեն նաև դրանց էլեկտրոնային տարբերակները:

2.5  Վեճի վերաբերյալ դիմումը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) մակագրությամբ այն ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում (այսուհետև` Պատասխանատու ստորաբաժանում) ուսումնասիրելու և քննարկման նախապատրաստելու համար: Հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը) Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է համակարգող:

2.6  Վեճի վերաբերյալ դիմումը մուտքագրվելու պահից 10 օրվա ընթացքում Հանձնաժողովը պարտավոր է ծանուցել Կողմին (որի դեմ ներկայացվել է բողոքը) և պահանջել, որ վերջինս Հանձնաժողովի սահմանած ժամկետում ներկայացնի իր հիմնավորումները և ապացույցները վեճի առարկայի վերաբերյալ:

2.7 Վեճի առարկայի վերաբերյալ Կողմի (որի դեմ ներկայացվել է բողոքը) հիմնավորումները և ապացույցները Հանձնաժողով մուտքագրվելուց հետո 10 օրվա ընթացքում Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը Կողմերին գրավոր տեղյակ է պահում Հանձնաժողովում վեճի քննարկման ժամկետի մասին:

2.8  Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը Կողմերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացնելու ժամանակը չի ներառվում սույն կարգի 2.6. և 2.7. կետերում սահմանված ժամկետներում:

2.9  Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է քննարկում Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ (առաջին քննարկում): Առաջին քննարկմանը Կողմերից որևէ մեկի չներկայանալու դեպքում քննարկումն իրականացվում է առանց նրա ներկայության:

2.10  Սույն կարգի 2.9 կետը չի սահմանափակում Կողմերից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու Հանձնաժողովի իրավունքը:  

2.11  Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) կամ համակարգող հանձնաժողովի անդամի համաձայնությամբ, կարող է հրավիրել անկախ փորձագետների և խորհրդատուների:

2.12  Առաջին քննարկման ժամանակ վեճի լուծման դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է վեճի քննարկումը:

2.13  Առաջին քննարկման ընթացքում վեճի չլուծման դեպքում Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը Հանձնաժողովի համակարգող անդամի համաձայնությամբ ընտրում է վեճի լուծման հետևյալ տարբերակներից մեկը`

ա) Կողմերի միջև բանակցություններ,

բ) լսումներ:

2.14  Առաջին քննարկման ժամանակ համաձայնության չհանգելու դեպքում Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը վեճի լուծման ընտրված տարբերակի մասին գրավոր հայտնում է Կողմերին առաջին քննարկման ավարտման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

2.15  Կողմերի միջև բանակցությունների միջոցով վեճի լուծման գործընթացը պետք է ավարտվի առաջին քննարկման ավարտման օրվանից 30 օրվա ընթացքում:

2.16  Կողմերի միջև բանակցությունների միջոցով վեճի լուծման արդյունքների մասին Կողմերը Հանձնաժողովին գրավոր տեղեկացնում են սույն կարգի 2.15 կետում նշված ժամկետը լրանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կողմերի միջև բանակցությունների միջոցով վեճի լուծման դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է վեճի քննարկումը:

2.17  Բանակցությունների միջոցով վեճերի լուծման բացասական արդյունքի դեպքում Հանձնաժողովը վեճը լուծում է լսումների միջոցով:

2.18  Լսումների միջոցով վեճեր լուծելիս Հանձնաժողովը որոշում է ընդունում վեճի վերաբերյալ դիմումը Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից 120 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում սույն կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել:

2.19  Փոխկապակցման առնչությամբ վեճերի վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման և լուծման առանձնահատկությունները սահմանվում են սույն կարգի 3-րդ գլխում:


 

3. Փոխկապակցման առնչությամբ վեճերի վերաբերյալ դիմումների ընդունումը, քննարկումը և լուծումը

 

3.1  Այն դեպքերում, երբ փոխկապակցման տրամադրման բանակցությունները Կողմերի միջև դրանց սկսման պահից երկու ամսվա ընթացքում չեն հանգեցնում համաձայնության կամ, եթե համաձայնության հասնելուց հետո վեճ է ծագում, այն լուծելու համար Կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր դիմել Հանձնաժողով:

3.2  Վեճի վերաբերյալ գրավոր դիմում ստանալու պահից Հանձնաժողովը պարտավոր է 10 օրվա ընթացքում այդ մասին ծանուցել մյուս Կողմին և պահանջել, որ վերջինս ներկայացնի վեճի առարկա հանդիսացող փոխկապակցման պայմանները:

3.3  Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, Հանձնաժողովից նշված պահանջն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր բացատրություն:

3.4  Հանձնաժողովը բավարարում է կամ մերժում է դիմումը այն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում:

3.5  Եթե Հանձնաժողովը բավարարում է այդ բողոքը, ապա հանձնարարում է Կողմին (որի դեմ ներկայացվել է բողոքը)` անհապաղ փոփոխել վիճելի պայման պարունակող փոխկապակցման պայմանագրերը և առաջարկները: Բացառիկ դեպքերում Հանձնաժողովն իրավասու է հանձնարարել, որ փոփոխություններ կատարվեն արդեն իսկ կնքված փոխկապակցման պայմանագրերում, եթե դա հիմնավորվում է արդյունավետ մրցակցություն կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների համատեղ աշխատունակություն ապահովելու անհրաժեշտությամբ: Հանձնարարականը պետք է կատարվի անհապաղ: Հանձնարարականի բողոքարկումը չի կարող կասեցնել դրա կատարումը:

3.6  Հանձնաժողովը կարող է հրաժարվել տվյալ վեճը լուծելուց, եթե վեճի մասնակիցներից ոչ մեկը գերիշխող օպերատոր չէ:

3.7  Սույն գլխի դրույթները չեն սահմանափակում փոխկապակցման պայմանագիր կնքած օպերատորի իրավունքը` վիճարկելու կամ բողոքարկելու փոխկապակցման դրույքաչափերը կամ պայմանները` այդ մասին դիմում ներկայացնելով Հանձնաժողով:


 

4. Վեճերի լուծման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների բողոքարկումը

 

4.1  Հանձնաժողովի որոշման արդյունքում տուժած Կողմերը իրավասու են  որոշման հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացնել Հանձնաժողով` որոշումը վերանայելու խնդրանքով:

4.2  Սույն կարգի 4.1 կետի համաձայն միջնորդագիր ստանալու դեպքում Հանձնաժողովը կարող է կարգադրել, որ խնդրո առարկա որոշումը գործողության մեջ չմտնի հարցի վերանայումը և դրա վերաբերյալ լրացուցիչ որոշման ընդունումը: Եթե նման կարգադրություն չի արձակվում, ապա որոշումը շարունակում է գործել:

4.3 Հանձնաժողովը պարտավոր է վերանայման միջնորդագիրն ստանալուց  հետո 180 օրվա ընթացքում հաստատել, փոփոխել կամ ուժը կորցրած ճանաչել իր որոշումը կամ դրա ցանկացած մասը: