ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունվարի 2002 թվականի |
թիվ 28 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունվարի 23-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրների ցանկը հաստատելու մասին» թիվ 16 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ներկայացրած «2001 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրների կատարման վերաբերյալ» տեղեկանքը (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և բանկային վիճակագրության ձեռնարկը»:
3. Սույն որոշումը ուժի մեջ է ընդունման պահից:
ՏԵՂԵԿԱՆՔ
2001 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Առևտրային բանկերի հաշվապահական հաշվառման պլանի կատարելագործում:
Առևտրային բանկերի հաշվապահական հաշվառման նոր պլանի նախագիծը քննարկելիս` մեր ստորաբաժանումը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են: Ըստ բանկերի նոր հաշվային պլանի, բոլոր էական հաշիվները դասակարգված են ըստ ռեզիդենտության և տնտեսության հատվածների:
2. Պատրաստել ՀՀ դրամավարկային և բանկային վիճակագրության ձեռնարկ:
Ձեռնարկի նախնական տարբերակը պատրաստ է և քննարկվում է դրամավարկային քաղաքականության դեպարտամենտում:
3. Բոլոր դրամավարկային հաշիվները, ներառյալ միջազգային պահուստները և պարտավորությունները, կազմել հաշվեգրման սկզբունքի հիման վրա:
Միջազգային պահուստների և կառավարության զուտ պահանջների հաշվեգրման սկզբունքով հաշվարկը կատարվել է և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
4. Ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների համար հաշվետվական ձևերի ներդնում:
Տվյալ խնդրի իրականացումը նախատեսվում է հինգ տարվա ընթացքում:
2001 թվականի երկրորդ կիսամյակում կատարվել են հետևյալ աշխատանքները.
ա) կազմվել և ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատվել է այդ կազմակերպությունների ամփոփ հաշվեկշռային ցուցանիշերի ֆորմատը:
բ) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ տեղեկատվության փոխանակման կարգի նախագծում նախատեսվել է պարբերաբար տեղեկատվություն ստանալ գրավատների և ապահովագրական ընկերությունների վերաբերյալ:
գ) առևտրային բանկերի հաշվապահական հաշվառման նոր պլանում փոփոխություններ են կատարվել, որի արդյունքում ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների վարկային և ավանդային հաշիվները պետք է առանձին հաշվառվեն, որը թույլ կտա անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ ՀՀ ֆինանսական համակարգի ամփոփ հաշվեկշռային ցուցանիշերի կազմման համար:
5. Միջին կշռված տոկոսադրույքների հրապարակումից անցնել տոկոսադրույքների հավաքագրման և հրապարակման` համաձայն ԱՄՀ-ի մեթոդոլոգիայի:
Խնդրի իրականացումը կապված է ՀՀ ֆինանսական շուկաների զարգացման հետ: Ինչպես և նախատեսվում էր ՏՏԸՀ-ի անդամակցության շրջանակներում ՀՀ ԿԲ խնդիրներով, ֆինանսական շուկաների զարգացման ներկա մակարդակը դեռևս թույլ չի տալիս նշված խնդիրն իրականացնել: Այնուհանդերձ, այս հարցի հետ կապված կատարվել են հետևյալ աշխատանքները.
ա) ՀՀ առևտրային բանկերի շրջանում հարցում է անցկացվել` տվյալ խնդրի հետ կապված վերջիններիս դիրքորոշումը պարզելու և ֆինանսական շուկան առավել օբյեկտիվ ձևով բնորոշող գործիքները, ինչպես նաև դրանց տոկոսադրույքների օպտիմալ հաշվման մեթոդները որոշելու նպատակով:
բ) առևտրային բանկերի ավանդային և վարկային գործարքների տոկոսադրույքների վիճակագրության օբյեկտիվության բարձրացման նպատակով թիվ 17 հաշվետվությունը առաջարկել ենք նոր ձևով ամփոփել, որտեղ առանձին գործիքների միջին ամսական տոկոսադրույքներից բացի, նպատակահարմար ենք գտնում ներկայացնել նաև ամսվա ընթացքում առավելագույն և նվազագույն տոկոսադրույքները:
6. Կատարելագործել ֆինանսական ածանցյալների հաշվառումը:
ՏՏԸՀ-ի անդամակցության շրջանակներում ՀՀ ԿԲ խնդիրներով նախատեսվում էր, որ ՀՀ ֆինանսական ածանցյալների շուկաները դեռևս այն աստիճան զարգացած չեն լինի միջազգային հաշվապահական ստանդարտներին համապատասխան հաշվառում իրականացնելու համար: Հիմնականում այդ պատճառով առևտրային բանկերի հաշվապահական հաշվառման նոր պլանի նախագիծը ընդունելիս այս հարցը քննարկվեց և դեռ վաղ համարվեց ֆինանսական ածանցյալները բանկերի հաշվեկշռում հաշվառել:
7. ԿԲ-ի վիճակագրական տվյալների բանկի կազմում:
Ծրագրով այս խնդրի իրականացումը նախատեսվում է 3 տարվա ընթացքում ավարտել: Խնդիրը կատարվելու է ՀևԲՏԶ դեպարտամենտի հետ համատեղ: Նախատեսվում է ոչ միայն ստեղծել տվյալների շտեմարան, այլև հնարավոր առավելագույն ձևով ավտոմատացնել տվյալների հավաքագրումը և կազմումը: Մեր ստորաբաժանման և ՀևԲՏԶ դեպարտամենտի մասնագետները մի շարք հանդիպումներ են ունեցել, որտեղ ներկայացվել է տվյալների բանկի ցանկալի կառուցվածքը և ֆունկցիաները: ՀևԲՏԶ դեպարտամենտի մասնագետներին տրամադրվել են բոլոր համապատասխան մուտքային տվյալները, որոնք մանրամասնորեն ուսումնասիրել են ներկա տվյալների բանկի կառուցվածքը, տվյալների մուտքագրման և պարբերական հաշվետվությունների կազմման սկզբունքները:
8. Միջազգային պահուստների վերաբերյալ տվյալները հաշվարկել և հրապարակել համաձայն SDDS-ի մեթոդոլոգիայի և սահմանումների:
Մանրամասնորեն ուսումնասիրվել է Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության տվյալների ներկայացման օրինակը: Ներկայումս, ըստ SDDS-ի ստանդարտների, զուտ արտաքին պահուստների հաշվարկման համար անհրաժեշտ են տվյալներ կառավարության, մինչև 1 տարի մարման մնացորդային ժամկետ ունեցող պարտավորությունների, երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների վերաբերյալ: Կառավարության հետ տեղեկատվության փոխանակման կարգի նախագծում մտցված են այս պահանջները: Տվյալ կարգի ընդունումից հետո կկատարվի զուտ արտաքին պահուստների փորձնական հաշվարկումը SDDS-ի չափանիշերին համապատասխան:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|